Կյանքին հրաժեշտ տվեց հայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Երվանդ Ազատյանը

  • 26.03.2023
  • 0
  • 1146 Views

Մարտի 25-ին  Միացյալ Նահանգներում կարճատեւ հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց  հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ 88-ամյա Երվանդ  Ազատյանը։ Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում։

Տաղանդավոր քաղաքագետի ու գրականագետի, հրապարակախոսի, խմբագրի, հասարակական գործչի կորուստը զգալի է ողջ Հայկական աշխարհի համար։

Նրա ավանդը մեծ է ոչ միայն սփյուռքահայության, այլեւ  Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման գործում։ Մոտ 25 տարի լինելով ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, նա անգնահատալի աշխատանք է տարել սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում, 1990ականների  առաջին ծանր տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տրվեց Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին։  Հետագա տարիներին ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա  շոշափելի ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում։

Տասնամյակներ շարունակ Երվանդ Ազատյանի սուր ու  արհեստավարժ գրիչը հետեւել է հայկական աշխարհի ամենակարեւոր, ամենամտահոգիչ ու արդիական թեմաներին, նրա հայերեն եւ անգլերեն  վերլուծությունները տպագրվել են  «Պայքար», «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» եւ  «Ազգ» թերթերում, որոնց ընտրանին լույս է տեսել  նաեւ առանձին գրքերով՝ դառնալով վերջին 40 տարիների հայկական սփյուռքի եւ Հայաստանի անցուդարձի կարեւոր վավերագրերից մեկը։ Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին դիպուկ ու ազդեցիկ հոդվածները միշտ առանձնացրել են Ազատյան հոդվածագրին իրենց շահեկանությամբ եւ օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու եւ դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ։

Գրականագիտական մեծ արժեք են ներկայացնում նրա գրաքննադատական հոդվածները արեւմտահայ գրականության դասականների, ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին, որոնք մեծ հետք  են թողել  ժամանկակից հայ գրականության զարգացման ասպարեզում։

Իհարկե, չենք կարող չնշել նաեւ Ռամկավար-Ազատական կուսակցության մեջ նրա ունեցած դերն ու կատարած կարեւոր աշխատանքը։ Անուրանալի է նրա ներդրումը «ԱԶԳ» օրաթերթի ստեղծման եւ կայացման գործում, ոչ միայն իբրեւ համահիմնադիր, այլեւ որպես սրտացավ բարեկամ եւ սյունակագիր։

Երվանդ Նազարաթեի Ազատյանը (Էդմոնդ Կոտալազյան)  ծնվել էր 1935 թվականի մայիսի 13-ին  Բեյրութում։ 1958 թվականին ավարտել էր Բեյրութի Ամերիկյան համալսարանը , 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը եւ Դետրոյթի «Ուեյն» նահանգային համալսարանը։

 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսը, «Արմենյըն միրոր սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, վերջին տարիներին՝ խմբագիր եւ սյունակագիր, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ»՝ անգլերեն հանդեսի, 1991 թվականից՝ Երեւանի «Ազգ» օրաթերթի , 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։

1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ, ապա՝ կրկին ատենապետ։

Նա արժանացել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշանի, 1989 թ., Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանի, 1991 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի, 2009 թ։

Անցած 35 տարիների ընթացքում պարոն Ազատյանին ճանաչել եւ գնահատել ենք իր նվիրյալ գործունեությամբ, անսահման հայրենասիրությամբ, մտավորականությանը օգնելու եւ աջակցելու կարողությամբ։ Նա այն բացառիկ սփյուռքահայերից էր, որ գիտակ էր թե՛ սփյուռքի, եւ թե՛ Հայաստանի մարդկանց ու կազմակերպություններին, մշակութային ժառանգությանը եւ խնդիրներին։ Եվ կապ չուներ, թե երկիր մոլորակի որ մասում էինք նրան հանդիպում՝ Դիտրոյթի «Մասկո» ընկերությունում, ուր նա երկար տարիներ աշխատեց ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի կողքին, թե՛ Պրահայում «ՕՐԵՐ» ամսագրի խմբագրատանը, կամ թե Հայաստանում, ուր ամեն տարի նա լինում էր Թեքեյան մշակութային միության նախագծերին աջակցություն ցույց տալու նպատակով, միեւնույն է, նա մնաց միշտ նույն ազգասեր անհատը՝ իր տաղանդով, աշխատասիրությամբ ու հայ մշակույթին անսահման նվիրվածությամբ։

Հիրավի նրա կորուստը մեծ է ողջ հայության համար, ինչպես նրա թողած ժառանգությունը եւ հետքն անջնջելի են մեր ժամանակների հայոց պատմության մեջ ։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը խորին ցավակցություններն է հայտնում  Երվանդ Ազատյանի հարազատներին ու բարեկամներին, գործընկերներին եւ կուսակից ընկերներին։ Աստված հոգին լուսավորի։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Հակոբ Ասատրյան

Օրեր եվրոպական ամսագիր

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում