2022 թ. «Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերին Վենետիկում

  • 29.06.2022
  • 0
  • 32 Views

Հատուկ միջոցառումների շարքում ներառված են նաեւ Aurora Dialogues քննարկումներ

Հունիսի 28, 2022 թ. – Երեւան, Հայաստան. 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: Մեկ վայրում կհամախմբվեն մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը ձգտում են լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 մլն ԱՄՆ դոլար պարգեւ՝ նրան ընձեռելով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են այլոց: Բացահայտելով եւ աջակցելով աշխարհում անհայտ հերոսներին՝ «Ավրորան» զգալի ազդեցություն է ունեցել՝ արդեն բարեփոխելով կարիքի մեջ գտնվող ավելի քան 2.7 միլիոն մարդու կյանք:

Վենետիկում կայանալիք հատուկ միջոցառումների ընթացքում տեղի կունենա Aurora Dialogues երկու քննարկում: Առաջինը կներկայացնի 2022 թ. «Ավրորայի» հերոսներ Ջամիլա Աֆղանիի, Մահինուր էլ-Մասրիի եւ Հադի Ջումանի անվեհեր աշխատանքը: Իսկ երկրորդի ժամանակ կքննարկեն երիտասարդ սերնդի կենսական դերը՝ մարդկության ապագան որոշող խնդիրների լուծման գործում: Խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստներն ու մարդասերները՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ «Ավրորա» համայնքի ներկայացուցիչներն ու նախաձեռնության աջակիցները, կմիավորեն իրենց ջանքերն այնպիսի գաղափարների բացահայտման գործում, որոնք կբերեն շոշափելի, դրական փոփոխությունների:

Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում` աշխարհում հայ մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկում: Այս տարի «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում: Արարողության ընթացքում 2022 թ. «Ավրորայի» հերոսներից մեկը  կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ըստ իր ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության:

Իսկ այժմ կարող եք առաջադրել թեկնածուների՝ 2023 թ. «Ավրորա» մրցանակի համար: Յուրաքանչյուրը կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն ուրիշների կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։

Լուսանկարում՝ Սուրբ Ղազար կղզին (San Lazzaro degli Armeni)

* * *

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021):  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում