Ժամանակակից հայ արձակը գերմաներեն՝ Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ

  • 19.05.2022
  • 0
  • 777 Views

2022-ի մայիսին գերմանական Աքսել Դիլման(Axel Dielmann Verlag) հրատարակչությունը Մայնի Ֆրանկֆուրտում  լույս է ընծայել «Հայ արձակի հավաքածու» գիրքը, որի թարգմանությունն իրականցրել է գերմանաբնակ արձակագիր եւ թարգմանչուհի Ագապի Մկրտչյանը։ Նշենք, որ սա թարգմանիչ կազմողի մի քանի տարիների անդուլ ջանքերի ու աշխատանքի արդյունք է, որը վերջապես պսակվեց հաջողությամբ։ Գիրքը լույս է տեսել 1000 տպաքանակով։

Գիրքն ունի նաեւ ենթավերնագիր, որը հեղինակներից մեկի` Լեւոն Շահնուրի պատմվածքի անվանումն է՝ «Այն մասին, թե ինչպես նորածինը կուլ տվեց լուսինը»(Բնագրում՝ «Լուսին կերած նորածինը»)։ Գրքի առաջաբանը գրել է բանասիրական գիտությունների թեկնածու Սեւակ Ղազարյանը (բանաստեղծ Պարույր Սեւակի թոռը-խմբ.)։

Գրքում ընդգրկված հեղինակները 16  են՝  Արամ Պաչյանը, Գրիգը, Նանեն, Արծվի Բախչինյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Համբարձում Համբարձումյանը, Պերճուհի Ավետյանը, Անուշ Ասլիբեկյանը, Կարինե Խոդիկյանը, Ագապի Մկրտչյանը, Ալիս Հովհաննիսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Լեւոն Շահնուրը, Սյունե Սեւադան, Անուշ Վարդանյանը եւ Վան Նովիկովը։

Ինչպես ՕՐԵՐԻ հետ զրույցում նշում է Ագապի Մկրտչյանը, թարգմանության վերջնական տարբերակի վրա իր հետ աշխատել է գերմաներեն լեզվի ընկերության անդամ, դոկտոր Լուց Քունչը։

Թե ինչպիսի չափանիշով են ընտրվել  նշված հեղինակների գործերը, թարգմանչուհին նշում է, որ բացի հայաստանյան գրական դաշտի իր իմացությունից, տարբեր հրատարակչություններից ու գրողների միությունից ուղարկվել են նաեւ բազմաթիվ հեղինակների գործեր, որոնցից էլ կատարվել է ընտրություն։  Ագապի Մկրտչյանի ասելով, իհարկե, գրքում ընդգրկված են տարբեր մակարդակի գործեր, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու թե երիտասարդ շնորհալի գրողներին, եւ թե արդեն հայտնիներին։ Հետեւաբար գրքում տեղ են գտել  թե շատ ուժեղ գրական գործեր, եւ թե  դրանց զիջող ստեղծագործություններ։ Թեմատիկ ուղղվածությամբ  ընտրված գործերը նույնպես տարբեր են։

«Սա ընդամենը փորձ է Հայաստանի գրական դաշտից  մի փոքր պատառ ներկայացնելու գերմանացի ընթերցողին», ասում է թարգմանչուհին։  

2022-ին ծրագրվում է իրականացնել հայ արձակին նվիրված այս գրքի շնորհանդեսը Գերմանիայի տարբեր քաղաքներում։ Նման ձեւով ներկայացվեց նաեւ Ագապի Մկրտչյանի եւ Հելմուտ Մալոնեկի գերմաներեն թարգմանությամբ 2019 թվականին հրատարակված Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը։

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ 2022-ի աշնանը Գերմանիայում լույս կտեսնի «Արցախի պոեզիան» ժողովածուն՝ կրկին Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ, որի առաջաբանը գրելու է Թեսա Հոֆմանը։ Գրքում կներկայացվեն արցախցի 18 պոետների բանաստեղծություններ։

Հ.Ա.

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում