Արթուր Ալեքսանյանը Սերբիայում նվաճել է ըմբշամարտի աշխարհի քառակի չեմպիոնի տիտղոսը

  • 12.09.2022
  • 0
  • 1005 Views

Ինչպես տեղեկացնում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել։

Ալեքսանյանն իր մարզական կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վերջինս պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտում 4։10 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։

Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։

Նշենք՝ 60 կգ քաշայինների պայքարում եզրափակչի ուղեգիրը նվաճել է Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը կիսաեզրափակչում 5։5 հաշվով է ավարտել գոտեմարտը աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտայի հետ։ Էդմոնդ Նազարյանն անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում