Փաշինյանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց շոշափելու Արցախի խնդիրը

  • 30.09.2022
  • 0
  • 50 Views

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի Արցախի հարցից, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրային Ռադիո (armradio.am)ն։

Վարչապետն ասել է, որ այսօր սեղանին չկա ստորագրման պատրաստ փաստաթուղթ և հավելել, որ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները կսկսեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ։

«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասել է Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում»,-անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ նշել է Փաշինյանը:

Հարցին, թե Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ, թե առանց Արցախի, վարչապետ Փաշինյանն ասել է որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը պետք է տարանջատվի Արցախի հարցից։

«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- նշել է նա: 

«Մենք 2018 թվականից ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հիմնական բանակցող կողմը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը, և մենք շարունակում ենք այդպես մտածել»,- հավելել է նա։

Իշխանությունը գիտակցում է երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը և այդ պատասխանատվությունը պատրաստ է ստանձնել՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կոնսոլիդացիայի գաղափարին, պատրաստ է արդյո՞ք նախկին ղեկավարների հետ հանդիպել, նրանց ներկայացնել բանակցային մանրամասները, կիսել պատասխանատվությունը ստորագրվելիք փաստաթղթի համար:

«Կա երկրորդ կողմը, խոսք է գնում բանակցային գործընթացից տեղյակ լինելու մասին, և ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել: Կա կարծիք, որ բանակցային գործընթացից տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ: Բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ և ոչ միայն մեր թիմակիցները:

ՔՊ-ն ամբողջությամբ տեղյակ է, Անվտանգության խորհուրդն ամբողջությամբ տեղյակ է, Արցախում ամբողջությամբ տեղյակ են: Խորհրդակցության մասնակցողներից մի մասը տեղյակ է բանակցություններից, մյուս մասն էլ տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է: Ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը խորհրդարանական երկու խմբակցությունների լիդերներն են, և հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը ևս հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը:

Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակելը, դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է և անունները հրապարակվում են այնտեղ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու սեպտեմբերի 14-15-ի զոհերի անունները չեն հրապարակվում։

«Մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը։ Բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև բնականաբար նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են»,-ասել է նա։

Դեռևս կան մարմիններ, որոնք պետք է նույնականացվեն։ Փաշինյանը հիշեցրել է, որ
44-օրյա պատերազմի ժամանակ դեպքեր են եղել, որ սխալ անուններ են հրապարակվել: «Դրանից խուսափելու համար, ճիշտ է օրենքով գործող մեխանիզմով հրապարակվելը»,–ասել է նա։

Զոհվածների անունները հրապարակվել են ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով. Փաշինյան — Հայաստանի Հանրային Ռադիո (armradio.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում