«Ամերիկայում բանկերը կրախի են ենթարկվում*։ Շվեյցարիայում կենտրոնական բանկը ստիպված է ոտքի կանգնեցնել լիովին ձախողված մեկ այլ բանկի։ Ի՞նչ է կատարվում։ Անհրաժե՞շտ է արդյոք անհանգստանալ խնայողությունների մասին: Թերևս՝ ոչ։ Չեխիան կանգնած է աղետների առջև բոլորովին այլ ոլորտում, քան բանկային»։ (*Հիշեցնենք, որ մարտի 10-ից ԱՄՆ-ում սննկացել են՝ Silicon Valley Bank-ը (SVB), Signature Bank-ը և Silvergate Bank-ը – խմբ. նշ.)։
Այս նախաբանով է հանդես եկել 2023 թվականի մարտի 18/19-ի չեխական «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթն իր «Բանկերը ձախողվում են։ Էլ ի՞նչ է մնում մեզ մաղթելու» վերլուծական հոդվածում, որն անդրադարձել է թերևս համաշխարհային բանկային համակարգին սպառնալիք հանդիսացող այս ամսվա սկզբի իրադարձություններին, ինչը թարգմանաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.
«Առհասարակ բանկային գործունեությունը հիմնված է վստահության վրա: Հենց «Վարկ» բառն ինքնին արտացոլում է մարդ-վարկատուի և վարկառուի միջև բավականաչափ վստահության պատրաստակամության զգացում, ըստ որի վարկատուն կարող է միանգամայն վստահ լինել, որ իր վարկը կմարվի: Եվ ոչ միայն՝ վարկը, տոկոսագումարները նույնպես։ Բանկային գործունեության մասին խոսելիս, ճիշտ կլինի վարկատուների փոխարեն խոսել ավանդատուների կամ խնայողների մասին, բայց դրանից հարցի էությունը չի փոխվի։ Անգամ ավանդատուն պետք է վստահի, քանզի ներդնում է ոչ միայն իր գումարը, այլ դրա հետ մեկտեղ նաև վստահությունը՝ այն հույսով, որ բանկը պատշաճ կերպով հոգ կտանի և կգնահատի դրանք»,- գրում է ՉՀ-ի «Trinity Bank»-ի գլխավոր տնտեսագետ Լուկաշ Կովանդան։
Հեղինակի ներկայացմամբ, ‘’Silicon Valley Bank,, – «Սիլիկոնային հովիտ» բանկի փլուզման խնդիրը, որի կարգավորման հարցում դեռևս մարտի 10-ից պետք է պատասխանատվություն ստանձնեին Կալիֆորնիայի իշխանությունները, ըստ էության այն էր, որ կորցրել էր իր հաճախորդների վստահությունը: «Credit Suisse» բանկի հետ կապված խնդիրը նույնն է։
«Սա էական տարբերություն է արտահայտում 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համեմատությամբ։ Այն ժամանակ եվրաատլանտյան, նույնիսկ համաշխարհային բանկային համակարգը ցնցվեց շատ ավելի լայնածավալ կերպով, քանի որ «ներսից» հարձակման էր ենթարկվել, այսպես կոչված՝ «թունավոր արժեթղթերով», որոնք ի սկզբանե կապված էին ԱՄՆ-ի հիփոթեքային շուկայի հետ: Այս արժեթղթերի թունավոր չարանենգությունը կայանում էր նրանում, որ ժամանակին համեմատաբար նոր էին, դեռ չփորձված և այդպիսով խաբեցին ֆինանսական աշխարհին։ Նույնիսկ մասնագետներն էին, ռիսկից զերծ, տրվել հեշտ եկամուտ ստանալու գայթակղությանը: Շահույթ ստանալու իրենց կատաղի ցանկությամբ նրանք այնքան բուռն էին սկսել առևտուրը վերը նշված «թունավոր նյութերով», որ մի քանի տարի շարունակ դրանով վարակեցին համաշխարհային ֆինանսական համակարգը»,- պարզաբանում է օրաթերթը, ըստ որի եթե չլինեին պետությունների և նրանց կենտրոնական բանկերի կողմից զանգվածային ֆինանսական «ներարկումները», թունավորությունը լիովին կորոզիայի կենթարկեր համակարգը՝ թերևս ողջ մարդկության համար անհասկանալի հետևանքներով:
«Ինչևէ, այսօրվա դեպքն այդ չէ։ Այսօր դեռ համատարած խնդրի մասին խոսք լինել չի կարող։ Համենայնդեպս՝ ոչ այն աստիճան, որքան 2008 և 2009 թվականներին էր: Նշված խնդրահարույց բանկերն իրենց դեպքերով յուրահատուկ են։ Եվ հենց այդ առանձնահատկությունն է նրանց զրկել հաճախորդների վստահությունից, ինչը բարեբախտաբար տեղի չի ունենում այլ բանկերի ճնշող մեծամասնության հետ»,- կարևորում է օրաթերթը՝ ընդգծելով, որ «Սիլիկոնային հովիտ» բանկի առանձնահատկությունը կայացել է նրանում, որ կենտրոնացել է, այսպես կոչված՝ «ստարտափներ»-ի, այսինքն՝ երիտասարդ տեխնոլոգիական ընկերությունների հաճախորդների վրա: Ստարտափները ռիսկային ձեռնարկություններ են այն առումով, որ դրանցից շատերը չեն գոյատևում:
Դրանք հիմնականում ֆինանսավորվում են, այսպես կոչված, «վենչուրային կապիտալի» հիմնադրամների կողմից, որոնք պատրաստ են իրենց բիզնեսում ավելի մեծ ռիսկի գնալ, քան սովորական ֆինանսիստները։
• «Ավելի բարձր ռիսկ, նշանակում է ավելի բարձր եկամուտ»,- ասում է հայտնի ասացվածքը։ Այսպիսով, եթե նույնիսկ տասը ստարտափից ինը ի վերջո ձախողվեն, այն մեկ գոյատևողը վենչուրային կապիտալի ֆոնդին կապահովի եկամուտ, որն առավել քան կփոխհատուցի ինը ձախողված նախագծերի կուտակային վնասը:
«Մինչդեռ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը ստիպված է պայքարել քառասուն տարվա ամենաբարձր արժեզրկման դեմ, ստարտափների աշխարհը չափազանց ռիսկային է համարվում նույնիսկ վենչուրային կապիտալի համար: Իսկ դա պայմանավորված է նրանով, որ արժեզրկման դեմ Կենտրոնական բանկի պայքարն իրականացվում է տոկոսադրույքների բարձրացմամբ։ Տոկոսը վարկի գինն է, այսինքն՝ ներդրման գինը»,- նշում է «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթն իր վերոհիշյալ հոդվածում։
«Ստարտափների գործունեության մեջ ներդրումներն այնքան են թանկացել վենչուրային կապիտալի ֆոնդի տեսանկյունից, որ «հավասարում» կոչվածը, ըստ որի մեկ հաջողակ ստարտափի եկամուտը ծածկելու է ինը սնանկացածների կորուստը, նրանց համար այլևս չի գործում»,- նկատում է հոդվածի հեղինակը:
Քանի որ եկամուտը հաշվարկվում է ներդրումային ծախսերը հանելուց հետո միայն, վենչուրային կապիտալի հիմնադրամները, վերջին տարիների համեմատ, շատ ավելի քիչ են ցանկանում իրենց գումարները ներդնել ստարտափներում: Հետևաբար, նրանք ստիպված են լինում օգտվել այն խնայողություններից, որոնք կարողացել են կուտակել իրենց բանկերում (ճիշտ ինչպես «Silicon Valley Bank»-ը)՝ հետագա զարգացումներ ունենալու համար։ Եվ քանի որ «Silicon Valley Bank»-ը, ավելի վատթարացնելով իրավիճակը, այնքան էլ չի կարողացել խելամտորեն ներդնել իր հաճախորդների խնայողությունները, այդ պատճառով ամսվա սկզբից հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է եղել «հաշվի նստելու ճշմարտության հետ»: Իսկ ինչպե՞ս։ Վաճառել է իր ներդրումների մի մասը՝ ինքնարժեքից ցածր գնով, որպեսզի պարզապես գումար ունենա՝ հաճախորդների ավանդները վճարելու նպատակով։ «Երբ սկսել էր վաճառել ինքնարժեքից ցածր, ակնհայտ էր, որ կարիքի մեջ է՝ իհարկե, կորցնելով հաճախորդների վստահությունը, որոնք դադարել են հավատալ, թե երբևէ ի զորու է պատշաճ կերպով հոգ տանելու իրենց վստահված գումարների մասին։ Ուստի «հարձակվել են» բանկի վրա, մեկ-երկու օրվա ընթացքում փաստացի հավաքել են իրենց ավանդներն ու այդպիսով լուծարել բանկը։ Քանզի, առանց վստահության, բանկը ոչինչ է»,- ներկայացնելով պատահածը՝ հետևություն է անում «ՄՖ ԴՆԵՍ»-ը։։
Օրաթերթի մեկնաբանմամբ, «Credit Suisse» բանկը իր վստահությունը կորցրել է աստիճանաբար՝ տարիների ընթացքում: «Կորցրել է, քանի որ երկար ժամանակ կիրառել է այն, ինչը կարելի է ամփոփել որպես վատ կորպորատիվ մշակույթ, որը լի էր խեղաթյուրված բարքերով: Օրինակ՝ վարկ է տվել մարդկանց, ում այլ բանկերը խուսափել են տրամադրել»,- ընդգծում է հոդվածի հեղինակը:
Իր չափից ավել վստահված և հսկողությունից դուրս աշխատակիցներին թույլ է տվել «խաղալ» լավագույն և հեղինակավոր հաճախորդների փողերի հետ (առանց նրանց գիտակցման)՝ այնքան երկար ժամանակ, որ դա նույնիսկ դժբախտ վերջաբան է ունեցել՝ ավարտվելով ինքնասպանությամբ:
Այս ամբողջ ընթացքում թոփ-մենեջմենտին ամենաշատը հետաքրքրել է ներքին իշխանության պայքարը՝ բաղձալի պաշտոնները զբաղեցնելու համար, երբ աթոռակռվում, օրինակ, գաղտնի լրտեսներ են օգտագործել միմյանց դեմ։ Իսկ հսկայական կորուստներն այդ սարսափելի կորպորատիվ մշակույթի սպասելի հետևանքն է եղել միայն։
«Դրանք հանգեցրել են բանկի բաժնետոմսերի գների և հանրային վստահության համառ անկման, ինչպես նաև հաճախորդների և նույնիսկ նրանց ավանդների հետզհետե սաստկացող արտահոսքի։
Վերջին կաթիլը, որը «Credit Suisse»-ին հասցրել է ճակատագրական սննկացման, եղել է անցյալ տարիների ֆինանսական հաշվետվություններում բացահայտված հիմնական անհամեմատելիությունը, որը, ընդ որում, նկատելի է եղել դեռևս այն բուռն ժամանակաշրջանում, երբ «Silicon Valley Bank»-ն արդեն կանգնել էր ձախողման առջև»,-հիշեցնում է հոդվածագիրը։
«Ո՞վ կցանկանա գումար ներդնել մի բանկում, որն անգամ պատշաճ հաշվառում չունի՝ դիտավորյալ կամ անտեղյակությունից դրդված»,- մտորում է օրաթերթը և ամփոփիչ վերլուծություն կատարում՝ համեմատելով երկու բանկերի ձախողման դեպքերը. «Այսպիսով, մի բանկի փլուզումը, որը մասնագիտացված է ստարտափների գործունեության մեջ և ճակատագրական սխալներ է թույլ տալիս վերջիններիս փողերը ներդնելիս, չի համարվում համատարած ճգնաժամ: Մեկ այլ կոնկրետ բանկի փլուզումը՝ ամենուր ընթացող սկանդալներով, նույնպես իրենից չի ներկայացնում համատարած ճգնաժամ»։
Հոդվածի վերջում հեղինակը հանդես է գալիս լավատեսական եզրափակիչ խոսքով՝ ավելի քան համոզված լինելով, որ. «2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամը, որն իսկապես համակարգային էր, այժմ հեռու է: Բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, մենք կարող ենք բավականին հանգիստ լինել Չեխիայում։ Ի վերջո, նույնիսկ 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ, Չեխիայի ներքին բանկերը ստիպված չէին հաշմանդամության աստիճան թուլանալ հանրային փողերից՝ թեկուզև մեկ լումայով։ Ոչ ոք դեռ չի կորցրել իր խնայողությունները։ Չեխիան պոտենցիալ տնտեսական աղետների է բախվում բոլորովին այլ ոլորտներում, քան բանկային»։
Մարտի 20-ի չեխական մամուլի տեղեկությունների համաձայն, շվեյցարական «UBS» խոշորագույն բանկը վերջնականապես տիրացել է սննկացած «Credit Suisse» բանկին՝ ձախողման մեջ հայտնված իր մրցակցին գնելով ավելի քան 3 միլիարդ շվեյցարական ֆրանկով՝ ($3,24 մլրդ. դոլարով / մոտ. CZK 73 մլրդ. չեխական կրոնով): «Aktuálně.cz» և «Seznam Zprávy» լրատվական կայքէջերի հավաստմամբ. «Սա բանկային ոլորտում, վերջին տասնամյակների ընթացքում, իր տեսակի մեջ ամենախոշոր գործարքներից մեկն էր»։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք օգտվել նաև հետևյալ հղումներից՝ • https://banks.am/am/news/newsfeed/25692, • https://money.onliner.by/2023/03/23/chem-izvesten-credit-suisse
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա