Առաջին Հանրապետության տոնը Բուխարեստում՝ Անդրանիկ Օզանյանի կիսանդրու առջև

  • 30.05.2022
  • 0
  • 394 Views

Մայիսի 29-ին, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ, հավարտ որի հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կատարվեց Հանրապետական մաղթանք: Արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, քահանայից դասը և հավատացյալ ժողովուրդը:

Սրբազան Հայրն իր պատգամն ու կոչը հղեց ներկաներին՝ ասելով. ,,Մայիսի 28-ին մեծ շուքով նշում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տոնը և անկախ պետականության վերականգնման դարակազմիկ իրադարձության բաղձալի հիշատակը։

Սակայն պետք է չմոռանալ, որ մայիսի 28-ը արդյունքն էր նախորդող շուրջ 7 օրերի հերոսական մաքառումների, թուրքական կանոնավոր բանակի դեմ ազգային ազատագրական պայքարի, հերոսական ոգու դրսևորման և մեկ համազգային գաղափարի շուրջ համախմբման։ Հայ ժողովրդի առյուծ զավակները գեներալից մինչև պարզ զինվոր, մտավորականից մինչև պարզ ռամիկ, հոգևորականից մինչև պարզ շինարար, ամենքը մեկ բռունցք դարձած ստիպեցին հարձակվող թշնամուն նահանջել և իրենց հերոսական պայքարով պարտադրեցին հաշվի նստել Հայաստանի և հայ ժողովրդի գոյության, ազատ ապրելու իրավունքի և ինքնիշխանության հետ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են։

Կարևոր այս հաղթանակը հնարավոր դարձավ պայքարի, կռվի ու մաքառումի, միասնականության ու համախմբման շնորհիվ, հայի բազկի ուժը ստիպեց թշնամուն նահանջել ու հրաժարվել իր հայաջինջ քաղաքականությունից։ Հայը երբեք խաղաղություն չի մուրացել, հայը երբեք ծնկի չի եկել ոսոխի առաջ, հայը միշտ պայքարել է, շատ անգամ նահատակվել, բայց պահել է իր արժանապատվությունը։

Այսօր մեր արժանապատվությունը ոտնահարված է, այսօր մեր Հայրենիքի մի հատվածը վիրավոր է, բազում սրտեր բեկանված են ու դեռևս չի չորացել 44-օրյա պատերազմի ժամանակ մեր առյուծ տղաների հեղված արյունը։ Թշնամին, որը նույնն է երեկ և այսօր, աջակցություն ունենալով նաև Հայաստանից ներս, դարձյալ շարունակում է իր հայակործան քաղաքականությունը։ Դարձյալ վտանգված է ոչ միայն Արցախը, այլ մեր անկախ պետականության գոյությունը, մեր ինքնիշխանությունը, վտանգված են մեր սրբությունները, հազարամյա հոգևոր, մշակութային ժառանգությունը, սրբազան Հայրենիքը մեր։ Դարձյալ ներքին ու արտաքին թշնամին պառակտել է մեզ, բաժանել սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների, հանել իրար դեմ, շեղել մեր ուշադրությունը ազգային կարևոր խնդիրներից՝ փորձելով մեկընդմիշտ ավարտին հասցել հարյուրամյակ առաջ կիսատ թողած գործը։

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այսօր էլ, Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերից 104 տարի անց, հայ ժողովրդի համար կրկին լինել-չլինելու խնդիր է դրված: Թերևս փոխվել են մեթոդներն ու խաղացողները, բայց դրությունը նույնչափ օրհասական է, ինչպես 104 տարի առաջ։ Վաղուց արդեն հասունացել է պահը, որպեսզի ազգովի դարձյալ կրկնենք Սարդարապատի հերոսական դրվագը, պաշտպանենք մեր արժանապատվությունն ու նորից թշնամուն ետ շպրտենք մեր Հայրենիքից: Մենք պարտավոր ենք սթափվելու, մի կողմ դնելու կուսակցական, քաղաքական, անձնական ու ամեն տեսակ տարաձայնություն ու ձևավորել միասնական ուժ մեկ առանցքային գաղափարախուսության համար, այն է՝ Հայրենիքի և անկախ պետականություն փրկությունը։ Մենք որևէ իրավունք չունենք մսխելու մեզ ժառանգված անկախությունը, ինքիշխանությունը, ազատ ապրելու ու արարելու իրավունքը, իրավունք, որը ձեռք է բերվել մեր նախնյաց և մեր հերոս զավակների արյան գնով։ Եվ այսօր, երբ դեռ ունենք անկախ պետականություն, որի հիմքերը խարխլված են, անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք:

Մայիսը հերոսական ամիս է և պետք է մնա այդպիսին: Տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, փառք տալով հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․ Ամեն,,:

Այնուհետև ծաղկեպսակներ դրվեցին Տաճարի բակում կանգնեցված ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրու առջև և ներկաներն իրենց խոնարհումը բերեցին մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիներին:

Առաջնորդարանի հովանու ներքո գործող ,,Լույս,, մանկական ակումբի սաները կատարեցին ՀՀ ազգային օրհներգը, երեխաներից Մարիամ և Աննա Սոֆիա Խաչատրյանները երգեցին ,,Հայաստանը պետք է ծաղկի’’ ստեղծագործությունը, Դավիթ Քարամյանն արտասանեց Գրիգոր Զոհրաբյանի  ,,Չքնաղ իմ երկիր նաիրյան,, և Պարույր Սևակի ,,Հայաստան,, բանաստեղծությունները, իսկ երգչախումբը կատարեց ,,Ազատ Հայաստան’’ և ,,Նոր Հայաստան’’ ստեղծագործությունները։

Հայրենիքի համար մարտնչած և նահատակված բոլոր քաջորդիների հիշատակն օրհնությամբ թող լինի: Ամեն:

Ռումանիոյ հայոց թեմ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում