Մեծանուն Ալեքսանդր Հարությունյանին նվիրված համերգ Լոնդոնում

  • 23.05.2022
  • 0
  • 239 Views

Մայիսի 21-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 102 ամյակին նվիրված բացառիկ համերգ-ցուցահանդես:

Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։

Հոբելյանական ծրագրին ներկա ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը,  անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․ Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Ջեյմս Չեգվիդենը հանդես եկան ողջույնի և բացման խոքերով հանդիսականներին:

Երեկոյին ներկա էին Ալ.Հարությունյանի աղջիկը՝ դաշնակահարուհի Նարինե Հարությունյան-Կութճուկյանը, հայկական համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից, հայ և բրիտանացի երաժշտասեր հանրությունը:

Երեկոյի ընթացքում համերգավար Վանուհի Պետրոսյանը ներկայացրել է Հարությունյանի Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, իմպրոմպտու թավջութակի և նվագախմբի համար, երգչախմբային երգեր և մեներգեր, գործիքային մենանվագներ, Սայաթ Նովա օպերայից արիաներ՝ որոնք վարպետորեն կատարվել են միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ երաժիշտներ Անի Բատիկյանի՝ ջութակ, Սիփան Օլահի՝ տենոր և դիրիժոր, Քրիստոֆեր Հեջեսի՝ թավջութակ, Հայարփի Եղիկյանի՝ սոպրանո, Նարինե Մալխասյանի՝ սոպրանո, Մարիա Փալազյանի՝ դաշնամուր, Քլինգեն Կամերային Նվագախմբի և Քլինգեն երգչախմբի կողմից: Համերգը եզրափակվեց Հարությունյանի “Հայրենիքիս հետ” երգով՝ գրված Հովաննես Թումանյանի համանուն բանաստեղծության խոսքերով:

Նկարների ցուցահանդեսով ներկայացել են նկարիչներ Աննա Վիրաբյանը և Նարինե Մալխասյանը:

Համերգի նպատակներից է Ալեքսանդր Հարությունյանի և հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունները հանրահռչակելը Միացյալ Թագավորությունում՝ հայ և միջազգային երաժիշտների կատարմամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում