2022 թվականի հուլիս 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող, քաղաք էր այցելել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այցի նպատակը Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին:
Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` Տեր Շնորհք աբղ. Սարգսյանի հանդիպում ունեցավ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` քննարկելու համար առաջիկայում եկեղեցու վերջնական օծման, կիրակնօրյա դպրոցի բացման և ընդհանրապես համայնքային կյանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ըստ պատշաճի կազմակերպելու հարցեր:
Ժողովից հետո Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ և ընթերակայությամբ հայրապետական պատվիրակի փոխանորդի կատարվեց եկեղեցու «Դռնբացեքի» արարողություն և Սրբապատկերի օծման կարգ:

Արարողության ավարտին Սրբազան Հայրը խոսքն ուղղելով բոլոր ներկաներին նշեց, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար:
Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտահաղացել ու միասնականորեն իրականություն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը, որն ի դեպ առաջին հայկական եկեղեցին է ողջ Իսպանիայի տարածքում:
Հավարտ եկեղեցական արարողությունների, եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, ուր հնչեցին Կոմիտասի Պատարագից հատվածներ և այլ կոմիտասյան ազգային երգեր:
2022 թուականի Յուլիս 21-էն 23-ը Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ` Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան հովուական այցով Սպանիոյ հարաւը գտնուող Մալագա քաղաքը այցելած էր: Այցի նպատակը Մալագայի նորակառոյց հայկական եկեղեցւոյ «Դռնբացէքի» եւ սրբապատկերներու օծման արարողութիւններն էին: Արարողութենէն առաջ Սրբազան Հայրը, ուղեկցութեամբ Սպանիոյ եւ Փորթուկալիոյ Հայրապետական պատուիրակի փոխանորդ Տէր Շնորհք աբղ. Սարգսեանին, հանդիպում ունեցաւ տեղի եկեղեցական խորհուրդի անդամներուն հետ` քննարկելու առաջիկային եկեղեցւոյ վերջնական օծման, կիրակնօրեայ դպրոցի բացման եւ ընդհանրապէս համայնքային կեանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հովանիի ներքոյ ըստ պատշաճի կազմակերպելու հարցերը: Ժողովէն ետք Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի նախագահութեամբ եւ ընթերակայութեամբ հայրապետական պատուիրակի փոխանորդի` կատարուեցաւ եկեղեցւոյ «Դռնբացէքի» արարողութիւն եւ Սրբապատկերի օծման կարգ: Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը խօսքը ուղղելով բոլոր ներկաներուն նշեց, որ այս եկեղեցին պէտք է ըլլայ բոլոր հայերու տունը: Եւ բոլորս միասին հոգ պէտք է տանինք այս եկեղեցին կեանքով լեցնելու համար: Սրբազան Հայրը նաեւ իր գնահատանքի խօսքը ուղղեց բոլոր բարերարներուն, որոնք մտայղացած ու միասնականօրէն իրականութիւն դարձուցած էին Սպանիոյ մէջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը, որ ի դէպ առաջին հայկական եկեղեցին է ողջ Սպանիոյ տարածքին:

Յաւարտ եկեղեցական արարողութիւններու, եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ դասական համերգ, ուր հնչեցին Կոմիտասի Պատարագէն հատուածներ եւ այլ կոմիտասեան ազգային երգեր:



