Տիգրան Համասյանի եվրոպական համերգային շրջագայությունն ավարտվեց չեխական Բռնոյում. Ֆանտաստիկ ելույթ եւ ընդունելություն

  • 25.03.2023
  • 0
  • 295 Views

Լուսանկարում՝ երաժիշտները համերգից հետո

Մարտի 24ին Բռնոյի Սոնո կենտրոնի դահլիճը Ջազ Ֆեստ Բռնոյի շրջանակներում հյուրընկալել էր աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի եռյակին։ Սա անվանի երաժշտի հինգերորդ ելույթն էր Չեխիայում, որն ինչպես նախորդներն անցավ բուռն ծափողջյունների ու հանդիսատեսի ջերմ ընդուելության պայմաններում։ Ինչպես տեղեկացնում էին կազմակերպիչները, համերգի տոմսերն արդեն մեկ ամիս առաջ գրեթե ամբողջությամբ վաճառված էին։

Այս անգամ Տիգրանի հետ բեմում էին կոնտրաբասի վարպետ, ֆրանսիացի Ջերեմի Բրույեղը եւ վիրտուոզ թմբկահար, ամերիկացի Ջոնաթան Պինսոնը։ Ամերիկյան դասականների ազդեցությամբ եւ հայկական մեղեդիների ազդեցությամբ կազմված նոր ծրագիրը բոլորովին նոր մակարդակ էր Համասյանի ստեղծագործական առաջընթացում։ Նա քանիցս ասել է, որ ստեղծագործում է եւ նվագում է այն ամենը, ինչը բխում է իր սրտից։ Դա էլ բնականաբար դահլիճը զգում է եւ գնահատում։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տիգրանը, Բռնոն եվրոպական համերգային շրջագայության վերջին քաղաքն էր եւ այդ առումով հիշարժան էր այս ելույթը։ Վերջին անգամ  նույն փառատոնում նա ելույթ էր ունեցել տասը տարի առաջ եւ նույնպես գերել Բռնոյի հանդիսատեսին։ Իսկ մինչեւ Չեխիա գալը, մարտի 9-24-ը Համասյան եռյակը ելույթ էր ունեցել Եվրոպայում, Բռնոյից զատ Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի եւ Իսպանիայի 9 քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մադրիդում, Մյունխենում, Կանում եւ այլուր։

Ջազային փառատոնի ամսագիրը տասը էջ նվիրել էր Տիգրան Համասյանին՝ նրա մասին պատմող հոդվածներով ու մեծադիր լուսանկարներով։

Բռնոյի համերգն անցավ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանու ներքո, եւ համերգին ներկա էին ոչ միայն դեսպանը տիկնոջ հետ, այլեւ դեսպանության աշխատակիցները, ինչպես նաեւ մեր հայրենակիցները։

Հետաքրքիր է, որ մարտի 23-ին եւ 24-ին Բռնոյի ֆիլհարմոնիայում հնչեց նաեւ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։ Օլեգ Կագանի հիշատակին գրված Ագնուս Դեյ գործը կատարեց ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հայտնի դիրիժոր Ալեքսանդր Լայբրախի ղեկավարությամբ։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում