
Այսօր Ամենայն Հայոց բանաստեղծը 154 տարեկան է։ Փետրվարի 19֊ը` նրա ծննդյան օրը խորին խորհուրդ է ձեռք բերել`գիրք նվիրել միմյանց, արժևորել ընթերցանության արժեքը։ Իսկ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն ամեն տարի այս օրը շնորհում է «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումը նրան, ով անցած տարվա ընթացքում հետամուտ է եղել թումանյանական արժեքային համակարգին, լուրջ ներդրումներ է ունեցել մշակույթի ասպարեզում, նվիրվածություն հանդես բերել հայրենի եզերքի հանդեպ։ Մինչ օրս այս կոչմանն են արժանացել 15 հայորդի։

Այս տարի այդ պատվավոր կոչմանն ու հուշամեդալին է արժանացել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը։ Հանձնելով «Թումանյանի հետնորդ» վկայագիրը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ասաց, որ Արմեն Ամիրյանի գործունեությամբ մեծ հոգատարություն է ցուցաբերվել Թումանյական թանգարանների նկատմամբ, նա օգնել և աջակցել է բազում խնդիրների լուծմանը։ Որտեղ էլ որ նա աշխատել է, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել նաեւ թումանյանական գրական ժառանգության նկատմամբ՝ թե Հանրային ռադիոյի ֆոնդի հարստացման, նոր գրքերի հրատարակման, թանգարանների հարստացման ու ցուցադրությունների կատարելագործման, և թե՛ այլ ձևերով։ Վերջերս լույս են տեսել Արմեն Ամիրյանի երկու գրքերը՝ «Գեներալի երազը» և «Նոյե» կինոպատմությունները, որոնցում ազգային տագնապներ կան, այսօրվա իրականությունը հասկանալու դեղատոմսեր և այս դեպքերում էլ հեղինակը պարզ ու անկեղծ է։ Նա Արմեն Ամիրյանին նվիրվեց նաեւ Հովհաննես Թումանյանի «Հատընտիր» նոր հրատարակությունը։

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Մատինյանն առաջարկեց, որպեսզի հեղինակի կինոպատմությունները նկարահանվեն եւ որպես կինոասելիք ներկայացվեն հանրությանը։
Սերգո Երիցյանը ընթերցեց Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի նամակը,ուր նա բարձր է գնահատում Արմեն Ամիրյանի դերակատարությունը ՝ հատկապես Դսեղի տուն ֊թանգարանը պահպանելու ու զարգացնելու գործում։ Իսկ Կարինե Տիտանյանը բարձր գնահատելով Արմեն Ամիրյանի կատարած աշխատանքը, ընդգծեց,որ չպետք է մոռանալ այն,որ նա լույս ու հավատ է ներշնչում այնտեղ,որտեղ դրա կարիքը զգացվում է։
Հանդիպման մասնակիցները հիշեցին դրվագներ «Թումանյական օրերից» և մեծ բանաստեղծին առնչվող ամենատարբեր միջոցառումներից։


«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ստանալ այս պատվավոր կոչումը,֊ասաց Արմեն Ամիրյանը,֊Թումանյանը մի անհատնում աշխարհ է,որտեղ միշտ խորին խորհուրդներ ու կյանքի փիլիսոփայություն ես գտնում։ Ես իմ պատվավոր հյուրերին սիրով բերում եմ Լոռվա աշխարհի այս գողտրիկ անկյունը, նրանց համար տուն-թանգարան հատուկ այցելություն կազմակերպում»։

Լուսանկարում՝ Թումանյանական օրերին ներկա են Սերգո Երիցյանը, Իրմա Սաֆրազբեկյանը եւ Արմեն Ամիրյանը
Արմեն Ամիրյանի կատարած աշխատանքին անդրադարձել է նաեւ Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը։ Ստորեւ ներկայացնում ենք նրա նամակն ամբողջությամբ,
«Արմեն Ամիրյանը՝ Թումանյանների կողքին
Ես ուրախ եմ, որ Արմեն Ամիրյանը արժանացել է «Լոռվա Ձոր» հայրենակցական միության «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչմանը: Երբ խնդիրներ են առաջացել Թումանյանի Երևանի թանգարանում և Դսեղի տուն-թանգարանում, Արմեն Ամիրյանը արագ լուծումներ է գտել: Սիրով մասնակցել է ամեն տարի անցկացվող թումանյանական օրերին: Առիթներ ենք ունեցել միմյանց հետ կիսվելու թումանյանական ժառանգության մասին: Եվ ես քանիցս համոզվել եմ, որ հեռուստատեսությունում և ռադիոյում փորձառություն ունեցող Արմեն Ամիրյանի համար շատ կարևոր է արժեքային համակարգը: Նա իր գործի գիտակն էր: Երբ Արմեն Ամիրյանը Հայաստանի մշակույթի նախարարն էր, մշակութային կյանքը երկրում շունչ էր առել, որովհետև այն կառավարում էր պրոֆեսիոնալը՝ անգամ իր ճաշակով, հագ ու կապով: «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի: Ե՛վ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը»: Այս խոսքերը պատկանում են մարդասեր Անտոն Չեխովին և բնութագրում են հենց Արմեն Ամիրյանին: Նա կարողանում էր իր շուրջը համախմբել արվեստի մարդկանց: Նման հանդիպումների ես էլ եմ մասնակցել:
Արմեն Ամիրյանը մարդկանց ներգրավում էր կարևոր ծրագրերում: Նրան կարելի է բնութագրել և՛ որպես հիանալի մարդու, և՛ որպես հավատարիմ ընկերոջ:
Ես արդեն ասացի, որ նա չլուծված խնդիրներ չի թողնում: Նա կարողացավ 1-2 ամսում մի դժվարին խնդիր լուծել Դսեղի Թումանյանի թանգարանում, որ տարիներ շարունակ անլուծելի էր թվում։
Նա շատ էր կարևորում մեր անցյալի արժեքային համակարգը, որ այն ընկալելի և հասանելի դառնա մատաղ սերնդի համար՝ ընդգծելով, որ թանգարաններն այս առումով ինքնանպատակ չպետք է լինեն , այլ դրանց առաքելությունը պետք է իրականացնել արդյունավետ և հասցեական կերպով: Նա ասում էր, որ Ձեր խնդիրը Թումանյանին ներկայացնելն է այնպես, որ նրա ստեղծագործությունն ավելի հասանելի դառնա, մանավանդ, երբ դեռ մեր կողքին են ապրում հայ դասականների ժառանգները, Թումանյանի այն 20-25 ժառանգները, որոնք ապրում են աշխարհի տարբեր կողմերում եւ միայն հոբելյանական տարիներին է, որ ձգտում են հավաքվել, գալ Հայաստան ու գնալ Դսեղ:
Այսօր այնպես է ստացվել, որ հեռու եմ ապրում Հայաստանից: Բայց երբ Հայաստան եմ գալիս անպայման թանգարաններ եմ այցելում: Արմենին կուզեմ տեղեկացնել, որ վերջերս թումանյանական մասունքներ՝ ձեռագրեր, իրեր եմ փոխանցել Երևանի Թումանյանի թանգարանին: Իհարկե, շատ դժվար էր բաժանվել, հատկապես մորս իրերից՝ նրան ուղղված բանաստեղծական տողերի բնագրից: Բայց, հիմա ավելի հանգիստ եմ, քանի որ դրանք հանգրվանել են Թումանյանի թանգարանում։
Ես ավելի քան վստահ եմ, որ Արմեն Ամիրյանը այն մարդ-անհատականությունն է, որ միշտ մեր մշակութային արժեքների կողքին է լինելու և արժանի է «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչմանը:
Իրմա Սաֆրազբեկյան
Թումանյանի թոռնուհի,
Բանասիրական գիտությունների դոկտոր
orer.eu

Լուսանկարում՝ Կարլեն Մատինյանը, Արմեն Ամիրյանը եւ Սերգո Երիցյանը
Գրախոսական Արմեն Ամիրյանի գրքերի մասին
ԳԵՆԵՐԱԼԻ ԵՐԱԶԸ
Արմեն Ամիրյանի` կինոսցենարի տարբերակով գրված «Գեներալի երազը» գիրքը` ամենատարբեր երկրներից, տարբեր հանգամանքների բերումով ԱՄՆ եկած և իրար հանդիպած հայ մարդկանց ճակատագրերի համահավաք պատկեր է, Հայաստան աշխարհի ու նրա խնդիրների մասին ունեցած նրանց խոհերի գեղարվեստորեն իմաստավորում:
Այստեղ մեկտեղված են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ճակատագրերը, նրանց կյանքի ուղիները. ռազմական բժիշկ-գեներալը և հաշվապահը, անվանի փաստաբանը և հասարակ մրգավաճառը, հանցավոր խմբի անդամը և գաղտնի ծառայության (FBI) սպան: Միակ բանը, որ միավորում է գրքի բոլոր գործող անձանց` թերևս միայն նրանց հայ լինելն է: Դրա հետ մեկտեղ գրքում, որն աչքի է ընկնում իր անկեղծությամբ, տեղ չկա կեղծ պաթոսին, շինծու հայրենասիրությանը. ավելին, գործող անձանցից մի քանիսը դեռ չեն կարող հստակ պատասխան տալ այն հարցին, թե որն է, ի վերջո, իրենց հայրենիքը:
Հետաքրքիր դիտանկյունից է ներկայացված նաև արցախյան ազատամարտի հարցը, որը գրքի երկու հիմնական մոտիվներից մեկն է, երևի թե կարևորագույնը: Այդ նյութն էր պատճառը, որ` արդի պատմական զարգացումների արդյունքում, հեղինակը ստիպված եղավ կայացնել ոչ հեշտ որոշում`հրաժարվել թե’ գրքի էկրանավորումից, և թե’ անգամ դրա բեմականացումից:
Գեներալի ամբողջ երազը, բացառությամբ որոշ առանձին դրվագների, կարելի է դիտարկել որպես նրա երազանքը, ցանկալին որպես իրողություն ներկայացնելու ձգտում: Հենց այդ «երազի» բախումն է դառը իրողության հետ, որ գրքի վերջնամասում սառը «կոնտրաստային ցնցուղի» պես «հանգուցալուծում» է տալիս ողջ այդ լարված պատմությանը: Ինտրիգը լարված է պահում ընթերցողին սյուժեի ողջ զարգացման ընթացքում և ստիպում մեկ շնչով կարդալ գիրքը:
ՆՈՅԵ
Մեկ դարի պատմության կտրվածքով ներկայացված այս կինոպատմությունը, որի հիմքում, մի կողմից, պատմական փաստեր են, մյուս կողմից` հեղինակի պապի հուշերը, լիիրավ ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն:
Թեև պատմափաստագրական ատաղձը որոշ դեպքերում պարզորոշ նկատելի է, այն ոչ միայն չի ստվերում գրքի գեղարվեստական արժեքը, այլև ավելի արժանահավատ և, դրանով իսկ, ավելի հետաքրքրաշարժ է դարձնում դեպքերի զարգացումները:
Այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի են ունենում Գերմանիայում, իր մեջ մեծ խորհուրդ ունի. այս երկիրն էր Թուրքիայի կարևորագույն դաշնակիցը Առաջին աշխարհամարտի տարիներին, ասել կուզե` նաև Ցեղասպանության ժամանակ: Այստեղ էր որ XX դարասկզբի մեծագույն ոճրի պարագլուխները փորձում էին թաքնվել արդար Դատից, բայց չկարողացան խուսափել «Նեմեսիս»-ի երդվյալների հատուցումից: Ինչպես ցույց են տալիս Արմեն Ամիրյանի գրքում տեղ գտած զարգացումները, Գերմանիայում «բուն է դրել» նաև «Գորշ գայլեր» տխրահռչակ ազգայնական խմբավորումը, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք որ Գերմանիան` Թուրքիայից հետո աշխարհի ամենա թուրքաշատ երկիրն է:
Գերմանահայ փաստաբան Նոյեն իր առջև գերնպատակ է դրել` ամեն գնով արդարացնել գրքի գլխավոր հերոս` հայ ցեղասպանագետ Արմեն Արամյանին, ով պատրաստվում էր Հայոց Ցեղասպանության մասին նոր սենսացիոն բացահայտումներով հանդես գալ մյունխենյան գիտաժողովում, բայց ում փորձում են վերագրել` ազգությամբ թուրք Էլիզաբեթի սպանությունը: Թեև պատմության դեպքերը ծավալվում են Էլիզաբեթի շուրջ, այդ հերոսուհուն, փաստորեն, չենք հանդիպում, ավելի շատ խոսում են նրա մասին: Նոյեի անունով գիրքը վերնագրելը կարելի է բացատրել նրանով, որ այդ հերոսուհին կարողանում է դիմակազերծ անել իրական ոճրագործներին և նրանց ծպտյալ հովանավորներին, ցույց տալով աշխարհին, որ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, ինչի մասին խոսում է նաև գիրքն ամփոփոխ վերջնամասի վերնագիրը` «Անավարտ պատմություն»:
Անցյալի և ներկայի իրողությունները հմտորեն միահյուսելու վարպետությունը հնարավորություն է տալիս հեղինակին «աննկատորեն» կամրջելու պատմության իրադարձությունները արդի զարգացումների հետ, ընդգծելով դրանց շարունակական հրատապությունն ու այսօրեականությունը:
Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր
Կարլեն Մատինյան
orer.eu