
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը
Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը,
Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում,
Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ,
Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից,
Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝
Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ.
Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները։
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին անցագրային կետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը կստեղծի բոլոր պայմանները Լաչինի ճանապարհով հայերի տեղաշարժի համար»։
«Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այս լրացուցիչ միջոցառման շրջանակում, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից անվտանգության երաշխիք է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի համար, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների՝ այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնակարգված անցման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ հաղորդագրությամբ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «վերահսկողության տվյալ մեխանիզմն իրականացվելու է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ»։
ORER.EU