Բուլղարիայի հայ համայնքի նվերը մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի տուն թանգարանին։ Խաչքարի օծում Չիրպան քաղաքում։
2023թ. մարտի 11-ին ժամը 11։00-ին, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, պատվավոր ներկայությամբ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Տիար Արմեն Եդիգարյանի, Չիրպան քաղաքի փոխքաղաքապետ Տիար Ռումեն Տունանովի, Յավորովի տուն թանգարանի տնօրեն Տիար Թոդոր Իվանովի, «Յավորով» հիմնադրամի անդամ Տիար Գրիգոր Սըրենցի ու հոգաբարձության միուս անդամների, մշակույթի ականավոր գործիչների, բազմաթիվ հասարակական գործիչների և Բուլղարիայի մեջ գործող ՀՅԴ, ՀԲԸՄ, ՀՄԸՄ ղեկավար անդամների ու հայ համայնքի ներկայացուցիչների, Բուլղարիայի Չիրպան քաղաքում տեղի է ունեցել հայկական Խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 145-ամյակին:
Խաչքարը տեղադրվել է Չիրպան քաղաքում գտնվող Պեյո Յավորովի տուն թանգարանի բակում, իբրև նվեր Բուլղարիայի հայ համայնքից։
Սույն գաղափարը իրականություն դարձավ շնորհիվ Չիրպանի քաղաքապետարանի, Տուն թանգարանի տնօրենության, «Յավորով» հիմնադրամի և վերջինիս անդամ Տիար Գրիգոր Սըրենցի, Պլովդիվի « Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Հրաչ քհն․ Մուրադյանի, քանդակագործ Տիար Արտակ Համբարձումյանի, բարերարների և աջակիցների։
Պեյո Յավորովը հայ-բուլղարական դարավոր բարեկամության խորհրդանիշերից է, նրա անունով է կոչվել նաև Երևանի թիվ 131-րդ հիմնական դպրոցը, իսկ իր ծննդավայրում Խաչքարի տեղադրումը մեկ անգամ ևս փաստեց ու ամրագրեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Միջոցառումը եզրափակվեց ՀԲԸՄ « Երազանք» պարախումբի և մեծանուն երգահան Տիար Հայկաշոտ Աղասյանի ելույթներով, որից հետո տեղի ունեցավ հայկական հյուրասիրություն։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան