Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվեց Պրահայի Կարլի համալսարանում՝ նոր բացահայտումներով

  • 11.12.2022
  • 0
  • 1041 Views

 

Դեկտեմբերի 10-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կինոդահլիճում տեղի ունեցավ  չեխ ճանապարհորդ ու գրող  Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Ողջունելով ներկաներին ու կազմակերպիչներին, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը կարեւորեց, որ ցեղասպանությանը նվիրված չեխ հեղինակի գրքի շնորհանդեսը  տեղի է ունենում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ին հաջորդող օրը, որը ողջ աշխարհում նշվում է 2015 թվականից, երբ նաեւ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿի Մարդու իրավունքների  խորհրդում ընդունվեց  այդ որոշումը։ Նրա խոսքով, կարելի է ասել, որ սա  նաեւ չեխահայ համայնքի փոքր ներդրումն է այդ օրվա  հիշատակման մեջ։ Դեսպան Հովակիմյանը նաեւ վերհիշեց, որ տարիներ առաջ, երբ 2006 թվականին Չեխիայի Սենատում կազմակերպվեց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, այն ժամանակ «Օրեր» ամսագիրը ներկայացրեց Հանսայի գրքի վերատպությունը՝ որով սկիզբ դրվեց Չեխիայում Հայոց ցեղասպանության մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը չեխերեն լեզվով։  Եվ այժմ տարիներ անց նա ներկա է գտնվում հայերեն թարգմանության հրատարակությանը։ Դեսպան Հովակիմյանը շնորհավորեց թարգմանչին՝ Աննա Կարապետյանին կատարված մեծ աշխատանքի համար, որը թույլ կտա ոչ միայն Հայաստանում  ապրողներին ծանոթանալ չեխ հեղինակի աշխատանքին, այլեւ ցեղասպանագետներին՝ ուսումնասիրելու նրա գիրքը։

Այնուհետեւ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց գրքի վերահրատարկումից մինչեւ թարգմանություն անցած ճանապարհը, մինչ այդ ընդգծելով, որ շնորհանդեսի օրը համընկել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ,  իսկ Կարել Հանսան իր գրքում բարձրացրել է նաեւ հայ ժողովրդի, հայ մարդկանց մարդկային իրավունքների հարցը։

 «100 տարի առաջ Հանսան իր վրա է վերցրել միջազգային հանրությանն ու նախեւառաջ չեխ հասարկությանը հայ ժողովրդի հետ կատարվող անարդարությունների մասին ճշմարտություն տարածելու վեհ գործը։

Մինչ 2006 թվականի չեխերեն վերատպությունը, Հանսայի գրքի հայերեն առաջին թարգմանությունը կատարել է թարգմանչուհի Իռա Արշակյանը, որից հատվածներ են հրատարկվել  ոչ միայն ՕՐԵՐ եվրոպական ամսագրում, այլեւ Հայաստանում հրատարակված «Օտար գրողները Հայոց ցեղասպանության մասին» գրքում։ Երբ նախաձեռնեցինք հայերեն թարգմանության հրատարկությունը, ակներեւ դարձավ, որ ամսագրային թարգմանությունը չի կարող բավարարել հետազոտողներին, քանի որ միայն քննական թարգմանությունը կարող է ճշգրիտ աղբյուր հանդիսանալ ոչ միայն ցեղասպանագետների, այլեւ՝ օտար լեզուների թարգմանիչների համար։ Ուստի Աննա Կարապետյանը ստանձնեց նոր թարգմանության գործը եւ  չորսամյա տիտանական աշխատանք կատարեց, գրքում ընդգրկելով ոչ միայն վրիպակների ուղղումները, այլեւ բազմաթիվ ծանոթագրությունները, որոնց միջոցով տվել է նաեւ հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների իրական պատկերը՝ ընդգրկելով նաեւ մասնագետների կարծիքները»,- ասաց իր ելույթում Հակոբ Ասատրյանը։

Նրա ասելով, այսպիսով հայերեն հրատարակությունն իր առավելությունն ունի չեխերենի նկատմամբ։ Ապագայում կարեւոր քայլ կլինի, որպեսզի չեխերենով վերահրատարկվի Հանսայի գիրքը՝ նշված վրիպակների եւ ծանոթագրությունների ներառմամբ, գրքի չեխերեն լեզվի արդիականացմամբ,  ինչը մեծ ներդրում կլինի Չեխիայում հայերի ցեղասպանության եւ պատմության մասին հրապարակայնացման գործում։ ՕՐԵՐ-ի խմբագիրը նաեւ շնորհակալություն հայտնեց «Մարլենկա» ընկերության նախագահ, հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանին՝ գրքի հրատարակությանը աջակցելու համար։

Այնուհետեւ գրքի թարգմանչուհին, ՕՐԵՐ ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանը ներկայացրեց ոչ միայն կատարված աշխատանքը, այլեւ Կարել Հանսայի կյանքն ու գործունեությունը՝ զուգահեռաբար ցուցադրելով նաեւ արխիվային տարբեր աղբյուրներից հայտնաբերած լուսանկարները։

Նա մանրամասն ներկայացրեց Հանսայի անցած ճանապարհը՝ սկսած  Առաջին Համաշխարհային պատերազմին նրա մասնակցությունից մինչեւ հայ գաղթականների հյուղակների այցելություն, Սիրիայի եւ Լիբանանի գաղթականների ճամբարներում ցույց տված օգնությունից մինչեւ նրանց հետ նավով ճամփորդություն։

Բանախոսը ներկայացրեց այն հսկայական արխիվային աշխատանքը, որ գրքի թարգմանությանը զուգահեռ կատարել է Չեխիայի, Ավստրիայի եւ Հայաստանի արխիվներում ու գրադարաններում, ՉՀ ոստիկանության արխիվում, եւ հարազատների տված փոքարթիվ, բայց արժեքավոր նամակների կապոցներում։  Արեւելք կատարած վեցամսյա ճամփորդությունից հետո անտառագործ Հանսան դառնում է ճանապարհորդ-գրող, եւ «Արեեւլքի արհավիրքները» գրքից հետո գրում է եւս չորս գիրք, որոնցից առավել կարեւորն է  «Ճամփորդություն Արեւելքով կամ հարեմները ճշմարտության լույսի ներքո» գիրքը, որտեղ նա անդրադառնում է իր ճամփորդություններին, եւ հատկապես Սիրիա եւ Լիբանան կատարած այցերին։

Կարեւոր շրջափուլ է նաեւ, երբ նա հիմնում է Հայ որբերի օգնության Հանսայի հիմնադրամը, հանդես է գալիս Հայաստանին ու հայ ժողովրդին, ցեղասպանությանը նվիրված դասախոսություններով, միաժամանակ  կապ հաստատելով եւ ազդվելով Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի գրասենյակի հետ, կոչ անելով ՝ օգնել հայ որբերին։ Աննա Կարապետյանը ներկայացրեց հիմնադրամի եւ նրա անվան շուրջ ժամանակին տրված հակասական գնահատականները, ինչպես նաեւ այդ տարիներին Հանսայի եւ պրահայաբնակ հայության շփումները։  Նշվեց նաեւ, որ նացիստական օկուպացիայի տարիներին գիրքը ընդգրկվել է արգելված գրականության ցանկում։ Ի՞նչ կապ է ունեցել Հանսան 50ից ավելի հայ ուսանողների հետ, ու՞մ են հասել նրա հիմնադրամի գումարները՝ այս եւ այլ հետաքրքիր հարցերին, որ հնչեցին դահլիճից, բանախոսն անդրադարձավ հանգամանալից բացատրություններով։

Վերջում ամփոփելով Հանսայի կատարած աշխատանքը, Աննա Կարապետյանը նշեց, որ չեխ ճանապարհորդի ամենածանրակշիռ եւ անսպառ հիմնադրամը մնում է «Արեւելքի արհավիրքները» գիրքը, որը 100 տարի անց էլ իր  ամենամեծ ներդումն ունի ոչ միայն ցեղասպանության ճանաչման, այլեւ դրա հանրայնացման գործում։

Ձեռնարկի վերջում ներկաները ձեռք բերեցին Հանսայի գրքի երկու՝ չեխերեն եւ հայերեն հրատարակությունները, կիսվեցին իրենց դրական տպավորություններով։ Ցավալի է, որ հատկապես չեխահայ երիտասարդությունը մասնակից չի դառնում նման միջոցառումների, որոնք իրապես բացահայտում են չեխ-հայկական կապերի նոր շերտեր, նաեւ հնարավորություն տալիս օգտվելու անցյալի դասերից։

ՕՐԵՐ ամսագիր

Լուսանկարները՝ Հովիկ Մուրադյանի, Նանե Ասատրյանի եւ Հակոբ Ասատրյանի

Որտե՞ղ կարելի է գնել Հանսայի գիրքը

Հարգելի հայրենակիցներ, շատերն են հարցնում , թե ինչպես կարող են ձեռք բերել Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գիրքը։

Կարող են ինձ դիմել h.asatryan@volny.cz հասցեով կամ ֆեյսբուքյան էջով։ Չեխիայում գրքի գինը 300 կրոն է + 80 կրոն փոստային ծախս, Եվրոպայում՝ 25 եվրո է՝ փոստային ծախսը ներառյալ, իսկ ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա ու Հեռավոր Արեւելք՝ 30 եվրո։

Երեւանում գիրքը վաճառավում է Բուկինիստ գրախանութների ցանցում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում