Պլովդիվի հայ համայնքը նշեց Ս․ Գևորգ եկեղեցու վերակառուցման և օծման 195 ամյակը

  • 13.12.2023
  • 0
  • 658 Views

Դեկտեմբերի 9-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ  գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով մեկնեց Բուլղարիա, Պլովդիվ քաղաք` տեղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման 195 ամյակին նվիրված միջոցառումները հանդիսապետելու համար: Սրբազան Հորն ուղեկցում էր Ռումանիոյ հայոց թեմի վարչատնտեսական փոխառաջնորդ արժ․ Տ․ Գրիգոր քհն․ Հոլկան։

Դեկտեմբերի 10-ին ձեռամբ գերշ․ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, հանդիսավոր պատարագ մատուցվեց Ս. Գևորգ եկեղեցում, մասնակցությամբ և սպասավորությամբ Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի և արժ․ Տ․ Գրիգոր քհն․ Հոլկայի:

Ընդառաջ հոգևոր հովիվի եւ Եկեղեցական Վարչության հրավերի՝ մինչ Սբ․ Պատարագի սկսելը եկեղեցի էր այցելել Պլովդիվի նորընտիր քաղաքապետ Կոստադին Դիմիտրովը։ Ս․ Պատարագին ներկա էին նաև  Բուղարիայում ՀՀ հյուպատոս Թամարա Ղուշչյանը եւ այլ աշխատակիցներ, Պլովդիվի քաղաքապետարանի «Մշակույթ եւ տուրիզմ» վարչության ներկայացուցիչներ, Պլովդիվի ավագանու անդամ դոկ․ Վեսելկա Խրիստամյանը, Բուլղարիայում ՀՅԴ ներկայացուցիչ Սահակ Չալըկյանը, Պլովդիվի ՀԲԸՄ ատենապետ Տիկին Հռիփսիմե Նուրիկյանը, Եվրոպայի Հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը, «Արաքս» հիմնադրամի նախագահ Մարիամ Կարապետյանը, ատենապետ Պերճ Ջանիկյանը, Պլովդիվի հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու Եկեղեցական Վարչության անդամներ ու հավատացյալներ:

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրն իր պատգամը հղեց ներկաներին՝ մասնավորապես նշելով. ,,Պլովդիվի Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման և օծման 195 ամյակի առիթով մեր օրհնությունն ենք հղում տեղվույն հոգևոր հովիվ արժ․ Տ․ Հրաչ քահանա Մուրադյանին, եկեղեցական վարչության ատենապետ տիար Պերճ Ջանիկյանին, հայկական կառույցների ներկայացուցիչներին ու համայնքի անդամներին, շնորհավորում ենք օրհնաբեր այս առիթով։ Գոհություն և փառք ենք մատուցում առ Աստված, որ 195 տարի անց էլ շարունակում եք շաղկապված մնալ Ս. Գևորգ եկեղեցուն, որը խորհրդանիշն է Պլովդիվի հայության զորեղ հավատքի, փառավոր անցյալի, լուսավոր ներկայի և պայծառ ապագայի: Մեր նախնիները հստակ գիտակցել են, որ իրենց հոգևոր ու ազգային արժեքների, ինքնության պահպանման, հայ մնալու, հավատը, լեզուն ու մշակույթը պահելու գաղտնիքը եկեղեցու մեջ է։ Եվ այդ հավատքով ու համոզումով էլ վեր են խոյացրել այս եկեղեցին, որն այսօր էլ շարունակում է ծառայել բուլղարահայության և ի մասնավորի Պլովդիվի հայության հոգևոր և ազգային կարիքներին: Ուրախ ենք, որ դուք եկեղեցու հովանու ներքո դուք ամենայն ջանք ու եռանդ ներդնում եք կառուցելու համայնքի նոր, առավել շեն ու պայծառ ապագան և նոր հաջողություններով հարստացնելու բուլղարահայության համայնքային կյանքի պատմությունը: Այսօր առավել քան երբևէ, երբ մեր Հայրենիքն անցնում է ծանր փորձությունների միջով, բոլորիս սրբազան պարտականությունն է համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, միաբանվել և գործել հանուն ազգային շահի և համընդհանուր բարօրության։ Ուրեմն եկեք 195 տարի անց դարձյալ մեր ուխտը վերանորոգենք առ Աստված, վերափոխվենք և դառնանք մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Հայրենիքի առավել արժանավոր զավակներ, մենք ուխտը վերանորոգենք առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր ուժն ու եռանդը ներդնենք Հայրենիքի և Մայր Եկեղեցու բարգավաճման ու առաջընթացի համար: Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Տերն առատապես օրհնի և ապավեն լինի Պլովդիվի մեր սիրեցյալ հայորդիներիդ` նոր հանձնառություններով ու բարի գործերով զարդարելու մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ձեր հավատավոր կյանքով Տիրոջ Սուբ Անունը փառաբանելու։ Թող Աստված անսասան պահի այս հոյակերտ եկեղեցին, որ կարողանա անցնել դարերի բովով և իր հոգածության տակ առնի բոլոր գալիք սերունդներին ի փառս Քրիստոսի և ի պայծառություն Առաքելական մեր Մայր Եկեղեցու,,:

Հավարտ Սբ․ Պատարագի՝ Մշակույթի տան ընդարձակ սրահում տոնի առթիվ, աջակցությամբ Պլովդիվի քաղաքապետարանի, ՀԲԸՄ «Զարթոնք», «Աստղիկներ» եւ «Երազանք» խմբերի կողմից բեմադրվեց հայկական երգն ու պարը։ Իսկ տոնական ծրագրի ավարտին «Արաքս» հիմնադրամի կազմակերպմաբ եկեղեցու բակում տեղադրվեց ու զարդարվեց նոր տարվա տոնածառը, որն ուղեկցվեց մանկական խաղերով։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում