Պետությունը պարտավոր է  աջակցել մշակույթին. Սերժ Ավետիքյանը երկլեզու դրամատիկական արվեստանոցի կարեւորության մասին

  • 11.04.2024
  • 0
  • 295 Views

Արդեն երեք տարի է  ֆրանսահայ  դերասան եւ կինոբեմադրիչ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ Հայաստանում անցկացվում է  Երկլեզու դրամատիկական արվեստանոց, որի ամեն տարի մասնակցում է 25 երիտասարդ։ Օրերս Երեւանում կներկայացվի արվեստանոցի երրորդ թողարկման ավարտական ներկայացումը, որը բեմադրել  է ռումինացի  դերասան եւ ռեժիսոր Ստեֆանա Սամֆիրան։ Ներկայացման լեզուն ֆրանսերենն է։ Հանրության ուշադրությանը կներկայացվի  Ռայմոն Քընոյի «Ոճական վարժություններ» ստեղծագործության բեմադրությունը՝ ապրիլի 12-ին  ժամը 17:00 -ին Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դահլիճում։

Մինչ այդ մենք զրույցի հրավիրեցինք անվանի կինոռեժիսոր եւ դերասան Սերժ Ավետիքյանին՝ ծանոթանալու ոչ միայն նախագծի մանրամասներին, այլեւ զարգացման հեռանկարներին ու խնդիրներին։

«Արվեստանոցի գաղափարն առաջացավ, երբ 2020 թվականի հոկտեմբերին  գնացի Հայաստան եւ ինձ այդ օրերին հարցազրույցների ժամանակ հաճախ էին հարցնում, թե ինչ կարող ենք մենք անել այդ իրավիճակում։ Ես ասացի, որ երիտասարդության համար պետք է մտածել, քանի որ հիմնականում երիտասարդներն են զոհվում։ Ու քանի որ ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչն եմ այս երկրում, ուր ծնվել եմ, ութ տարեկանից ֆրանսիական թեքումով դպրոցում սովորել եմ ֆրանսերեն, բայց այժմ ապրում ու ստեղծագործում եմ Ֆրանսիայում, մտածեցի, որ իմ ձեռք բերած գիտելիքները պետք է վերադարձնեմ Հայաստանին։ Ու գաղափարս այն էր, որ ոչ թե ակադեմիական դպրոց լինի, այլ աշխատանոց, որտեղ ավելի ճկուն եւ ազատ միջավայր կլինի  ավարտող ուսանողների կամ արդեն աշխատանք փնտրող երիտասարդների համար։

Այդ ծանր իրավիճակում պետք էր այնպիսի ծրագրեր առաջարկել երիտասարդությանը, որ չմեկնեն Հայաստանից։ Եվ ես հասկացա, որ նախ պետք է 4-5 ամիս իրենց հետ աշխատել, որ ինչ որ չափով ֆրանսերենին տիրապետեն, ապա միայն սկսեն ուսանել աշխատանոցում։ Այդպես սկսեցինք այդ ծրագիրը, որն ամբողջությամբ անվճար է նրանց համար։ Ես ցանկացա, որ ոչ միայն հարուստ ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան կրթվելու, այլեւ այն տաղանդավոր երիտասարդները, որոնք վճարելու հնարավորություն չունեն»,-պատմում է ՍԵրժ Ավետիքյանը։

Նրա ասելով, առաջին տարվա աշախատանոցում ընդգրկել են ոչ միայն Երեւանի  Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ավարտական ուսանողներին, այլեւ երիտասարդ դերասաններին, որոնք նոր են մտնում թատերական աշխարհ։ «Նախորդ երկու աշխատանոցների արդյունքները հիանալի էին, եւ տեսանելի էր դրական արդյունքը։ Ես կազմակերպեցի նաեւ լավագույնների պրակտիկան Փարիզում, որպեսզի շփվեն եւ փորձ ձեռք բերեն իրենց հասակակից ֆրանսիացի տաղանդավոր երիտասարդներից։ Մեր երիտասարդներն արդեն այնքան ոգեշնչվեցին, որ բելգիացիների պիեսները ֆրանսերենով բեմադրեցին, մեկնեցին եւ խաղացին նաեւ Բելգիայում ու Ֆրանսիայում, ինչպես նաեւ Երեւանում։ Այս տարի էլ շատ բարդ մի պիես են ներկայացնելու ռումինացի ռեժիսորի ղեկավարությամբ, որը կդիտենք վաղը։ Այս ոճը նորություն է, եւ լիովին տարբերվում է հայաստանյան ոճից»։

Ի՞նչ խնդիրներ կան հարցիս, Սերժ Ավետիքյանը պատասխանում է.« Այս նախագծի անխափան գործունեւթյան համար մեզ անհրաժեշտ է տարեկան 50 հազար եվրո։ Քանի որ վեց ամսվա ընթացքում ամեն ամիս երկու շաբաթով  Երեւան են գալիս տաղանդավոր արտիստներ Ֆրանսիայից, որոնք տեղում աշխատում են ֆրանսերեն։ Իրենք իհարկե աշխատավարձ չեն ստանում, բայց ապահվում ենք հյուրանոցով, օրապահիկով, ճանապարհածախսով։ Այս երեք տարում արդեն 15 դերասաններ են եկել, եւ որեւէ մեկը դժգոհ հետ չի եկել։ Բոլորը հիացած են երիտասարդների աշխատանքով։ Միակ բանը, որ չեմ կարող չնշել, իհարկե, ֆրանսերենը այդքան արագ չեն կարողանում յուրացնել, բայց ձգտում են սովորել։ Այդ է պատճառը նաեւ, որ Փարիզ մեկնում են միայն 6-10 հոգի, որոնք կկարողանան առանց թարգմանչի այնտեղ մասնակցել պրակտիկային։ Այս տարի մայիսին կմեկենեն առանձնակի հաջողություններ գրանցած 10 ուսանող։ Մեր նախագիծը նպաստեց նաեւ, որ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական իսնտիտուտը անցյալ տարվանից ուսումնական ծրագրի մեջ իբրեւ օտար լեզվի ուսուցում, ռուսերենին ու անգլերենին զուգահեռ, մտցնի նաեւ ֆրանսերենի ուսուցումը։ Դա կհեշտացնի նաեւ մեր աշխատանքի շարունակականությունը։ Դրա արդյունքում մենք հուշագիր  ստորագրեցինք Կինոյի եւ թատրոնի պետական  ինստիտուտի հետ եւ մեր աշխատանոցն ամբողջությամբ օգտագործում է իրենց փորձասենյակը եւ դահլիճը։ Միեւնույն ժամանակ, արդեն ժամանակն է, եւ ես պաշտոնյաների հետ իմ հանդիպումներում պահանջելու եմ, այլ ոչ թե խնդրելու, որ Հայաստան պետությունն էլ իր մասնակցությունը բերի այս նախագծին։ Խնդրելու ժամանակը անցել է։ Երբ սփյուռքից ինչ որ բան ենք անում, իրենք գոհ են, բայց ոչնչով չեն օգնում, նույնիսկ շրջաններից Գավառից, Գյումրիից  եկող երեխաների ճանապարհածախսն ու կացարանի գումարները պետությունը չի վճարում։ Գոնե այդ հարցով օգնեն, որն առանձնապես մեծ գումար չի կազմում։ Հուսամ, որ մշակույթի ու արտաքին գործերի նախարարությունները նույնպես մասնակցույթուն կունենան»։

Նշենք նաեւ, որ «Արտեվա» ասոցիացիան, որ Սերժ Ավետիքյանի ղեկավարությամբ  ստեղծվել է այս նախագծի իրականացման համար, թե Փարիզում եւ թե Երեւանում ունի համակարգողներ։ Հայաստանի համակարգողը Լուսինե Աբգարյանն է, որն ավարտել է Սորբոնի համալսարանը եւ հետաքրքրված է թատրոնով։ 2023 թ․-ի հոկտեմբեր -2024 թ -ի ապրիլ ամիսների ընթացքում հայ երիտասարդ դերասանների հետ աշխատելու համար Հայաստան էին ժամանել հինգ կին արտիստներ ՝ Իզաբել Գիյարը, Կորին Ժաբերը, Նորա Արմանին, Լենա Պոգամը ՝ Ֆրանսիայից և Ստեֆանա Սամֆիրան ՝ Ռումինիայից։ Ծրագրի հետ համագործակցում են  կամ գործընկեր են  Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանությունը,  ԿԳՄՍ-Ն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը,, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, «Ազնավուր» հիմնադրամը, ՀԲԸՄ Ֆրանսիան, SPFA և MIASSINE ասոցիացիաները։

Հնարավոր է արդյո՞ք, ապագայում այս աշխատանոցի հիմքի վրա Հայաստանում գործի ֆրանսիական թատրոն կամ թատերախումբ հարցին, անվանի ռեժիսորը պատասխանում է. «Այո, արդեն իսկ նման փորձեր կան։ Մեր առաջին տարվա շրջանավարտ երեք երիտասարդ Գյումրիում ֆրանսերենով բեմադրել են  բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի  հետաքրքիր գործերից մեկը եւ ես պետք է մեկնեմ Գյումրի՝ դիտելու այդ ներկայացումը։ Եթե հաջողված բեմադրություն լինի, ապա նախ կբերենք Երեւան, ապա նաեւ կտանենք Բելգիա։ Ապագան սա է։ Մենք ոչ թե պետք է խուսանավենք, այլ ցույց տանք, որ իրենց լեզվով նույնպես կարող ենք ցույց տալ իրենց մշակույթը։ Սա է մեր նպատակը։ Եվ դա հասակացել են նաեւ մեր երիտասարդները, որ դժվարությունների դեպքում պետք չէ փախչել երկրից, այլ պետք է մնալ եւ աշխատեցնել ավելի ճկուն գործիքներ։ Իմ կյանքում էլ, ֆրանսրենի իմացությունը շատ է օգնել, եւ ժողովրդական ասացվածքը՝ որքան լեզու գիտես, այնքան մարդ ես, լիովին աշխատել է իմ դեպքում։ Եվ ինքս հաճախ եմ խորհուրդ տալիս երիտասարդներին, որ բացի ռուսերենից եւ անգլերենից, նաեւ ֆրանսերեն սովորեն, քանի որ ֆրանկոֆոնիան Հայաստանի համար շատ կարեւոր է։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ Եվրոպայում ֆրանսիական հայկական սփյուռքն է ակտիվ, եւ այդ կապը նույնպես պետք է օգտագործել»։

Սերժ Ավետիքյանը լավատես է,  ծրագիրը կշարունակվի եւ կրթված երիտասարդները կվերափոխեն մշակութային կյանքը Հայաստանում։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում