«Մառլենկա» ընկերությունը Լեմբերգերի պատմական  ֆաբրիկան կվերածի հրուշակեղենի գործարանի եւ թանգարանի

  • 03.03.2023
  • 0
  • 397 Views

Անցած շաբաթներին չեխական լրատվամիջոցներն անդրադարձան «Մառլենկա»  ընկերության կողմից Ֆրիդեկ-Միստեկ  քաղաքում  պատմական Lemberger նախկին տեքստիլ ֆաբրիկայի տարածքի  աճուրդով ձեռքբերմանը։  Այս գործարքը Մորավա-Սիլեզյան տարածաշրջանի համար մեծ ներդում է, քանի որ  Slezan Holding-ը  այս տարածքը աճուրդով վաճառել է գրեթե 100 միլիոն կրոնով, ավելի ստույգ՝ 94,5 մլն կրոնով։  

Ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը  լրագրողներին հայտնել է, որ  գործարանի նոր մասնաշենքում  ոչ միայն կթխվեն տորթեր, այլեւ կգործեն  թանգարան,  սրճարան, կբարեկարգվի եւ կստեղծվի նոր  բացօթյա այգի։  Նա ոչինչ չի  քանդի, այլ հակառակը՝ կվերակենդանացնի տարիներ շարունակ լքված այս տարածքը։  Իսկ ֆաբրիկայի տարածքում գտնվող  ծխնելույզը հնարավոր է վերածվի դիտաաշտարակի, որը նույնպես կխթանի այցելությունների  աճը։

Այժմ Ֆրիդեկ-Միստեկի Հալկովա փողոցում գտնվող նախկին ջուլհակագործվածքային  Lemberger գործարանի ընդարձակ տարածքում մեծ փոփոխություններ են սպասվում: Լեմբերգերի ընտանիքի նախկին տեքստիլ ֆաբրիկայի պատմությունը գրվել է դեռեւս 1893 թվականից: Շենքը, որը ծառայել է որպես ֆաբրիկա, ի սկզբանե ուներ իսկապես ներկայացուցչական տեսք՝ երկու հարկ, գլխավոր փողոցին նայող մանսարդային տանիք և աչք շոյող ճարտարապետություն: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գործարանային համալիրը որպես հրեական սեփականություն անցել է գերմանական տնօրինության տակ, իսկ պատերազմից հետո այն ներառվել է Սլեզան Հոլդինգ  ազգային ձեռնարկության մեջ։ Ձեռնարկության փլուզումից հետո այն երկար տարիներ գտնվում էր  անխնամ վիճակում։

Այժմ, սակայն, տեղացիները սպասում են, որ Ֆրիդեկ-Միստեկի  ճարտարապետական ​​արժեքավոր շենքերից մեկը նոր շունչ կստանա:  Այստեղ ոչ միայն կթխվեն հայկական ավանդական ընտանեկան բաղադրատոմսով մեղրով տորթերն ու աղանդերը, այլեւ տեղում դրանք կվաճառվեն,  իսկ սրճարանի ծառայություններից օգտվողները նաեւ կկարողանան տեղում համտեսել։

«Չնայած այն մոտավորապես չորս անգամ ավելի թանկ է, քան Կարվինայում և Մոշնովում գտնվող հողատարածքները, բայց մեզ համար այն ունի զգացմունքային կողմ, քանի որ իբրեւ տեղացի հայրենասերներ, ուզում ենք  նոր  շունչ հաղորդել այս շենքին»,- ասել է Գեւորգ Ավետիսյանը  լրագրողներին։  Նա նաեւ նշել է, որ  ընդհանուր ներդրումները, ներառյալ վերակառուցումն ու տեխնոլոգիան, առաջիկա չորս տարիների ընթացքում կհասնեն մեկ միլիարդ կրոնի։

Հիշեցնենք, որ «Մառլենկա» ընկերությունը դարձել է Եվրոպայի ամենամեծ հրուշակեղենի ընկերություններից մեկը և արտահանում է իր արտադրանքի 75 տոկոսը։ Այն վաճառում է իր տորթերը աշխարհի 55 երկրներում, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Այն տարեկան առաքում է 2,5 միլիոն տորթ և ութ միլիոն այլ հրուշակեղեն, և այս թիվն անընդհատ աճում է։ Այդ իսկ պատճառով Գեւորգ Ավետիսյանը  վաղուց էր ծրագրում արտադրության ընդլայնումը և հողատարածք էր  փնտրում նոր գործարանի համար։

Մասնավորապես այս թեմային են անդրադարձել seznamzpravy.cz, polar.cz, forbes.sk, denik.cz , Չեխական հեռուսակայանները  եւ այլ լրատվամիջոցներ։  

ORER.EU

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում