OPUS KLASSIK 2023-ի Տարվա երգչուհի է ճանաչվել սոպրանո Հասմիկ Գրիգորյանը. «ԱԶԳ»ի անդրադարձը

  • 20.10.2023
  • 0
  • 744 Views
OPUS KLASSIK 2023-ի մրցանակակիրների թվում՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը

Կառչած մնանք հաղթանակից

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ տարբեր անվանակարգերում մրցանակակիր դարձան ջութակահար Աննե Սոֆի Մութթերը, լեհ կոնտրատենոր  Յակուբ Յոզեֆ Օրլինսկին, ջութակահար Դավիթ Գերեթը, դաշնակահար Վիկինգուր Օլաֆսոնը (Víkingur Ólafsson), սոպրանո Ռեգուլա Մյուհլեմաննը ( Regula Mühlemann), երիտասարդ ֆլեյտահար Մաքս Ֆոլբերսը (Max Volbers), հարավաֆրիկացի թավջութակահար Էբել Սելուչին (Abel Selaocoe), լիտվացի ակորդեոնահար Մարտինաս Լեւիցկիսը (Martynas Levickis): 96-ամյա՝ դեռեւս բեմ բարձրացող դիրիժոր Հերբերտ Բլոմշտեդին (Herbert Blomstedt) մրցանակ տրվեց՝ արժեւորելով նրա բեմական գործունեությունը:

«Ի՞նչ է անում երաժշտությունը մեզ հետ» հարցին Բեռլինի Կոնցերտհաուսի նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Յոաննա Մալվիցն (ի դեպ առաջին կինն է, որ ղեկավարում է Բեռլինի Կոնցերտհաուսի նվագախումբը) այսպես պատասխանեց՝ «Երաժշտությունը միավորում է մեզ, մարդիկ իրար պատմություն են փոխանցում երաժշտության միջոցով, մեկի պատմածը գրավում է մյուսի հոգին: Երաժշտությունը կապում է ոչ միայն ազգությունների, այլեւ՝ ժամանակաշրջաններն իրար»: Գերմանական երաժշտարտադրողների դաշնային միության ECHO ամենամյա մրցանակաբաշխությունը, որ 1992-ից մինչեւ 2018-ը անխափան ընթացել էր, ապա հակահրեական սկանդալի պատճառով արգելվել, տարիներ է, որ դասականի խրախուսման իր գործունեությունը շարունակում է OPUS KLASSIK անվամբ, հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ահաբեկչական հարձակման հիշատակումն էլ ունեցավ: Լեգենդար ջութակահար Աննե Սոֆի Մութթերը երախտագիտական իր խոսքում հիշատակեց Դանիել Բարենբոյմի՝ 1999-ին հիմնած նվագախումբը ՝West-Eastern Divan Orchestra-ն, որ բաղկացած է Միջին Արեւելքից, Եգիպտոսից, Իրանից, Իսրայելից, Հորդանանից, Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իսպանիայից սերած երաժիշտներից, եւ այսպես ձեւակերպեց՝ «Երաժշտությունն անհավանական միավորող ուժ ունի, որ գրկում է բոլորիս, ընդունում այնպիսին, ինչպիսին կանք՝ առանց տարբերակելու մեր էթնիկ եւ կրոնական պատկանելությունը: Սա մի ուժ է, որի մասին վերջապես պետք է գիտակցեն քաղաքական գործիչները միջազգային մակարդակով: Այս մրցանակը՝ OPUS KLASSIK-ը նվիրում եմ նրանց, որ հանդես են գալիս հանուն ժողովրդավարության, խաղաղության և նաև հանուն երաժշտության»:

Հայերիս համար առանձնահատուկ ուրախալի է, որ միջազգային հեղինակավոր մրցույթների մեջ հաղթանակը գրկում է մեզ: OPUS KLASSIK 2023-ի մրցանակակիր դարձավ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը: Նկատել տանք, որ նրա անունը համաշխարհային մամուլում, ազդագրերում ռուսերեն Asmik ձեւով է գրվում: Մրցանակաբաշխության տոնական համերգին Հասմիկ Գրիգորյանը կատարեց  Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ից Un bel dì, vedremo արիան: «Miss Emotion», այսպես ներկայացրեց  Գրիգորյանին համերգը վարող լյուքսեմբուրգցի հայտնի հաղորդավար եւ դերասանուհի Դեզիրե Նոզբուշը (Désirée Nosbusch)՝ ասելով, թե օգտվում է սոպրանոյի տեղին ինքնաբնութագրումից: «Հասմիկն ապրում է իր յուրաքանչյուր դերակատարում: Նա խորությամբ է զգում երաժշտությունը», ասաց հաղորդավարուհին, եւ որպես դրա հավաստում հետեւյալ կենսագրական փաստը ներկայացրեց՝ Հասմիկի մայրն էլ օպերային երգչուհի է, նա Պուչինիի այդ ստեղծագործությունը կատարել է նաեւ հղի ժամանակ, երբ Հասմիկը նրա ներսում էր: Երգչուհին հենց այդպես էլ խոստովանում է՝ ներարգանդային օրերից գիտեմ այդ երգը»:

Այնուհետ նախ Հասմիկ Գրիգորյանի մասին կարճ տեսանյութ ցուցադրվեց, որ պատմում էր նրա հանրահայտ ծնողների՝ տենոր Գեղամ Գրիգորյանի եւ լիտվացի օպերային երգչուհի Իռենա Միլկյավիչույտեի մասին: Ֆիլմն ակնթարթային, սակայն այնքան վարպետորեն պատկերեց Հասմիկին՝ ծնողներից, հատկապես հայրիկից փոխանցված հոգեւոր ժառանգության մասին հիշատակումը, այնքան հուզիչ էր տեսնել, որ բջջային հեռախոսի մեջ ամբարված Հասմիկի մանկության կարեւոր դրվագներից մեկը «Ծիծեռնակն» է, որ երգում է հոր՝ ակնհայտ գորովալից եւ մոր ուրախ հայացքի ներքո: Այնուհետ Հասմիկ Գրիգորյանի արտիստական տաղանդի մասին կարծիք հայտնեց երգիչ Յոնաս Քաուֆմանը՝ հաղորդելով, որ վերջապես միասին են իրականացնելու Վիեննայի շտատսօպերում «Տուրանդոտի» նոր բեմադրությունը: Կարճ եւ հագեցած տեսաֆիլմի ամենահուզիչ վերջին կադրերում արխիվից գտնված պատառիկներ էին՝ Պինկերտոնի դերում՝ Գեղամ Գրիգորյանը, Չիո Չիո սանի կերպարը մարմնավորող Իռենա Միլկյավիչույտեի հետ՝ «Մադամ Բաթերֆլայում»: Հասմիկի ակնարկած՝ «ներսից եւ խորքից» դերերգին ծանոթ լինելու վկայությունն է, որ արցունք  քամեց ոչ միայն երգչուհու, այլ մեծ արտիստների վերհուշը վերապրողների աչքերից:

2018-ին Զալցբուրգում «Սալոմեն» համաշխարհային հռչակ պարգեւեց Հասմիկ Գրիգորյանին: Նրա անունը, դերակատարումը միշտ հիացական գրախոսականների է արժանանում: Գրիգորյանին վերջին անգամ առիթ եղավ ունկնդրելու Դորտմունդի համերգասրահում (Կոնցերտհաուսում) մարտի 15-ին՝ Չայկովսկու եւ Ռախմանինովի երգերի կատարմամբ: Դաշնակահար Լուկաս Գենիուշասի (Lukas Geniušas) հետ նրանց համերգը լեփ-լեցուն դահլիճի հանդիսատեսին հոտնկայս երկար ծափերի առիթ տվեց, հաստատելով այն գաղափարը, որ բարձրարժեք ստեղծագործությունը համամարդկային հարստություն է: Այդ օրերին արեւմուտքում, Գերմանիայում նաեւ ռուս հեղինակների հանդեպ հատկապես մերժողական վերաբերմունք կար՝ Ռուսաստան- Ուկրաինա պատերազմը հակամարտ բեւեռների էր բաժանել նաեւ արվեստի, մշակութաստեղծ աշխարհի նվիրյալներին անգամ, ռուսական մշակույթն անցանկալի էր դարձել համերգասրահներում եւ թատրոններում, ռուս կատարողների համերգները չեղարկվում էին՝ քաղաքական համակրանքների եւ հակակրանքների պատճառներով: Ով Պուտինին բացահայտ չէր մերժում, չէր դատապարտում Ռուսաստանի բիրտ գործողություններն Ուկրաինայում, զրկվում էր բեմ բարձրանալու իրավունքից: Այդ օրերին կայացավ հիշատակածս համերգը, որին ունկնդիրը սպասում էր այնքան, որ դատարկ աթոռ չէր թողել 1550 տեղանոց համերգասրահում: Իսկ Հասմիկ Գրիգորյանի արվեստի երկրպագուների մի մասը համերգից հետո համբերատար սպասում էին նրա ելքին՝ ստորագրությունն ունենալու, մեկ-երկու բառ փոխանակելու ազնիվ ակնկալիքով:

2018-ին «Ազգ»-ում( տե՛ս 14-9-2018-ի համարը-Ան.Հ.) անդրադարձել ենք OPUS KLASSIK-ի հաղթողներին, որոնց մեջ «տարվա երիտասարդ ջութակահար» անվանակարգում մրցանակակիր էր դարձել Էմանուել Ճգնավորյանը՝ իր Solo ալբոմի համար, իսկ   «տարվա կամերային կատարում՝ 20- 21- րդ դարի երաժշտություն» անվանակարգում հաղթող էր համարվել դաշնակահարներ Մարթա Արգերիխի եւ Սերգեյ Բաբայանի ՝ Prokofiev for Two սկավառակը:

Միշտ կարեւոր են այս հաղթանակները, հիմա՝ առավել: Անհատի հաղթանակ լինելուց բացի, մեզ նման փոքրաթիվ ժողովրդին ոգեպնդելու, հույսի շող են: Կառչած մնանք հաղթանակից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, https://azg.am/am//

Գերմանիա

ՕՐԵՐ-ի ընթերցողներին հիշեցնենք, որ մեր ամսագրի նախավերջին համարում տպարգել էինք ծավալուն հարցազրույց Հասմիկ Գրիգորյանի հետ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում