Կալլասի 100-ամյա փառահեղ հոբելյանը Ժնեւում. Պլասիդո Դոմինգոն, Վարդուհի Խաչատրյանը եւ Հովհաննես Այվազյանն անմոռանալի երեկո պարգեւեցին հանդիսատեսին

  • 18.06.2023
  • 0
  • 831 Views

Հունիսի 13-ին Ժնեւի հանրահայտ Վիկտորիա Հոլում տեղի ունեցավ երկար սպասված դասական երաժշտության տոնը՝ նվիրված Մարիա Կալլասի 100-ամյա հոբելյանին՝ մասնակցությամբ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի, հայտնի հայ երգիչներ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանի եւ տենոր Հովհաննես Այվազյանի։ Համերգի կազմակերպիչ, շվեյցարական «Ավետիս» մշակութային կազմակերպության հիմնադիր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը դեռ մի քանի տարի առաջ ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշել էր, որ ծրագրում է Կալլասի 100 -ամյակն ըստ արժանվույն նշել։

Վերջապես  այդ նախագիծը իրականություն դարձավ։ Վարդուհի Խաչատրյանը հիշում է.«Նախապես, ես չգիտեի ում մասնակցությամբ եմ ուզում կազմակերպել այդ համերգը։ Բայց հասկանում էի, որ եթե Կալլասը կին երգչուհիների լեգենդն է, ապա պետք է համերգը լինի տղամարդ լեգենդի մասնակցությամբ, իսկ այդպիսի միակ լեգենդն այսօր Դոմինգոն է։ Եվ ամենակարեւորը, նա Կալլասի հետ երգել էր։ Մենք առաջարկեցինք եւ նա հաճույքով համաձայնեց»։

Համերգի ծրագիրը կազմել են  համատեղ ուժերով, նախ Դոմինգոն է առաջարկել Կալլասի երգացանկից իր նախընտրած արիաները, ապա մնացյալը հայ երգիչները նույնպես ընտրել են լեգենդար Կալլասի երգացանկից։

Եվ քանի որ Դոմինգոն պետք է իբրեւ բարիտոն հանդես գար, ցանկացել են նաեւ հայ տենորի մասնակցություն ապահովել՝ դիմելով Հովհաննես Այվազյանին եւ իր համաձայնությունն են ստացել։  

«Հովհաննեսը մեր սիրված տենորներից է, մեր լավ ընկերը եւ գալա համերգն առանց տենորի, անհնար էր պատկերացնել»,- ընդգծում է Խաչատրյանը։

Համերգից ու համատեղ աշխատանքից հետո Դոմինգոն հիացական կարծիքներ է հայտնել թե՛ կազմակերպչական աշխատանքի, թե՛ հայ երգիչների ձայնային տվյալների մասին, եւ նախապատրաստական ողջ ընթացքում անընդհատ գովել ու ոգեւորել է նրանց։

Վարդուհի Խաչատրյանը պատմում է, որ Դոմինգոն տարբեր կապեր է ունեցել հայերի հետ։ Մասնավորապես պատմել է, որ իր մայրը Սարսուելլա է երգել եւ Փարիզում նրա վոկալի դասատուն հայ է եղել։

«Դոմինգոն հայերի հետ շատ սերտ կապեր ունի։ Մեզ հետ զրույցներում հիշեց Գեղամ Գրիգորյանին, պատմեց Բարսեղ Թումանյանի մասին։ Բացի այդ, իր հեղինակավոր «Օպերալիա» մրցույթում բազմաթիվ հայեր ունենք, որ մրցանակներ են ստացել, իսկ վերջին կարեւոր՝ Առաջին տեղի մրցանակը ստացավ Ջուլիանա Գրիգորյանը։ Շատ էր գովում Գեղամ Գրիգորյանի դստերը           ՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանին»,- պատմում է Վարդուհի Խաչատրյանը։ Այս համերգին նախատեսել էին հրավիրել նաեւ Ջուլիանա Գրիգորյանին, սակայն նրա պայմանագրային կապը եւ զբաղվածությունը Լա Սկալայի թատրոնում այդ հնարավորությունը չի ընձեռել։

Համերգը կայացավ նաեւ իտալական Պեզարիոյի Ռոսինիի փառատոնի հայտնի Orchestra Sinfonica Rossini di Pessaro նվագախմբի եւ ֆրանսիացի հայտնի օպերային դիրիժոր Ֆրեդերիկ Շասլանի ղեկավարությամբ։ Վերջինս ղեկավարում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների նվագախմբերը։

83 ամյա Պլասիդո Դոմինգոն  շարունակում է երգել այնպես, ինչպես չեն կարողանում երգել շատ ուրիշ երգիչներ 60-65 տարեկան հասակում։ Նրա համերգացանկն արդեն իսկ զբաղված է մինչեւ  2025 թվական։ Վարդուհի Խաչատրյանի կարծիքով, Դոմինգոն մնում է ժամանակակից դասական երաժշտության ֆենոմեններից մեկը։

Նշենք, որ «Ավետիսի» կազմակերպած ցանկացած համերգ ինչ որ կերպ առնչվում է հայության կամ Հայաստանի հետ։ Կամ երաժիշտն է հայ լինում, կամ դիրիժորը, կամ համերգային ծրագրերում են տպագրում Հայաստանը ներկայացնող լրատվություն։

Այս անգամ բեմի վրա էին երկու հայ երգիչ։ Եվ պատահական չէ, որ համերգին ներկա Ազնավուրի նախկին պրոդյուսեր Լեւոն Սայանը, ավարտին մոտեցել է եւ կատակով ասել՝ «այս ինչ հայկական համերգ էիք կազմակերպել»։ Համերգի ծրագրում տեղ էր գտել  Հայաստան այցելության մի էջ, որտեղ տպագրել էին Գառնու հայտնի «Քարերի սիմֆոնիան»։  

Ինչ վերաբերում է Պլասիդո Դոմինգոյի հետ հետագա համագործակցությանը, ապա անվանի երգիչը ցանկություն ունի կրկին վերադառնալ Ժնեւ, այս անգամ իբրեւ դիրիժոր,  եւ արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Վարդուհի Խաչատրյանը նաեւ նշեց, որ Դոմինգոն ծրագրում է հաջորդ տարի մեկնել Հայաստան մի շատ հետաքրքիր նախագծի շրջանակներում, որի մանրամասների մասին դեռեւս  չեն ցանկանում հայտնել։

«Ինչ վերաբերում  շվեյցարական համերգին, ներկաները ասում էին, որ վերջին տասը տարվա ընթացքում Ժնեւում կայացած ամենափայլուն համերգն էր։ Մի մասը հուզվել էր, մի մասը գոռում էին, ճչում էին։ Մի քանի անգամ բեմ հրավիրեցին, չէին ուզում թողնել դահլիճը,- վերհիշում է Վ. Խաչատրյանը։  

Ի դեպ, այս համերգին նախորդել էր աշխարհահռչակ Մեցցո-սոպրանո Ջոյս Դիդոնատոյի մենահամերգը, որը նույնպես անցել է հիանալի ընդունելությամբ։  Անցած տարիների ընթացքում «Ավետիսը» կազմակերպել է նաեւ հայտնի ջութակահար Վենգերովի համերգը, ֆրանսահայ շվեյցարացի ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի մենահամերգը, կրկին  մեցցո-սոպրանո Անջելա Գեորգիուի հետ Կալլասին նվիրված համերգը։ «Առաջիկայում նորից Կատյա Բունիաթիշվիլու համերգը պետք է լինի, քանի որ նա Ժնեւում մեծ պահանջարկ ունի, եւ գրեթե ամեն տարի կազմակերպում ենք նրա համերգները, քանի որ միշտ արագ սպառվում են տոմսերը։ Նույնը Դոմինգոյի պարագայում էր, որի համերգի տոմսերը շատ արագ սպառվեցին։ Ափսոսացինք, որ երկու օր չէինք նախատեսել համերգը, համոզված եմ, կրկին տոմսեր չէին լինի։ Իսկ Բունիաթաշվիլու համերգից հետո, Վիկտորիա Հոլում Տիգրան Համասյանի համերգն ենք նախատեսել,- եզրափակում  է  «Ավետիսի» գեղարվեստական ղեկավարը։

Հ. Ասատրյան , ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում