Ստրասբուրգում ձեւավորվում է հայ երիտասարդների ցանցի զարգացման հարթակ

  • 11.11.2023
  • 0
  • 720 Views

Համաշխարհային հայկական Երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի (WostAYN) նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նոյեմբերի 5-ից 11-ը  Ստրասբուրգում տեղի է ունենում «Right for Democracy with the Community!» ուսումնական ծրագիրը։

Ծրագիրն իր շուրջն է համախմբել եվրոպական 14 երկրներում բնակվող 30 երիտասարդի՝ ներկայացնելու և քննարկելու ժողովրդավարության, մարդու իրավունքների, հայկական համայնքներում իրենց դերակատարության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը։

Ծրագրի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԽ Ստրասբուրգի Երիտասարդական կենտրոնի փոխտնօրեն Սառա Վալտերը և ներկայացրեց ԵԽ գործունությունը, ծրագրի նպատակներն ու առաջիկա անելիքները։ Եվրախորհրդի կրթության և վերապատրաստման բաժնի ղեկավար Ռուի Գոմենշն էլ ներկայացրեց բաժնի գործունեությունը, նպատակները և պատասխանեց մասնակիցների հարցերին։

Դասախոսությամբ հանդես եկան ԵԽ փորձագետներ՝ Ոստայնի նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ դեկան, «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ատոմ Մխիթարյանը և Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի դոցենտ, ԵԽ վերապատրաստողների թիմի անդամ Ռուզաննա Իվանյանը։ ԵԽ փորձագետները ներկայացրեցին Ժողովրդավարության մոդելները, երիտասարդների մասնակցության աստիճանները, համայնքներում ակտիվ ներգրավվելու և որոշում կայացնելու գործընթացներում երիտասարդների դերակատարության ձևաչափերն ու հնարավորությունները։

Ուսուցողական դասընթացի մասնակիցները կիսվեցին համայնքային մասնակցության իրենց փորձառությամբ՝ ներկայացնելով ընձեռնված հնարավորությունները և առկա հնարավոր խնդիրները։

Ծրագրի մասնակիցները պատիվ ունեցան հյուրընկալելու Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին։ Դեսպանը ներկայացրեց Եվրախորհրդում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իրականացրած աշխատանքները, ինչպես նաև հանգամանորեն պատասխանեց երիտասարդների բոլոր հարցերին։

Տեղական ժողովրդավարության մեխանիզմների կիրառմանը վերաբերվող հարցերը քննարկվեցին Ստրասբուրգի փոխքաղաքապետի հետ։

ԵԽ երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներ Անկա- Ռուխանդռա Պանդեան և Մարջիթ Բարնան ծանոթացրեցին ”Democracy here, Democracy Now” երկարաժամկետ ծրագրի բաղադրիչները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու այս օրերին Ստրասբուրգում անցկացվող «World Forum for Democracy» համաժողովին՝ բարձրաձայնելով Հայոց Ցեղասպանությանը և Արցախի հիմնախնդրին վերաբերող հարցեր։

Ծրագրի նախաձեռնող Ատոմ Մխիթարյանը կարևորելով դասընթացի իրականացումը՝ տեղեկացրեց, որ արդյունքում մշակվելու է համատեղ գործողությունների պլան՝ միտված եվրոպական երկրներում հայկական համայնքների ակտիվացմանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավմանը տարբեր մակարդակներում հայանպաստ որոշումների կայացման գործընթացներին։

Ընդգծենք, որ սա ԵԽ աջակցությամբ Եվրոպայում իրականացվող ՈՍՏԱՅՆ-ի հերթական միջազգային ծրագիրն է, որի աշխատանքային լեզուներն անգլերենն ու հայերենն են։

Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի, Լեհաստանի, Բելգիայի, Ուկրաինայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Իտալիայի, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչները զինվեցին գիտելիքներով և հմտություններով, ընդլայնեցին համագործակցության ցանցը։

Աստղիկ Ավետիսյան

Երևան-Ստրասբուրգ

www.wostayn.net

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում