«Ավետիք Չալաբյանի կալանավորումը պետք է տագնապի ազդանշան լինի մեր հասարակության համար». ասուլիս Երեւանում

  • 25.07.2022
  • 0
  • 190 Views

Երևանում տեղի ունեցավ Չալաբյանի պաշտպանական խմբի մամլո ասուլիսը

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով մեկնարկում է դատաքննությունը: Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամլո ասուլիսին հայտարարեց Չալաբյանի պաշտպանական խումբը` ներկայացնելով գործով նախաքննության ընթացքում արձանագրված ապօրինությունները: Ավետիք Չալաբյանը շինծու քրեական գործով արդեն երկուսուկես ամիս է ինչ ապօրինաբար զրկված է ազատությունից, և պաշտպանական խումբը պատրաստվում է միջնորդել դռնբաց դատական նիստերի իրականացման, որոնց միջոցով հնարավորություն կունենան ներկայացնելու գործի աբսուրդայնությանը: Պաշտպանական խումբը պատրաստվում է ընդհուպ մինչև մեղադրանք ներկայացված հոդվածի սահմանադրականությունը վիճարկարկել:

«Նախ, չնայած այն հանգամանքին, որ 2022թ հուլիսի 1-ին է նոր քրեական օրենսգրքը ուժի մեջ մտնել, հենց նույն օրը նախաքննական մարմին ներկայացրեցինք համապատասխան միջնորդություն՝ հնարավոր արարքը նոր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակելու համար, սակայն նշված միջնորդությունը թողնվել է փաստացի առանց քննության, քանի որ դրա վերաբերյալ որևէ պատասխան մինչ այժմ չի ստացվել: Ապա դատարանը իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետըՀետաքրքրական է, որ քննիչը չի իրականացրել գործի նյութերի ծանոթացման վարույթային գործողություն։ Այնքան մեծ է գայթակղությունը եղել մեկ վարկյան անգամ Չալաբյանին ազատության մեջ չտեսնելու, որ գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով»,-նախաքննության ընթացքում թույլ տրված բազմաթիվ օրինախախտումների մասին խոսել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

«Արդեն 2.5 ամիս է, ինչ ես գտնվում եմ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում։ Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էին լինել կատարվողի էության մասին, ապա հիմա փաստերը ակնհայտ են դարձնում իմ և արդեն նաև ընտանիքիս հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը։ Սակայն իմ դեպքը, ընդամենը մի օղակն է բռնաճնշումների այն երկար շղթայի, որը վերջին չորս տարիների ընթացքում, բայց մանավանդ վարչակարգի կողմից անփառունակ տանուլ տված պատերազմից հետո, տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ շարքային զինվորից սկսած մինչև երկրի նախկին նախագահ։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան բազմաթիվ կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք կարծես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման վերաբերյալ իրենց ֆունդամենտալ հանձնառությունները, և ելնելով միայն իրենց հայտնի աշխարհաքաղաքական նկատառումներից, թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող ապօրինությունների խրախճանքի վրա»,-Արմավիր քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել Ավետիք Չալաբյանը, որը ընթերցել է Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը:

«Ավետիք Չալաբյանի կալանավորումը պետք է տագնապի ազդանշան լինի մեր հասարակության՝ դեռևս խորը նիրհի մեջ գտնվող այն հատվածի համար, որը մինչ այժմ չի նկատել այս անարդարությունը կամ պատշաճ ուշադրության չի արժանացրել այն։ Հանրային մեծ հարգանք ունեցող գործչին առանց որևէ հիմքի ազատազրկելը, նրա ազատազրկումն ամեն գնով երկարացնելը, նրա ընտանիքի անդամին հալածելը ոչ այլ ինչ է, քան մեկ անձի բռնապետության հաստատման նշան։ Կոնկրետ այս գործի առնչությամբ ի ցույց է դրվել իշխանության թևերի ուզուրպացիայի հանգամանքը. հրահանգն Ազգային Ժողովին՝ վերաքրեականացնել Ավետիքին մեղսագրվող արարքը և հրահանգները դատարաններին՝ Ավետիքի հանդեպ կիրառել կալանք՝ դրա հիմքի բացակայության դեպքում։ Այս անարդարության հանդուրժումը հարվածելու է բոլորբոլորիս»,- ասել է Չալաբյանի գաղափարակից, «Համախմբում» շարժման անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,  Մենուա Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Չալաբյանի գործով դատաքննությունը սկսում է ս.թ. հուլիսի 26-ին և պաշտպանական խումբը հրավիրում է ԶԼՄ-ների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը` դռնբաց նիստերին մասնակցության միջոցով հասարակությանը ներկայացնելու գործի բազմաթիվ ապօրինություններն ու աբսուրդայնությունը:

Ավետիք Չալաբյանի գաղափարները ներակայացված մեկ տեսաշարում` https://www.youtube.com/watch?v=xfLwXmOOJ-o&t=3s ##

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում