Զալցբուրգում բացվեց «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը

  • 11.05.2022
  • 0
  • 329 Views

Մայիսի 11-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցավ «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Արցախի հոգևոր-մշակութային ժառանգություն» (անգլերեն) գրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգշ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Միջոցառմանը ներկա էր Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգշ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Ներկաներին ողջույնի խոսք հղեց Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով ըստ ամենայնի ներկայացրեց Արցախի հայկական ժառանգության պատմությունը և ներկա կարգավիճակը այն հուշարձանների, որոնք գտնվում են Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում։

Միջոցառումը կազմակերպվել է Արցախի հոգևոր ժառանգության պահպանության հարցերով Ավստրիայի կոմիտեի կողմից, ղեկավարությամբ դոկտ. Յասմին Դում-Թրագուտի, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության հովանու ներքո։

Սույն ցուցահանդես և գրքի շնորհանդեսը տեղի է ունենում մայիս 13-14 Վիեննայի թանգարանում (Weltmuseum Wien) կայանալիք՝ Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում։

orer.eu

Լուսանկարները՝ Հայր Գարեգինի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում