Նիդերլանդական «Տարվա լավագույն ցուցադրություն» Առաջին մրցանակը տրվել է Հայաստանին

  • 30.09.2022
  • 0
  • 6339 Views

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պատմության թանգարանից, սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակի հանձնման արարողությունը, որն ստացել է Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության համար։ Արարողությանը մասնակցել է Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Նշենք, որ դեռեւս 2022թ մայիսին Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց (Drents Museum) թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվել էր Հայաստանին նվիրված ցուցադրություն, որը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը:

Նիդերլանդական հեղինակավոր «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունը անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական ժյուրիի և համացանցով բաց հանրային քվեարկության միջոցով։ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի հետ միասին մրցանակաբաշխությանը ներկայացված էին Նիդերլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։

Ցուցադրությանը ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։

Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։

Շնորհավորում ենք բոլորին և առաջարկում հնարավորության դեպքում այցելել և վայլելել այս հետաքրքիր ցուցադրությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում