«Լեհահայերը միշտ կանգնած են եղել լեհ ժողովրդի կողքին». Լեհաստանի սփյուռքի հարցերով պետքարտուղար

  • 16.05.2023
  • 0
  • 69 Views

Մայիսի 16-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը:

Շնորհակալություն հայտնելով լեհ գործընկերոջը Հայաստան այցելության համար՝ Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և աշխատանքի հիմնական ուղղություններրը: «Մեր առաջնահերթություններն են Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը և հայրենադարձության գործընթացի խրախուսումը: Մենք մշակում և իրականացնում ենք Հայաստան-սփյուռք ռազմավարությունը, սպասարկում հայրենադարձներին, ստեղծում հայրենադարձության ենթակառուցվածքներ, իրագործում սփյուռքի ներուժի ներգրավմանը, երիտասարդների ակտիվացմանը միտված մի շարք ծրագրեր»,-նշել է Զարեհ Սինանյանը:

«Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Մենք հպարտ ենք այն մեծ պատմությամբ, որ հայ համայնքն ունի Լեհաստանում: Նրանք միշտ կանգնած են եղել լեհ ժողովրդի կողքին»,-ընդգծել է Յան Ջիեջիչակը:

Ներկայացնելով լեհական սփյուռքի պատմությունը՝ պետքարտուղարը նշել է, որ այժմ ավելի քան 20 միլիոն լեհ է ապրում Լեհաստանի սահմաններից դուրս, որոնց մեծամասնությունը գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Կանադայում, Անգլիայում, Լիտվայում, Բելառուսում և այլուր: Պետքարտուղարը մանրամասն ներկայացրել է պետության կողմից լեհական սփյուռքի համար իրականացվող ծրագրերը և ֆինանսավորումը, որոնք ունեն կրթական, մշակութային, ճանաչողական և այլ ուղղություններ: Նա նշել է, որ լեհական սփյուռքում գործում է 1300 դպրոց, որոնց պետությունը փորձում է հնարավորինս աջակցել, ապա անդրադարձել է հայրենադարձության գործընթացին:

«Հայրենադարձության գործընթացը մեզ համար ևս առանջահերթություն է: Մենք մշտապես կոչ ենք անում մեր լեհ հայրենակիցներին հպարտ լինել իրենց արմատներով, հայրենիքով և մշակույթով»,-շեշտել է Յան Ջիեջիչակը՝ ներկայացնելով Լեհաստանի կողմից հայրենադարձների տրամադրվող աջակցության ձևերը, քաղաքացիություն ստանալու գործընթացը:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նաև Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին՝ գրասենյակի և լեհահայ համայնքի միջև կամուրջ հանդիսանալու և ակտիվ գործունեության համար:

Պետքարտուղարն իր հերթին Գլխավոր հանձնակատարին հրավիրել է Լեհաստան:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում