
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի եւ կխորանա:
Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում:
«Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,– նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը:
Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ իրականացվող Ադրբեջանի ագրեսիայից` նորանշանակ դեսպանը հարցի հանգուցալուծման համար կարեւորել է խաղաղ երկխոսելու ճանապարհը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ իր առաքելության ընթացքում ջանքեր չի խնայելու հայ եւ չեխ ժողովուրդներին միմյանց պատմությանը, մշակույթին հաղորդակից դարձնելու համար:


Իր հերթին, Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկն
իր ֆեյսբուքյան էջում գրել է «
Ինձ համար և հաճելի էր, և պատվաբեր հանդիպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ Ալեն Սիմոնյանին։ Հանդիպումը Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկի հետ իմ ժամանելուց անմիջապես հետո վկայում է չեխ-հայկական հարաբերությունների կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, խորհրդարանական հարթությունը դրանց էական մասն է։ Երկու խորհրդարաններում էլ գործում են միջխորհրդարանական բարեկամական խմբեր, ակտիվորեն ընթանում են խորհրդարանական պատվիրակությունների և հանձնաժողովների այցելությունները։ Սկսում ենք պլանավորել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ՝ Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը Հայաստան…
Անմիջական շփումները դիվանագիտության լավագույն գործիքն են։ Իսկ անմիջական փորձը լավագույն ուսուցիչն է։
Փոխադարձ հարաբերություններից բացի, նախագահ Սիմոնյանի հետ խոսեցինք տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգության իրավիճակի, ԵՄ-ի հետ հարաբերությունների և ժողովրդավարական վերափոխումների փորձի մասին։
Պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար: Տիգրան Սեյրանյան, շնորհակալ եմ Չեխիայի մասին պարոն նախագահին այդքան լավ և բազմակողմանի տեղեկացնելու համար։ Մի երկրի, որը դուք լավ գիտեք, և որը, անկասկած, արժանի է այդ ամենին»:
orer.eu