Սույն թվականի մայիսի 12-ին ձերբակալվել է ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել նրա բնակարանի խուզարկությունից հետո: Բնակարանում որևէ հակաօրինական բան չի հայտնաբերվել: Վստահ ենք, որ կանխամտածված և սադրիչ գործողությունների հետևանք հանդիսացող այս քայլերը գործող իշխանության պատասխան արձագանքն է Ավետիք Չալաբյանի ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման:
Պարոն Չալաբյանը պարբերաբար դեմ է արտահայտվել բանակի կանխամտածված ու հետևողական քայլերով հեղինակազրկմանն ու Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ներկայիս իշխանության դիրքորոշմանը։«Արար» հիմնադրամը տարիներ շարունակ ջանքեր է ներդրել Հայաստանի և Արցախի զարգացման ու անվտանգության ամրապնդման համար, որում Ավետիք Չալաբյանի ներդրումն անուրանալի է:
Ներկա իրավիճակում, երբ անվտանգության հարցերը ծայրահեղ կարևոր են, երկրի բարօրության ուղղությամբ ջանք չխնայող գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ուղիղ կերպով նպաստում են Հայաստանի թշնամիների շահերին։
Ուստի, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները: