Ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Վրաստանի վարչապետ

  • 25.03.2024
  • 0
  • 328 Views

Այսօր Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: 

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը: Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:  

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Վարչապետ Կոբախիձե, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությունը մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում։ Թույլ տվեք ևս մեկ անգամ անձնապես շնորհավորել Ձեզ եղբայրական Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ հույսով և վստահությամբ, որ մեր կառավարությունները կհամագործակցեն՝ բարձրացնելու և զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։  Ուրախ եմ, որ հենց նոր քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսության մասին մեր հռչակագիրը և վերահաստատեցինք, որ կշարունակենք հասցեագրել այն օրակարգը, որը տեղ է գտել այդ հռչակագրի մեջ։ Ձեր այցը շատ կարևոր է, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Վստահ եմ շատ ակտիվ համագործակցություն ու երկխոսություն կունենանք, ներառյալ ակտիվ երկկողմ այցեր։ Այսպիսով, ողջունում եմ Ձեզ մեր երկրում»։

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մեզ համար կարևոր է էլ ավելի առաջ մղել երկու երկրների միջև հարաբերությունները։ Վերջերս ունեցել ենք կարևոր զարգացումներ, մեզ հաջողվել է համագործակցությունը տանել դեպի ռազմավարական գործընկերություն։ Կարևոր է օգտվել այս նոր իրավիճակից և զարգացնել համագործակցությունը բոլոր  ուղղություններով։ Մենք կիսում ենք նույն արժեքները և կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար։ Իհարկե, մենք հաստատակամ դիրքորոշում ունենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում։ Քաղաքական համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է, բայց միշտ կա հնարավորություն՝ այն առավել խորացնելու, նույնը վերաբերում է տնտեսական հարաբերություններին»:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում: Երկու երկրների վարչապետներն ընդգծել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբխաիձեն քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ևս: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուղղությամբ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվել է պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը:   

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք:

Երկու երկրների վարչապետները շրջել են դեսպանության տարածքով, ծանոթացել առկա պայմաններին:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի գործընկերոջը և Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցներին՝ նոր շենքի բացման առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս՝ արդեն դեմ առ դեմ, սրտանց շնորհավորել գործընկերոջս՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով: Վստահ եմ, որ պարոն Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում:

Գիտեք, որ ս/թ հունվարի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր և անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:

Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունություն և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից:

Ինչպես գիտեք, նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև՝ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին:

Այսօրվա հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ մեր ընկալումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը: Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը: Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները:

Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ արդեն իսկ հայտնի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա, այն է՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ապահովելով հավասարություն և փոխադարձություն: Վերջինի կապակցությամբ կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը։ Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին:

Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,

Ամփոփելով՝ ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար:

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ Երևանում և շնորհակալություն եմ հայտնում այսօրվա արդյունավետ քննարկումների համար»:

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև  ԶԼՄ ներկայացուցիչներին:

Վարչապետի պաշտոնում իմ նշանակումից ի վեր՝ ես առաջին հերթին շատ վաղ այցելել եմ Հայաստանի Հանրապետություն: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, բարեկամության համար: Պետք է ասեմ նաև, որ մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ունեցել, ստորագրել ենք Համագործակցության հռչակագիր և էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացրել մեր հարաբերությունները: Նպատակն է՝ խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա, արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին:  Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունը իմ գործընկեր՝ վարչապետ պարոն Փաշինյանին, ով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն: Ես ևս առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և կիսում եմ իմ գործընկերոջ կարծիքն առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են:

Մենք, իհարկե, խոսեցինք տարբեր ոլորտներում համագործակցության մասին՝ տարբեր ձևաչափերով: Քաղաքականության մակարդակով՝ տրանսպորտ, էկոնոմիկա, զբոսաշրջություն, այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի, էլ ավելի կզարգանա, դա շատ կարևոր է:

Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին, ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանի առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում, և մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և շոշափելի համաձայնագիր կլինի: Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում:

Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար, և ուրախ եմ Ձեզ Վրաստան հրավիրելու առիթի համար: Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ:

Մենք բարձր մակարդակի երկկողմ այցեր ենք ունենում, սա շատ կարևոր է, և պետք է այս մոտեցումը, միտումը պահպանենք՝ ի նպաստ մեր գործընկերության բարձր մակարդակի ամրապնդման: Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրները, մեր երկրների միջև համագործակցությունը, և այդ համագործակցությունը շատ կարևոր է: Շնորհակալություն»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում