«Հայկական Ղարաբաղի վերջը». Ադրբեջանցիները համբերությամբ եւ փողով սուտը դարձրեցին ճշմարտություն. Չեխ լրագրողների հոդվածը

  • 28.09.2023
  • 0
  • 480 Views

«… Ադրբեջանն առանցքային մարդկանց աստիճանական և դանդաղ գնման հզոր կենտրոն է: Նրանք փող չեն խնայում, որպեսզի դանդաղ, բայցև կայուն ​​աշխատանքով՝ մանրակրկիտ մտածված, իրենց նարատիվը շրջանառեն հանրության մեջ: Հարյուր անգամ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն։ Այո, ադրբեջանցիներն ունեն համբերություն և փող։ Համաշխարհային լրատվամիջոցներում արդեն իսկ հնչում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են՝ «անջատողականներ»-ը և «հակաահաբեկչական գործողություններ»-ը։

Հետևաբար, երբ ԵՄ-ի մի ստվար հատված ադրբեջանական գազի բաց ծորակների կարիքն ունի, դժվար է քննադատել մարդու իրավունքների որևէ խախտում։ Նման իրավիճակում ձեռնտու է լռելը։ Ուստի, խղճի տեսանկյունից ոչ ոք չի գիտակցի, որ իր ընտրողները ձմռանը ցրտից կկրճտացնեն ատամները։ Ըստ այդմ, կփակվեն և աչքերը ռազմական հանցագործությունների վրա։ Կփակվեն աչքերը նույնիսկ այն փաստի վրա, որ հայ բնակչությունը հիմա վտարվելու է Ղարաբաղից, և որ տասնյակ հազարավոր կանայք ու երեխաներ կհավաքեն իրենց ճամպրուկները և ստիպված կլինեն լքել իրենց տները՝ ըստ երևույթին, արդեն ընդմիշտ»։ Այս տխուր վերջաբանով է ավարտվել չեխական «novinky.cz» լրատու կայքէջի սեպտեմբերի 21-ի «Հայկական Ղարաբաղի վերջը» ծավալուն վերլուծական հոդվածը, որի հեղինակներն են հայաստանյան մամուլում և համաեվրոպական «ՕՐԵՐ»-ի էջերում բազմիցս ներկայացված, բոլորիս քաջածանոթ չեխ լրագրողներ՝ Լենկա Կլիցպերովան և Մարկետա Կուտիլովան։ Նրանք 44-օրյա պատերազմի սկզբում գտնվում էին Ստեփանակերտում եւ այնտեղից ռեպորտաժներ էին տալիս չեխական մամուլին։ Հետագայում նաեւ լույս ընծայեցին այդ պատերազմի մասին գիրք՝ իրենց կատարած բացառիկ լուսանկարներով։

Հոդվածը ընթերցեք ստորև.

«Հայկական Ղարաբաղի վերջը» (21.09.2023թ., Պրահա)

Վերջին 15 տարիների ընթացքում բոլորս սովոր ենք տեսնել փախչող կանանց ու երեխաների, մարդկանց, ովքեր կյանքի փրկության համար վազում են հրթիռների առջևից, փախնում պատերազմից, անօրինությունից կամ ահաբեկչության սարսափից: Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Ուկրաինա… Այս ամենը, որպես լրագրող, տեսել ենք մեր աչքերով և վերապրել շատ մարդկանց հետ։ Եվ հիմա դա նորից կրկնվում է Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը կրկին հարձակվեց իր հայաբնակ հատվածի վրա։ Դա վերջին հարվածն էր՝ հայկական Ղարաբաղի վերջը։ Օգնող չունեն։ Բնակիչներին պաշտպանող չկա։ Կանայք և երեխաներն այժմ հավաքվում են Ստեփանակերտի օդանավակայանում, որը վերահսկվում է ռուսների կողմից՝ հուսալով որևէ պաշտպանության կամ ապահով փոխադրման դեպի անվտանգ վայր: Մարդիկ սովահար են, քանզի ինը ամիս Ադրբեջանն արգելափակել է սննդի, դեղորայքի և գազի մատակարարումը։

Մեկուկես տարի ոչ մի արտասահմանցի լրագրող ոտք չի դրել Լեռնային Ղարաբաղ, իսկ օտարերկրյա այցելուների թիվը եղել է շատ քիչ։ Մուտք գործողներն էլ եղել են մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք պատերազմից հետո համակարգել են տեղի բնակչության սակավ օգնությունը։ Մենք վերջին անգամ այնտեղ եղել ենք 2021 թվականի փետրվարին։ Ռուսներն ի սկզբանե արգելում էին օտարերկրացիների մուտքն այնտեղ։ Շրջափակման վերջին ինը ամիսներին արդեն ադրբեջանցիներն էին վերահսկում մուտքը դեպի Լաչինի միջանցք, որը մնացած Ղարաբաղի միակ կապող օղակն է Հայաստանի հետ։

Մարդասիրական առաքումները սակավաթիվ էին։ Մարդիկ ստիպված էին հույսը դնել միայն իրենց վրա: Ղարաբաղում սով էր, ապրանքների ու պարենի դեֆիցիտ, իսկ դա ոչ ոքի հոգսը չէր։ Նավթ չկար, գազ չկար, ամեն ինչ փոխադրվում էր էշերի ու ձիերի վրա։ Մեքենաները վառելիք չունեին։ Խանութներում մի քանի ամիս ամբողջովին դատարկություն էր։ Պատերազմից հետո այստեղ տեղակայված ռուս խաղաղապահները, որոնք պետք է կարգուկանոն ապահովեին տարածքում, ոչինչ չարեցին։ Ակնհայտորեն որոշված ​​էր, որ նրանց աչքերը կմնան փակ, երբ Ադրբեջանը փորձի վերցնել այն տարածքի վերջին մնացորդը, որը դեռևս վերահսկվում էր պատերազմը տանուլ տված հայերի կողմից։ Ղարաբաղի հայերը պաշտպանվելու ուժ ու միջոցներ չունեին։ Բացի այդ, վերջին շրջանում լարվածություն էր զգացվում Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Մոսկվայի միջև՝ հենց Ղարաբաղին հասանելիք մատակարարումներով ապահովելու անկարողության պատճառով։

Այլևս վերջ։ Կրկին տասնյակ հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց տները, դաշտերը, խանութները, դպրոցները, ֆերմաները։ Նրանք այնտեղ թողնում են իրենց եկեղեցիները, նախնիների գերեզմանները, իրենց հոգիները։ Նրանք կհեռանան դատարկաձեռն՝ մեծ անարդարության և ատելության զգացումով, որը կփոխանցեն իրենց երեխաներին:

(նկարում ռմբակոծությունից վնասված մեքենաներ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում)

• Բոլշևիկյան գծագրեր քարտեզների վրա

Թեև հայերը Ղարաբաղում բնակություն են հաստատել 5-րդ դարից, այս հողակտորը պատկանելու է թյուրք ժողովուրդներին՝ ադրբեջանցիներին և թուրքերին, ինչպես վայրագ 20-րդ դարում որոշեցին բոլշևիկները՝ հայկական Ղարաբաղը միտումնավոր տեղավորելով մահմեդական Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Միջազգային իրավունքի համաձայն, սրանք գործող պայմանագրեր են՝ անկախ հայության պատմական պահանջից, որն այստեղ կերտեց մարդկության պատմության մեջ առաջին քրիստոնեական պետական ​​մարմինը։

20-րդ դարի իննսունականներին ղարաբաղցի հայերը հասկացան, որ հասել է ինքնորոշման իրենց պատմական հնարավորությունը։ Երբ 1988 թվականին ԽՍՀՄ-ը սկսեց փլուզվել, Ղարաբաղի հայերը հանրաքվե կազմակերպեցին՝ Հայաստանին միանալու միտումով: Այդ ժամանակ հայերը կազմում էին տարածքի բնակչության 90 տոկոսը: Սակայն Ադրբեջանը արգելափակեց հանրաքվեն, և պատերազմ սկսվեց, որը տևեց մինչև 1994 թվականը՝ երկու կողմերից խլելով ավելի քան 30,000 մարդկային կյանք: Պատերազմը հաղթեցին հայերը և այդուհետ միայն նրանք բնակվեցին Ղարաբաղում։ Արդյունքում Ադրբեջանից դուրս մղվեցին 400 հազար հայեր, իսկ Հայաստանից ու Ղարաբաղից՝ 600 հազար ադրբեջանցիներ։

Ադրբեջանը միշտ Ղարաբաղը համարել է հափշտակված տարածք, ինչի արդյունքում 2020 թվականին, Թուրքիայի աջակցությամբ, հարձակվեց Ղարաբաղի հայերի վրա՝ կիրառելով ժամանակակից զինտեխնիկա, այդ թվում՝ Թուրքիայից և Իսրայելից գնված անօդաչու սարքեր։ Ցավոք, հայերը չափազանց կախված են Ռուսաստանից՝ իրենց միակ ավանդական դաշնակցից՝ այն տարածաշրջանում, որտեղ բոլոր կողմերից շրջապատված են թշնամական մահմեդական բնակչությամբ: Հայերի և ադրբեջանցիների միջև կա խորը ու վաղեմի ատելություն։ Այս երկու ժողովուրդների համակեցության պատմությունը միահյուսված է բազմաթիվ ջարդերով, արյունահեղություններով և բնակչության փոխադարձ տեղահանումներով։ Այս երկու էթնոսների միակ խաղաղ շրջանը եղել է երբեմնի Խորհրդային Միության ժամանակաշրջանը։ Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որը 1923 թվականին, Ստալինի օրոք, հատկացվել է Ադրբեջանին։

• 2020 թվականի աղետը

Պատերազմը սկսվեց 2020 թվականին, որից երկու ամիս անց Ղարաբաղը պարտվեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ։

Դեռևս 1915 թվականին, այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում, թուրքական կուսակցությունների կողմից իրականացվել է Հայոց ցեղասպանությունը՝ 1,5 միլիոն հայերի կոտորածով, որի հետևանքով ազգը գրեթե բնաջնջվել է։ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել ցեղասպանությունը։ Այն հայերին համարում է թշնամիներ, իսկ ադրբեջանցիներին՝ թուրք եղբայրներ։

2020 թվականին զինադադարը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ, որն այդ վայր է ուղարկել 2000, այսպես կոչված, խաղաղապահների։ Հայերը կորցրել են իրենց տարածքի 80 տոկոսը։ Նրանց մնացել է պատմական տարածքի չնչին մասը, որի վրա դեռևս կանգուն են վաղ միջնադարում հայերի քրիստոնեական մշակույթն ապացուցող մի քանի կարևոր վանքեր։ Մահմեդական ադրբեջանցիները գրավել են Շուշիի քրիստոնեական հուշարձանները կամ Դադիվանքը, որը կառուցվել է 9-13-րդ դարերում։

(Լուսանկարում՝ Հայերի վերջին աղոթքը Դադիվանքի վանքում, որը գրավել են ադրբեջանցիները – 2020 թ.-ի լուսանկար)

Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ծառայում ղարաբաղյան բանակում։ Այդ բանակը վերջին պատերազմում գրեթե ցրվեց։ Որտեղի՞ց եկան ահաբեկիչները, որոնց դեմ այժմ Ալիևն իր հսկա ժամանակակից բանակով հատուկ գործողություն է իրականացնում։ Հռետորաբանության մեջ նա հստակորեն սովորել է Պուտինից կամ Էրդողանից։ Մինչ օրս այստեղ ապրում էին միայն ղարաբաղցի հայեր և 2000 ռուս խաղաղապահներ և դեռ ոչ ոք այստեղ ահաբեկչական գործողություն չի արձանագրել։

Քանզի երեք տարի պարզ էր, որ դա դեռ չի ավարտվել։ Ադրբեջանն ուզում էր ողջ Ղարաբաղը, որի համար հանգամանքներն այժմ առավել քան բարենպաստ են։ Հայաստանն ինքն անգամ ուժ չունի Ղարաբաղը պաշտպանելու։ Վերջին պատերազմից հետո բոլորովին սպառվել է։ Իր դավաճան դաշնակցի՝ Պուտինյան Ռուսաստանի վրա հույս դնելը զուր էր։ Նույնիսկ Ռուսաստանն է կորցնում ազդեցությունը Կովկասում՝ ի նպաստ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի։

• Հաջորդը` հայկական Սյունիքն է

2020 թվականի նոյեմբերին միգուցե ավարտվել է պատերազմը, սակայն ոչ՝ ադրբեջանցիների թշնամական ոտնձգությունները հայերի դեմ։ Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանցիների և հայերի միջև բախումներ տեղի են ունեցել նաև անմիջապես Հայաստանի տարածքում։ Սա այն է, ինչի մասին քչերն են այժմ մտածում, որ Ղարաբաղի հայաբնակ տարածքների օկուպացիայով այս գործը չի ավարտի։

Հաջորդը պատմական հայկական Սյունիքի տարածքն է՝ (Զանգեզուրը): Այս հողատարածքը «կանգնած է» պանթուրքական կամրջի ճանապարհին, որը Թուրքիային Կասպից ծովով կկապի Ադրբեջանին՝ հասնելով մինչև Թուրքմենստան։ Թյուրքական՝ /կամ համաթուրանական/ տարածքն այսպիսով կլինի Կասպից ծովից մինչև Սև ծով։ Իսկ ադրբեջանցիները, իրենց թիկունքում ունենալով թուրքերին, այլևս հիմքեր չունեն կասկածելու, որ որևէ մեկը կխոչնդոտի նրանց մեծ ուժերի քաղաքականությանը։ Ռուսաստանը և Իրանը բավարար կարողություններ չունեն Կովկասում իրենց ազդեցությունը ռազմական ճանապարհով պաշտպանելու համար։

(Լուսանկարում՝ Քարվաճառ 2020թ. – Նկարում այրվող տներ են, որոնք հայերը ստիպված են եղել թողնել ադրբեջանցիներին)։

• Ալիևը՝ հայերի խաղաղության երաշխավո՞ր

Այժմ բանակցություններ են տեղի ունենալու հայկական Ղարաբաղը Ադրբեջանի վարչակազմին հանձնելու նպատակով։ Ամենայն հավանականությամբ կանանց և երեխաներին կթույլատրեն հեռանալ, իսկ տղամարդիկ նախ կհետաքննվեն՝ արդյո՞ք զինված գործողություններ չեն կատարել Ադրբեջանի դեմ։ Մի պահ մտածելն է անգամ ծիծաղելի, որ նրանց թույլ կտան դառնալ Ադրբեջանի օրինական քաղաքացիներ։ Ալիևն ու նրա քաղաքական վերնախավերը տարիներ շարունակ ցույց են տալիս, որ ցանկանում են վերացնել հայերին՝ նրանց մշակույթը, լեզուն և կրոնը։ Ալիևի բռնապետությունը ոչմի կերպ չի կարող համարվել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխավոր։

Բռնապետերի՝ Ալիևների կլանը, որոնք նպատակաուղղված պայքարում են Ադրբեջանում ժողովրդավարության և լրատվամիջոցների ազատության դեմ, երկիրը կառավարում է արդեն երկրորդ սերունդ: 2020 թվականի հակամարտության ընթացքում Ադրբեջանում իրադարձությունները լուսաբանող լրագրողներին հետևում էին կառավարության կամակատարները, որոնք նրանց հստակ արգելքներ էին սահմանում, թե ինչ կարող էին նկարահանել: Ադրբեջանը բռնապետություն է՝ նման իր աջակից Թուրքիային, որտեղ նախագահ Էրդողանը «ծանր ձեռքով» շուրջ քսան տարի ղեկավարել է տարբեր պաշտոններում, և որի երկիրը ներկայումս աշխարհում վեցերորդն է՝ բանտարկված լրագրողների թվով։ Թուրքիան երկար ժամանակ այդ հորիզոնականի բարձունքում էր, սակայն 2020 թվականին 20 բանտարկված լրագրողների ազատ արձակումն օգնեց ցուցանիշի անկմանը։

• Բռնապետական ​​ռեժիմների բանակները որպես պատերազմի երաշխիք

Աշխարհը թույլ տվեց Ադրբեջանին կառուցել ոչ միայն պաշտպանության, այլ հատկապես հարձակման պատրաստ բանակ։ Չնայած 1994 թվականից հետո Ադրբեջանի դեմ սահմանված զենքի մատակարարման էմբարգոյին, ադրբեջանցիները հսկայական քանակությամբ զենք են գնել հիմնականում Ռուսաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Պակիստանից և Իսրայելից։ Իսրայելով այնտեղ են հասել նաև չեխական «Դանա» հաուբիցները։ Եթե ​​մենք թույլ տանք, որ բռնապետությունները կառուցեն ուժեղ հարձակողական բանակներ, այլևս չենք կարող խաղաղություն ակնկալել։ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի բանակների հարձակողական ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հուշում է, որ պատերազմները կրկին դառնում են հակամարտությունների լուծման հանդուրժելի միջոց։

Բացի այդ, Ադրբեջանն այն երկիրն է, որը ֆինանսավորում է զենքի գնումը նավթի և բնական գազի վաճառքից ստացված գումարներով։ Բնական գազի հիմնական սպառողներից է ԵՄ-ն։ Գազը Կասպից ծովից ուղարկվում է Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ավստրիայի տարածքով՝ հասնելով Չեխիա։ Դեպի Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից և «Հյուսիսային հոսք» գազատարով բնական գազի հոսքի դադարեցումից հետո, ԵՄ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նա ավելի շատ գազ մատակարարի, քան նախկինում։ Այս ամառ ԵՄ-ն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որ կովկասյան երկիրն այս տարի իր բնական գազի մատակարարումները Եվրոպա 10 միլիարդ խորանարդ մետրից հասցնի 12 միլիարդ խորանարդ մետրի։

Այնուհանդերձ, վերլուծաբանները զգուշացնում են, որ Ադրբեջանն իր գազի մի մասը գնում է Ռուսաստանից։ Ի վերջո, դա հաստատել է նաև ռուսական պետական ​​գազ արտադրող և արտահանող «Գազպրոմ»-ը՝ հայտարարելով, որ նոյեմբերի 15-ից սկսել է գազի մատակարարումը Ադրբեջանի պետական ​​գազային SOCAR ընկերությանը։ Մինչդեռ Եվրոպան ուրախ է, որ ստանում է ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական գազ՝ այն վստահությամբ, թե. «Միայն ռուսական բռնապետությունն է վատ, ադրբեջանականը՝ ամենևին»։

 (Լուսանկարում հայերը տեղահանվում են Ղարաբաղից – 2020թ.)

Համաթուրանական տարածք՝ Կասպից ծովից մինչև Սև ծով

Ադրբեջանի և Թուրքիայի հիմնական նպատակներից մեկը գազատար ճանապարհի կրճատումն է, որն այժմ շրջանցում է Հայաստանը՝ անցնելով Վրաստանի տարածքով։ Արտադրանքի այս նոր խողովակաշարի ամենակարճ ուղին պետք է Կասպից ծովից անցնի Լեռնային Ղարաբաղով և Հայաստանի հարավային հատվածով մտնի Թուրքիա: Այսպիսով, խոսքն այլևս Ստալինի ժամանակաշրջանում առաջադրված պատմական պահանջների մասին չէ, այլ աշխարհի ներկայիս նոր կարգի և խոշոր խաղացողների էներգետիկ կարիքների ու շահերի մասին է։

Բացի ինտենսիվ զինվելուց, Ալիևը նաև քաղաքական հող էր նախապատրաստել Ղարաբաղում ռազմական արշավի համար։ Վերջին 15 տարիներին նա իր նավթադոլարների համար կոռումպացնում է եվրոպացի քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակադեմիկոսներին։ Այս զանգվածային կոռուպցիան նույնիսկ ունի իր, այսպես կոչված, «տերմինուս տեխնիկա»-ն՝ խավիարային դիվանագիտությունը։ Մեղադրանքների մեծ մասը հնչել են հարևան Գերմանիայում։ Խոսքը միայն փողի մասին չէ, այլև դեպի Ադրբեջան տարբեր «all inclusive» ուղևորությունների, որին մասնակցել են տասնյակ չեխ քաղաքական գործիչներ։ Ի վերջո, Չեխիան այժմ Ադրբեջանից ստանում է բնական գազի 40 տոկոսը։

(Ղարաբաղյան պատերազմում զոհված հայ զինվորների հուղարկավորությունը՝ 2020 թ.-ի լուսանկար)

Ադրբեջանն առանցքային մարդկանց աստիճանական և դանդաղ գնման հզոր կենտրոն է: Նրանք փող չեն խնայում, որպեսզի դանդաղ, բայցև կայուն ​​աշխատանքով՝ մանրակրկիտ մտածված, իրենց նարատիվը շրջանառեն հանրության մեջ: Հարյուր անգամ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն։ Այո, ադրբեջանցիներն ունեն համբերություն և փող։ Համաշխարհային լրատվամիջոցներում արդեն իսկ հնչում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են՝ «անջատողականներ»-ը և «հակաահաբեկչական գործողություններ»-ը։ 2020 թ.-ին գրելիս թերևս քչերն են կիրառել դրանք։

Հետևաբար, երբ ԵՄ-ի մի ստվար հատված ադրբեջանական գազի բաց ծորակների կարիքն ունի, դժվար է քննադատել մարդու իրավունքների որևէ խախտում։ Նման իրավիճակում ձեռնտու է լռելը։ Ուստի, խղճի տեսանկյունից ոչ ոք չի գիտակցի, որ իր ընտրողները ձմռանը ցրտից կկրճտացնեն ատամները։ Ըստ այդմ, նաեւ կփակվեն աչքերը ռազմական հանցագործությունների վրա։ Կփակվեն աչքերը նույնիսկ այն փաստի վրա, որ հայ բնակչությունը հիմա վտարվելու է Ղարաբաղից, և որ տասնյակ հազարավոր կանայք ու երեխաներ կհավաքեն իրենց ճամպրուկները և ստիպված կլինեն լքել իրենց տները՝ ըստ երևույթին, արդեն ընդմիշտ։

Թարգմանությունը՝ Արսեն Քոչարյանի

Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում