![](https://orer.eu/wp-content/uploads/2022/11/ruben-vardanyan-1.jpg)
«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին պատասխանում է «Ապագա Հայկականը» և «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը
-«Ապագա Հայկականը» համաժողովի ողջույնի Ձեր խոսքում նշեցիք, որ այսօր լուրջ մարտահրավերներ ունենք։ Որո՞նք են այդ մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։
-Այս պահին ողջ հայկական աշխարհի համար ամենալուրջ մարտահրավերն Արցախի ճակատագրի ու Արցախի ապագայի հարցն է, Արցախը հայկական պահելը, քանի որ առանց Արցախի վտանգված է հայկական պետականության գոյությունը: Մեր առջև հիմա մեր ազգային արժանապատվությանը, մեր հայկական ԴՆԹ-ն պահպանելու խնդիրն է, պատմական ու ճակատագրական պահ է: Բազմիցս ասել եմ, որ մենք հիմա նոր Սարդարապատի առջև ենք: Լուծումն էլ նույնն է, ինչ այն ժամանակ էր, համախմբվել, մի բռունցք դառնալ: Երբ Արցախի բնիկ հայությունը էթնիկ զտման առջև է, երբ 120 հազար հայ, որոնց մեջ, 30 հազար երեխա, 120 օրից ավելի շրջափակման մեջ են, դա միայն արցախահայության հարց չէ, դա ողջ հայության հարցն է:
-Համաժողովում քննարկված նպատակները ինչպե՞ս կարելի է կյանքի կոչել, եթե նախաձեռնությունը չունի ո՞չ քաղաքական, ո՞չ պետական և ո՞չ էլ այլ ազդեցիկ լծակներ։ Արդյո՞ք միայն հասարակական նախաձեռնության ներուժը բավարար է նման մակարդակի ծրագրերի իրականացման համար։
-Ոչ միայն պետք չէ թերագնահատել հասարակական նախաձեռնությունների ներուժը, այլև պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման հանրային նախաձեռնությունները շատ լինեն, ազդեցիկ դառնան և մղեն գործողությունների: Մարտին Երևանում անցկացված ՙԱպագա Հայկականի՚ համաժողովը լայն ընդգրկվածություն ուներ, տարբեր մասնագիտական խմբերում շատ խորքային քննարկումներ են եղել, որոնք վերածվելու են ծրագրերի: Այդ քննարկումներն ու գաղափարներն են նաև հիմք դարձել մի շարք կոնկրետ ծրագրերի համար, որոնք հիմա իրականացնում ենք «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմիցª նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այնպես որ, վստահ եմ, որ անտարբեր չլինելու և համառ աշխատանքի պարագայում հանրային նախաձեռնությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ:
– Մասնակիցների մոտ 94 տոկոսը քվեարկել էր, որ Արցախը 10 միլիոն հայության խնդիրն է։ Դուք արդեն 120 օրից ավելի լինելով շրջափակված Արցախում, զգո՞ւմ եք, որ այն իրոք 10 միլիոնի խնդիրն է, և ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան այն պարագայում, երբ աստիճանաբար օղակը սեղմվում է, և ոչ մի առաջխաղացում չի ուրվագծվում։
-Առաջին հերթին, ես հավատում եմ Արցախի ապագային, հավատում եմ, որ մեր կամքով, ոգով ու համառությամբ կարող ենք լուրջ հաջողությունների հասնել: Ու սրանք պարզապես խոսքեր չեն, սա իրականություն է: Հաջողության հասնելու համար մենք ամբողջությամբ, մեր բոլոր հնարավորությունների չափով պետք է ներդրվենք: Ինձ վերջերս շատ են այդ հարցը տալիս ու իմ պատասխանը մեկն է. եթե անգամ հաջողության հասնելու մեր շանսը ընդամենը մի քանի տոկոս է, միևնույն է, դա ավելին է, քան զրոն: Ու մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ օգտագործելու համար այդ թեկուզ փոքր, բայցª շանսը: Այո, ռիսկը շատ մեծ է, բայց չանելը անթույլատրելի է, քանի որ հետևանքները կարող են լինել ճակատագրական մեր պետականության համար:
Հարցազրույցը լույս է տեսել 2023 թվականի մայիսին ՕՐԵՐ ամսագրի հատուկ համարում՝ նվիրված ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությանը։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
![](https://orer.eu/wp-content/uploads/2023/04/Orer-obalka-1-2023-internet.jpg)