Չեխական մամուլի նախորդ անդրադարձում ՕՐԵՐ-ի կայքէջի հետևորդների ուշադրությանն ենք ներկայացրել ՉՀ-ի բժշկության բնագավառի վերջին ամիսների ոչ բարվոք իրավիճակը՝ անդրադառնալով Չեխիայի բնակավայրերում պրակտիկ-ամբուլատոր բժիշկների և ատամնաբույժների զգալի բացակայությանը։ Այժմ անդրադառնում ենք այդ թեմայի երկրորդ փուլին՝ հիվանդանոցային բժիշկների վճարների ու աշխատավարձերի գերակա խնդրին՝ ներկայացնելով ՄՖ ԴՆԵՍ օրաթերթի (28.11.2022թ.) «Պետությունն առավել է վճարում, բայց բժիշկներն ուզում են էլ ավելին…» հոդվածի վերլուծությունը։
Մինչ հոդվածին անդրադառնալը հիշեցնենք, որ չեխերենում (plat)՝ «վճար, վճարում» և (mzda)՝ «աշխատավարձ» բառերը, բյուրոկրատական տեսանկյունից, ամենևին էլ հոմանիշներ չեն։ Չնայած՝ երկու կողմերին գործնականում օգնության է հասնում (výplata)՝ «վարձատրում» հավասարազոր արտահայտությունը։ Չեխիայի Հանրապետությունում * Plat – «վճար» ստանում են պետական ծառայողները, մարզերի կամ շրջանային վարչությունների, համայնքապետարանների կամ ֆինանսավորվող կազմակերպությունների գրասենյակային աշխատակիցները. (այսինքն՝ պետական ծառայությունների դիմաց պետվճարում)։ * Mzda – «աշխատավարձ» տրվում է մասնավոր գործատուների աշխատողներին՝ ներդրած աշխատուժի դիմաց, որի հիմնական ձևերն են ժամավարձն ու գործավարձը. (սովորաբար՝ ամսեկան հետադարձ ուժով – խմբ. նշում):
Հոդվածում խոսվում է Չեխիայի հիվանդանոցների ներկայիս մտահոգության մասին, թե բուժաշխատողները կլքեն իրենց՝ «ավելի պատշաճ վարձատրության» հասնելու միտումով։
«Մի կողմից բախվում են էներգիայի գնաճին և դեղորայքի ծախսերի բարձրացմանը, մյուս կողմից բուժծառայողների հարկադրանքներին՝ ամսական վճարների բարձրացման պահանջով»-գրում է օրաթերթը՝ ներկայացնելով, թե ինչպիսի ճնշման տակ են հայտնվել Չեխիայի հիվանդանոցները, որոնք մտավախություն ունեն, թե իրենց ֆինանսական պաշարները չեն բավականացնի վարձատրությունների վերանայմանը, և բժիշկներն աստիճանաբար կհեռանան իրենցից։
Պետական ծառայությունների դիմաց վճարումների աղյուսակները սովորաբար ունենում են պարտավորեցնող դերակատարություն, տվյալ դեպքում՝ և Կարլովի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի համար, ըստ որի պետք է պարտադիր ավելացվի նաև բուժաշխատողների ամսական վճարները՝ եթե կառավարությունը հաստատի: Օրինակ՝ շրջանային կամ փակ բաժնետիրական ընկերություն հիվանդանոցների աշխատավարձերը, որոնք կարգավորվում են հաստատված ուղեցույցներով, ժամանակ առ ժամանակ տատանվում են։
«Ելնելով պետծառայությունների վճարումների աճից՝ փորձեցինք հետ կանգնել աշխատավարձերի վերանայումից, քանի որ անհնար էր՝ էներգիայի գների թանկացման պատճառով։ Առավելագույնը, ինչ կարելի էր դրանից քամել, 3-ից 4%-ի չափով աշխատավարձերի բարձրացումն էր»,- ՄՖ ԴՆԵՍ-ին է հայտնել Չեխիայի և Մորավիայի հիվանդանոցների ասոցիացիայի փոխնախագահ և Պրախատիցեի հիվանդանոցի տնօրեն՝ Մարտին Չարվաշը, որի խոսքերով աշխատավարձերի ու պետվճարումների, ինչպես նաև առանձին հաստատությունների միջև ճեղքվածքը մեծանում է արդեն մի քանի տարի:
Օրաթերթը ներկայացնում է, որ ՉՀ-ի Առողջապահության տեղեկատվական և վիճակագրական ինստիտուտի՝ (ԱՏՎԻ) հրատարակած «Կադրային ապահովում և դրամական փոխհատուցում» 2021թ.-ի տարեգրքի համաձայն, Չեխիայում, դեռևս 2010 թ.-ին, պետծառայող բժշկի միջին ամսական վճարը կազմել է 50235 չեխական կրոն։ «Ոչ պետական» հաստատություններում աշխատող բժշկի միջին աշխատավարձը եղել է ընդամենը 1000 կրոնով ցածր։ 2021թ.-ի վերջին տվյալներով՝ պետական ոլորտում ծառայող չեխ բժիշկների վճարը կրկնապատկվել է. (միջինը կազմել է ամսեկան 103739 չեխական կրոն)։ Մասնավոր ոլորտի բուժաշխատողի աշխատավարձն այդքան արագ չի աճել և վերը նշվածի համեմատ հասել է ընդամենը 95100 չեխական կրոնի՝ (պետծառայողի դրամավճարից 8639 կրոնով պակաս)։
«Անհամաչափություն կա նաև պետական ու մասնավոր հիվանդանոցների բուժքույրերի վճարների ու աշխատավարձերի միջև»,-գրում է օրաթերթը՝ միաժամանակ ներկայացնելով, որ պետական հիվանդանոցների բուժքույրերի վճարների միջինը 2010 թ.-ին կազմել է ամսական 27517 չեխական կրոն։ Իսկ մասնավոր հիվանդանոցների բուժքույրերի միջին աշխատավարձը՝ 23397 չեխական կրոն՝ (4120 կրոնով պակաս)։
«Անցյալ տարվա դրությամբ բարելավվել են պետական հատվածի բուժքույրերի ու մանկաբարձների վճարումները՝ կազմելով ամսեկան 59917 չեխական կրոն, իսկ մասնավոր հատվածում նույն աշխատակիցների ստացած աշխատավարձի միջինը կազմել է 50551 չեխական կրոն՝ (9366 կրոնով պակաս)»,-հեղինակի աչքից չի վրիպել նաև այս համեմատական թվաբանությունը՝ նշելով, որ առողջապահական ոլորտի մասնագետների, Առողջապահության նախարարության և ապահովագրական ընկերությունների միջև բանակցություններն արդեն ավարտվել են և անհամբերությամբ սպասում են վերջնական վճռին։
«Շատ հիվանդանոցներ խնայողության միջոցներ են փնտրում։ Հիվանդանոցը երբեք չի գործի՝ առանց լավ վարձատրվող անձնակազմի»,-ընդգծել է Մարտին Չարվաշը։ «Այժմ հերթը կառավարությանն է, թե ինչպես են կարգավորելու պետվճարումների ու աշխատավարձերի աղյուսակները՝ ՉՀ-ի Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Առողջապահության նախարարությունների հետ համագործակցության շրջանակներում»,-հոդվածի վերջում կարևորել է Պրախատիցեի հիվանդանոցի տնօրենը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա