Խաչքարի օրհնություն եւ օծում Կոպենհագենում. բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների

  • 23.04.2023
  • 0
  • 84 Views

Ապրիլի 22-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ձեռամբ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի տեղի ունեցավ հայկական Խաչքարի օրհնության և օծման արարողությունը։ Խաչքարը կանգնեցվել է Կոպենհագենի Տրինիտատիս եկեղեցու բակում՝ ի հիշատակ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի և Հայոց Ցեղասպանության նահատակների։ Սռբազան Հայրը ապրիլի 20-23-ը հովվական այցով գտնվում էր Դանիայի Հայոց հովվությունում։ Այս մասին հայտնում է Դանիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս Հովհաննիսյանը։

Խաչքարի բացման արարողությունը ներկա էին Սկանդինավյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Ալեքսանդր Արզումանյանը, Դանիայում ՀՀ պատվո հյուպատոս Տիար Արթուր Կարապետյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Տիար Էդմոն Մարուքյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիար Արսեն Թորոսյանը, Դանիայի եկեղեցական հարցերով նախարար Տիկին Լուիզա Սշաք Էլհօլմը, դանիական եկեղեցուց հոգևորականներ, հյուրեր, հայ համայնքի անդամներ։

Իր օրհնության խոսքում Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց Խաչքարի մշակութային յուրահատկությունն ու հոգևոր խորհուրդը։ Անդրադարձավ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին, ով Հայոց Մեծ Եղեռնի օրերին հերոսաբար հանձն է առնում Պատմական Հայաստան մեկնելու փրկարար առաքելությունը, ինչպես նաև Քարեն Եփփեյին: Նրանց հաջողվում է հավաքել, վերահաս մահվանից փրկել հազարավոր որբերի ու կանանց, խնամել ու հոգ տանել նրանց։ «Արցունքի ու արյան երկրում նրանք մահվանից փրկեցին ու ապրեցրին հարյուրավոր վիրավորների, հազարավոր որբերի ու կանանց։ Նրանք անձնազոհաբար հայտնվեցին սարսափելի իրադարձությունների կենտրոնում, և համատարած մահվան, խավարի, ատելության ու արյան ծովում վառեցին ու ցոլացրին կյանքի, լույսի ու սիրո ճրագը»,- նշեց Սրբազան Հայրը իր խոսքում։

Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց պատկան մարմիններին ու բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն ու աջակցությունը ցուցաբերեցին Խաչքարի տեղադրման հետ կապված բոլոր հարցերում։

Հաջորդ օրը՝ Ապրիլի 23-ին, Ղպտի Ուղղափառ Սուրբ Մարիամ և Սուրբ Մարկոս եկեղեցում հանդիսապետությամբ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպս․ Պետրոսյանի կատարվեց ԲԱՐԵԽՈՍԱԿԱՆ ԿԱՐԳ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում