Չեռնոգորիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

  • 13.05.2022
  • 0
  • 442 Views

Մայիսի 12-ին Պոդգորիցայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, չեռնոգորականը՝ երկկողմ հարաբերությունների, տնտեսական և մշակութային դիվանագիտության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Չեդոմիր Ֆուշտիչը։ ՀՀ պատվիրակության կազմում էր նաև Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։

Հանդիպման մեկնարկին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները, ուրվագծվեցին տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը։ Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և այն ընդլայնելու հեռանկարին։

Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի մոտեցումները և կարևորեց միջազգային հանրության կողմից դրանք սատարելու անհրաժեշտությունը։ Կողմերը ընդգծեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ՆԱՏՕ-ի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Վլադիմիր Վուչինիչի հետ։ Քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նույն օրը ՀՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Չեռնոգորիայի նախագահի խորհրդական Թամարա Բրայովիչի հետ։ Անդրադարձ կատարվեց բարձր մակարդակով քաղաքական երկխոսության հաստատման կարևորությանը, ինչպես նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում