ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Եվրոպական միությունը Սյունիքի երեք համայնքներում հիմնում են նախադպրոցական կրթության կենտրոններ

  • 29.06.2022
  • 0
  • 36 Views

Հարթաշեն, Քարաշեն ավելի քան Խոզնավար բնակավայրերում բնակվող ավելի քան 123 երեխա այսուհետ նախադպրոցական կրթություն կստանա.

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի, 2022: Հունիսի 23-24-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական բնակավայրերի երեխաների նման մանկապարտեզ չունենալու պատճառով բաց էին թողնում այդքան կարևոր վաղ մանկական կրթություն ստանալու հնարավորությունը:

«Հայաստանի գյուղական բնակավայրերում բնակվող 3-6 տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է մանկապարտեզ հաճախում: Մինչդեռ գիտնականները փաստում են, որ երեխայի ապագայի համար վաղ մանկական կրթությունը չափազանց կարևոր է, այն իսկապես նպաստում է երեխաների կրթական առաջադիմությանը՝ նրանց համար ստեղծելով ապագայում ավելի մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն: Շահում են երեխաները, ծնողները, հասարակությունը և մեծ հաշվով, շահում է պետությունը: Ապացուցված է՝ վաղ մանկական կրթության մեջ ներդրված ամեն մեկ դոլարի դիմաց  գրանցվում է 6-ից 17 ԱՄՆ դոլարի վերադարձ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

Այսուհետ, Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բնակվող 0-6 տարեկան ավելի քան 123 երեխա, նախքան դպրոց հաճախելը, հնարավորություն կստանա հաճախել այլընտրանքային նախադպրոցական հաստատություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելով ստեղծված այս կենտրոնները ծախսարդյունավետ են և հնարավորություն են տալիս փոքր համայնքներին հեշտությամբ ստանձնել կենտրոնի պահպանման ծախսերը:

«Մանկապարտեզ չունենալու խնդիրը Հարթաշենի բնակիչներին ամենահուզող խնդիրներից մեկն էր: Ուրախ եմ, որ այսօրվանից սկսած, համայնքի 3-6 տարեկան 19 փոքրիկներն այլևս կարող են մանկապարտեզ հաճախել հենց իրենց համայնքում, այլևս ստիպված չեն լինի երկար ճանապարհ գնալ, հատկապես ձմռանը և հասնել Գորիս նախադպրոցական կրթություն ստանալու համար: Քիչ-քիչ մեր փոքրիկների համար կարողանում ենք ստեղծել բարեկեցիկ միջավայր, որտեղ իրենց մանկությունն անցնելու է գունեղ, ստանալու են կրթություն, դաստիարակություն: Ի վերջո, սահմանամերձ բնակավայրում մենք լուծում ենք կենսական նշանակության խնդիրներ»,-բացման ելույթում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

«Այսօր Տեղ համայնքի երկու բնակավայրերում՝ Քարաշենում և Խոզնավարում մեծ տոն է: Վերջապես այս բնակավայրերում էլ բացվեց նախադպրոցական կենտրոն, որտեղ ամեն ինչ կա, որ Քարաշենում 21, իսկ Խոզնավարում 24 երեխա հաճախեն, խաղան, կարդան, սովորեն: Ի դեպ, Խոզնավարի նախակրթարանը հիմնելու գործում մեզ օգնել է նաև Գերմանիայի դեսպանատունը: Համայնքի բոլոր բնակիչների անունից շնորհակալ ենք այն բոլոր կազմակերպություներին և մարդկանց ում լուման կա այս բարի ու կարևոր գործում»,- ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Քայլ առ քայլ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերանորոգել է համայնքների տրամադրած առանձնացված հատուկ սենյակները, վերանորոգել/հիմնել սենյակին կից սանհանգույցներ, կահավորել կենտրոնները, տրամադրել կրթական և դիդակտիկ նյութեր, գրքեր և խաղեր: Տեղադրվել են նաև արևային պանելներ՝ նվազեցնելու ջեռուցման և հետևաբար՝ պահպանման ծախսերը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են դաստիարակները՝ զինվելով երեխաների և հատկապես խառը տարիքային խմբերի հետ աշխատելու նոր մեթոդոլոգիաներով։

«Հայտնի է, որ երեխայի ուղեղը առավել ինտենսիվ զարգանում է կյանքի առաջին տարիների ընթացքում, հետևաբար երեխաների հետագա հաջողությունները կախված են նրանից, թե ինչ և ինչպես են սովորեցնում նրանց ծնողները և մանկավարժները կյանքի առաջին տարիներին,- նշեց Քայլ առ Քայլ հիմնադրամի տնօրեն Մարինե Մկրտչյանը, – Վերապատրաստումների, մենթորական այցելությունների միջոցով դաստիարակները սովորել են ուսումնական գործընթացը կազմակերպել երեխայակենտրոն ուսուցման մոտեցումների հիման վրա, որը կստեղծի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա ազատ ու անկաշկանդ դրսևորել իր ողջ ներուժը: Միևնույն ժամանակ մեծ ուշադրություն կդարձվի խմբասենյակում խմբային խաղերի և գործնական աշխատանքների կազմակերպմանը»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկեր նախարարությունների և այլ գործընկերների հետ դեռ 2015 թվականին սկսեց փորձարկել այս մոդելը: Այլընտրանքային մոդելով նախադպրոցական կենտրոններ հիմնվել են արդեն 16 գյուղական համայնքներում: Եվրոպական միության աջակցությամբ մինչև 2023 թ-ի ավարտը ևս 25 գյուղական համայնքի երեխաներ կկարողանան հաճախել այլընտրանքային մանկապարտեզներ: Սրանով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև նպաստում է ազգային ծրագրին, այն է՝ հասնել նախակրթարաններում 70 տոկոս ընդգրկվածության և դրանով իսկ նվազեցնելով գյուղական վայրերի և երկրի այլ բնակավայրերի միջև առկա նախադպրոցական ընդգրկվածության միջև եղած տարբերությունը», – ամփոփեց տկն Մեստրոնին:

Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատանքներ է իրականացնում Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները սովորելու համար ապահով և անվտանգ միջավայր ունենան: Վերանորոգման արդյունքում համայնքը կկարողանալ ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում