Իրանը՝ Թուրքիայի լարախաղացութեան անխուսափելի պատնէշ…

  • 20.07.2022
  • 0
  • 68 Views

  Թեհրանեան եռակողմ հանդիպմանն (առաջինն կայացել է 3 տարի առաջ) Թուրքիան հիմնական օրակարգ՝ Սիրիայի խնդրում այս անգամ էլ մնաց ձեռնունայն։ Հարցը կայանում է նրանում, որ ինչպէս նախորդ եռակողմում, այս անգամ էլ Իրանի ու Ռուսաստանի Դաշնութեան մօտեցումներն Սիրիայի մասով գրեթէ ամբողջապէս համընկնում էին իրար, հակառակ Թուրքիայի, որն ստիպւած հանդէս եկաւ ընդհանուր՝ այսպէս ասած՝ հակաահաբեկչական պայքարում միւս երկու երկրներին համագործակցութեան հրաւիրելը…

Յատկապէս ԻԻՀ հոգեւոր առաջնորդի Սիրիայի հարցով բարձրաձայնած շեշտադրումները ինքնին յստակեցնում են Իրանի անբեկանելի կողմնորոշումը այդ խնդրում, որն ինչպէս ասւեց՝ աւելի շատ աղերս ունէր ՌԴ-ի դիրքորոշումներին…

 Յատկանշելի է, որ ինչպէս միշտ Թուրքիայի լարախաղաց դիւանագիտութիւնն Իրանի դէպքում անխուսափելիօրէն պատնէշւում ու վրիպում է, մանաւանդ եթէ միջամուխ է լինում (յատկապէս այժմւայ տարածաշրջանային գլոբալ ճգնաժամի ֆոնին) հոգեւոր առաջնորդը՝ որպէս գերագոյն ղեկավար ԻԻՀ արտաքին քաղաքականութեան դիրքորոշումներում…,- «Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը շատ կարեւոր է եւ մենք դէմ ենք Սիրիայի Հիւսիսում ռազմական գործողութիւն սկսելուն… Այդ գաղափարն անպայման կը վնասի ինչպէս Սիրիային, այնպէս էլ Թուրքիային, ինչպէս նաեւ ողջ տարածաշրջանին…»,- ընդգծել է այաթ. Խամենէին:

Գալով Էրդողանեան ըստ էութեան 2-րդ շոկային իրավիճակին, որն, անշուշտ դարձեալ այաթ. Խամենէիի բաց տեքստով յայտարարելու արդիւնքն էր, դա «ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ հազարամեակների սահմանի եւ կենսական հաղորդակցուղու» գերկարեւորումն էր, եւ որպէս կարմիր գիծ դա անձեռնմխելի լինելու առումով, որն ոչ աւել-ոչ պակաս թիրախաւորեց ըստ էութեան Պանթուրքիստական ու Պանթուրանական վերստին գլուխ բարձրացրած թուրք-ադրբեջանական նկրտումներին…

Յուսանք, որ Արցախեան 44-օրեայի արդիւնքում ձեւաւորւած թուրք-ադրբեջանական չարիքի  դաշինքն գոնէ այս անգամ չի համարձակւի նոր սադրանքների ու դաւադրութիւնների բեմականացմանը, չնայած նման դէպքերում իր լարախաղացութեան նշաձողը ուղղում է ինչպէս երբեւէ՝ դէպի ՆԱՏՕ, Իսրայէլ, Եւրոմիութիւն ու ընդհանրապէս ԻԻՀ-ին հակադրւող ճամբարներ։

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում