Մոնակոյում նշվեց Հայաստանի Անկախության օրը՝ հայ հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ

  • 28.09.2022
  • 0
  • 78 Views

Այս տարի Մոնակոյում առաջին անգամ նշվեց Հայաստանի անկախության օրը՝ գործարար Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ եւ ջանքերի շնորհիվ։ Օրվա գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Մոնակոյի Notre Dame Մայր տաճարում։ 

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Վրույր Փենեսյանը, առաջին անգամ նման ձեռնարկ տեղի ունեցավ մի տաճարում, որը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի  Գրեյս Քելլիի հարսանեկան արարողությունը, այնուհետ իշխան Ալբերտ Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։ 

Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդը գտնվում էր  ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։

Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության, Ազգային ժողովի, քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ ղեկավարությունը։

Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո՝ դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ։ Հայաստանի դեսպանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Անկախության օրվան եւ երկրի մարտահրավերներին։

Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին ,որի պատվո նախագահն է իշխան Ալբերտ II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը։

Տպավորիչ և հուզիչ համերգային մասում փայլուն ելույթներ ունեցան հայ մեծանուն երաժիշտներ միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը Վիեննայից, Լոնդոնի Թագավորական օպերայի, Միլանի Լա Սկալայի եւ մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի, անզուգական սոպրանո Լիանա Ալեքսանյանը և հանրահայտ դուդուկահար Լևոն Մինասյանը Ֆրանսիայից։

Համերգի ավարտին Վրույր Փենեսյանը Մոնակոյի պետքարտուղարին է փոխանցել նկարչուհի Գոհար Գալստյանի կողմից ստեղծած  շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները, որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբերտ II-ին ։

Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվել է հյուրասիրություն, որին մասնակցել են Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։ Բոլոր հյուրերին բաժանել են ARARAT Brandy-ի կոնյակի նվեր-տուփեր։  Հայաստանի բանկային համակարգը Մոնակոյում առաջին անգամ ներկայացվել է միջոցառման աջակից Acba bank OJSC-ի կողմից ,որը շատ տպավորիչ էր հյուրերի համար ։

Այդ օրը Արքայական պալատի մոտ ծածանվեց նաև Հայաստանի դրոշը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում