Հայոց ցեղասպանության ոգեկոչում Ֆրանսիայում. բազմաթիվ միջոցառումներ տարբեր քաղաքներում

  • 27.04.2023
  • 0
  • 390 Views

Ապրիլի 24-ին Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ, Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվեց Սուրբ պատարագ։

Պատարագին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայեանի, Ֆրանսիայի Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը, Ֆրանսիայի քահանաների համաժողովի գլխավոր քարտուղար Հայր Հյուգ դը Վուալմոնտը, քույր եկեղեցիների քահանաներ, Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդներ։

Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի հանդիսավոր արարողություն։

Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեցին ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը և հանրային հաշիվների հարցերով լիազոր նախարար Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։

Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Հիդալգոն և ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, քաղաքապետեր և դեսպաններ։

Պաշտոնական արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթ՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։

#ArmenianGenocide108

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին և ի աջակցություն ու համերաշխություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի:

Համաժողովի բանախոսների շարքում էին հեղինակավոր պատմաբան, ցեղասպանագետ Վենսան Դյուկլերը, Փարիզի Քաղաքական գիտությունների Սիանս-Պո համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Էնսելը, հայտնի ֆրանսահայ պատմաբան Ռեյմոն Գևորգյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և այլք:

Համաժողովի ավարտին եզրափակիչ ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Կլոր սեղանի շուրջ քննարկման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց Հայոց ցեղասպանության անպատժելիության և ներկայումս Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակի պատճառահետևանքային կապը։ Շեշտվեց, որ թե՛ Հայոց ցեղասպանության և թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի 120 հազար հայ բնակչության շրջափակման հիմքում հայ ժողովրդի հանդեպ իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությունն է։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրեց, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Համաժողովին ներկա էին բազմաթիվ խորհրդարանականներ, օտարերկրյա դեսպաններ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման պատարագ Փարիզի Մադլեն եկեղեցում

Ապրիլի 23-ին Փարիզի ամենաբանուկ հատվածների մեկում գտնվող Մադլեն եկեղեցում տեղի ունեցավ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման ավանդական պատարագ:

Հայկական ծիսակարգով պատարագը համատեղ մատուցվեց Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայեանի, Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Փարիզի արքեպիսկոպոս Լորան Յուլրիշի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսիայի Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանի, ինչպես նաև քույր եկեղեցիների քահանաների կողմից:

Ոգեկոչման պատարագին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ կրոնական հարցերով խորհրդական Ժան-Քրիստոֆ Պոսելը, ֆրանսիացի մտավորական գործիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ, ֆրանսահայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ, հավատավորներ:

Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետարանի դիմաց, այունահետև քաղաքապետարանի բակում տեղադրված Զոհերի հուշատախտակի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այդ կապակցությամբ Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետարանի ճակատամասում՝ Ֆրանսիայի և Եվրոպայի դրոշների կողքին ծածանվում էր նաև Հայաստանի Հանրապետության դրոշը։

Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆրուա Բուլարը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Աստրիդ Փանոսյանը, Կարոլին Յադանը, սենատոր Կատրին Դյուման, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ Բրիժիտ Կյուստերը, Ժան-Դիդիե Բերտոն, Փարիզի 17-րդ շրջանի ավագանու անդամներ։ Վերջիններս ծաղկեպսակներ խոնարհեցին Զոհերի հուշատախտակի առջև, ելույթներով հանդես եկան դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆրուա Բուլարը։

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆրուա Բուլարին, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը բարձր մակարդակով ոգեկոչելու, ինչպես նաև հարյուրավոր ֆրանսիացի քաղաքական գործիչների կողքին, հայ ժողովրդի հանդեպ համերաշխություն և սատարում դրսևորելու, Հայաստանի, Արցախի դեմ դժվարին մարտահրավերների, 130 օր ի վեր շրջափակման մեջ գտնվող արցախայությանն էթնիկ զտման ենթարկող Ադրբեջանի բռնարարքների մասին մշտապես ահազանգելու համար։

Արարողությանը հրավիրված էր նաև Փարիզի 17-րդ շրջանի ավագ դպրոցներից մեկի 16-ամյա ուսանող Օգյուստեն Բատայը, ով Հռետորության մրցույթում Գլխավոր մրցանակի էր արժանացել՝ ի պաշտպանություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի իր ելույթի համար։ Վերջինս ճարտասանական մեծ վարպետությամբ ներկայացրեց Հայաստանին և Արցախին անհապաղ օգնության ձեռք մեկնելու իր կոչը՝ արժանանալով ներկաների բարձր գնահատականին և բուռն ծափահարություններին։

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունն ավարտվեց դպրոցահասակ շեփորահարների կատարմամբ հնչած Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգներով։

Միջոցառմանը ներկա էին նաև Ցեղասպանությունների հիշատակի ասոցիացիաների ակտիվիստներ, ֆրանսահայ վետերանների ասոցիացիաների անդամները, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ:

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Կլիշի քաղաքի` Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Կլիշի քաղաքային խորհուրդը՝ Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ։

Միջոցառմանը ներկա էին Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մուզոն, Կլիշիի առաջին փոխքաղաքապետ Ստեփան Կոշպենը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հուշաքարի մոտ ծաղկեպսակների խոնարհման հանդիսավոր արարողությունից հետո հնչեցին Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները՝ հայտնի ջութակահարներ Դավիթ Հարությունյանի և Միքայել Հախնազարյանի կատարմամբ։

Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մուզոն և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը։

Ապրիլի 23-ին Ֆրանսիայի Պլեսի-Ռոբենսոն (Plessis-Robinson) քաղաքում` հայ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի արձանի առջև՝ հայկական խաչքարի հարևանությամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի հանդիսավոր արարողություն՝ Պլեսի-Ռոբենսոնի քաղաքապետ Ժակ Պերենի, սենարոր Ֆիլիպ Պեմեզեկի, քաղաքային խորհրդի անդամների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ծաղկեպսակներ խոնարհեցին քաղաքապետ Ժակ Պերենը, սենատոր Ֆիլիպ Պեմեզեկը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը։ Հերոս Անդրանիկ Օզանյանի արձանի առջև ծաղկեպսակներ խոնարհվեցին նաև տեղի հայկական ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչների կողմից։

Արարողությանը հնչեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Միջոցառմանը ներկա էին ֆրանսահայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ, ֆրանսահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև Նուռ վարժարանի սաները:

Սարսել քաղաքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 23-ին Ֆրանսիայի Սարսել (Sarcelles) քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի ունեցան ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Արարողություններին ներկա էին Ֆրասիայի Ազգային Ժողովի՝ Վալ-դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավորներ Դոմինիկ Դա-Սիլվան և Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Սարսել քաղաքի հայ առաքելական և ասորական եկեղեցիների հոգևոր հայրերը, համայնքային և հոգևոր կառույցների, հայ և ասորական համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառումների ավարտին ելույթներով հանդես եկան պատգամավոր Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, ինչպես նաև համայնքային և հոգևոր կառույցների մի շարք ներկայացուցիչներ։

Ապրիլի 22-ի երեկոյան Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի ունեցավ «Հայկական ոգին» («Âmes arméniennes») խորագրով խորհրդանշական և բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Համերգը կազմակերպվել է Վերսալի արքայական պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։

Լեփ-լեցուն մատուռում՝ բազմահազար հանդիսատեսների առջև ելույթ ունեցան Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ Ստեֆան Պլևնիակի ղեկավարությամբ, «Սուրբ Խաչ» երգչախումբը՝ Շահե Քեշիշյանի խմբավարությամբ, ինչպես նաև տաղանդաշատ հայ քանոնահար Նարեկ Կազազյանը, միջազգային հռչակ վայելող ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար՝ դուդուկահար, շվիահար Հելբերտ Ասատրյանը։ Վերջիններս կատարեցին հայ հոգևոր երաժշտության գոհարները, դրանց թվում՝ Մաշտոցյան շարականները, Կոմիտասի հայկական ժամերգության, ինչպես նաև Սայաթ Նովայի գուսանական արվեստի մշակումները և 19-20-րդ դարերի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, եվրախորհրդարանի անդամներ, քաղաքապետներ, մտավորականներ, հասարակական, գործիչներ, ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։

«Հայկական ոգին» խորագրով համերգը, հայ երաժշտարվեստի գոհարները Վերսալում անցյալ տարի մեծ հաջողությամբ ներկայացրած անդրանիկ համերգի օրինակով, արժանացավ հանդիսատեսի երկարատև ծափահարություններին և ջերմ ընդունելությանը։

Վերսալի պալատի արքայական մատուռում երկրորդ անգամ կազմակերպվող համերգի առաջացրած բարձր գնահատականն ու լայն արձագանքը հաշվի առնելով՝ Վերսալի արքայական պալատը մտադիր է ավանդույթի վերածել Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները։

Փարիզի Հաղթանակի կամարի Հավերժական կրակի բորբոքման արարողություն` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանի, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբի նախագահ Էրվե Մարսելի, խորհրդարանականների, Փարիզի շրջանի քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերին:

#ArmenianGenocide108

Ապրիլի 22-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» կրթական հաստատության բակում տեղակայված Խաչքարի առջև Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառմանը, որը կազմակերպել էր Ռենսիի քաղաքապետարանը՝ «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի հետ համատեղ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի քաղաքապետի ներկայացուցիչ Կատիա Կոպպին, Սեն-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի անդամ Ֆիլիպ Դալիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ռենսիի և Պավիյոն-սու-Բուայի քաղաքային խորհրդի անդամները, «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։

Ելույթներով հանդես եկան Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի նախագահ Աղավնի Սարիկայան։

Երաժշտական կատարումներով հանդես եկան «Դպրոցասեր»-ի սաները։

Ապրիլի 22-ին Փարիզի մերձակա Լիլա (Les Lilas) քաղաքում` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Սեն-Սեն-Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, քաղաքային խորհրդի անդամ Քրիստիան Լագրանժի, նահանգային և տեղական իշխանությունների, «ԱՆԻ ֆրանսահայ համայնքային կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Իր խոսքում դեսպանն ընդգծեց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման և միջազգային ճանաչման կարևոր դերակատարությունը՝ որպես մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման և անպատժելիության դեմ պայքարի լավագույն միջոց։ Այս համատեքստում, անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությանը, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքի արգելափակումն է, որի հետևանքով շուրջ 131 օր շարունակ Արցախի 120,000 բնակչությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ծաղկեպսակներ խոնարհեցին Սեն-Սեն-Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթը, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը, ֆրանսահայ ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։

Արարողությանը ծաղկեպսակներ զետեղեցին նաև Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի անուններից:

Միջոցառմանը հնչեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ապրիլի 21-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։ Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի առաջին փոխնախագահ Ռոժե Կառուչին, Կլամարի քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։ Ծաղկեպսակներ խոնարհվեցին նաև Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի, Օ-դը-Սեն դեպարտամենտի պրեֆեկտուրայի ղեկավար Լորան Օտիոյի անուններից։ Հոգևորականների կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ելույթներով հանդես եկան Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները, Կլամարի բնակիչները։

ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱՎԱՐՇ ԵՎ ԱՐՓԻԿ ՄԻՍԱԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Ապրիլի 21-ին` Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շրջանակներում, Փարիզում բացվեց Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր, նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան հրապարակ։Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Հիշատակի և վետերանների հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում զգալի ներդրում ունեցող, ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնը։ Արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, Փարիզի 9-րդ շրջանի փոխքաղաքապետ Ժան-Պիեռ Պլանյարը, Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանը, մի շարք ասոցիացիաների ներկայացուցիչներ։
Իր ելույթում Հայաստանի դեսպանը նշեց, որ Շավարշ և Արփիկ Միսակյանների անվան հրապարակը բացվում է Փարիզի պատմական հայկական թաղամասի սրտում, որն իր կենսունակությամբ 1920-ական թվականներից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել հայ մտավորականների նոր սերնդի ի հայտ գալու գործում, որոնց թվում են եղել հայր և դուստր Միսակյանները։ Դեսպանն ընդգծեց նաև այն կարևոր նշանակությունը, որ «Յառաջը»՝ որպես Ֆրանսիայի առաջին հայալեզու օրաթերթ, ունեցել է Ֆրանսիայի հայ համայնքի միասնականության ապահովման և նրանց կրթելու համար։ Նա խորհրդանշական համարեց նաև, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությունն իրականացվում է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների շրջանակներում, քանի որ Ֆրանսիայում ցեղասպանություն բառն առաջին անգամ լատինատառ գրվել է «Յառաջ» օրաթերթում։ Արարողության ավարտին Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին և Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում