Բացեք Ձեր դռները, Արցախն է գալիս

  • 06.07.2022
  • 0
  • 833 Views

Ստեփանակերտի թատրոնի եվրոպական հյուրախաղերի շուրջ

Հունիս ամիսը Եվրոպայի  չորս երկրներում նշանավորվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի պատմության մեջ  առաջին եվրոպական հյուրախաղերով։ Արցախցի դերասանները նյույորքաբնակ ռեժիսոր  եւ դերասանուհի Կարինե Քոչարյանի «Երեք խնձոր ընկավ երկնքից» բեմադրությամբ հանդես եկան Լիոնի, Բրույսելի, Քյոլնի ու Բեռլինի, Վիեննայի հանդիսականների  առջեւ։ Նարինե Աբգարյանի համանուն վեպը ներկայացավ արցախյան շնչով, ռեժիսորական հետաքրքիր լուծումներով ու դերասանական անկաշկանդ խաղով։ Նրանք, ովքեր կարդացել են վեպը, երեւի այլ կերպ են պատկերացրել հերոսներին ու գյուղական կյանքը, սակայն թատրոնի բեմում այդ ամենը ոչ միայն կենդանություն են ստանում, այլեւ նոր կերպարանավորում եւ միանգամայն նոր ընկալում։

Ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանին հաջողվել էր ոչ միայն հերոսների համար ճիշտ դերասանի ընտրություն կատարել, այլեւ նրանց տալ իրենց կերտած կերպարներում ազատ ստեղծագործելու տարածք, հաշվի առնելով թե՛ գյուղական կյանքի կենցաղային մանրունքները, եւ թե՛  գյուղացիների բարոյահոգեբանական վիճակը։ Գեղարվեստական ձեւավորումից մինչեւ դերասանների հագուկապը, նրանց անմիջական խաղը բեմից դահլիճ ձգվող տարածքը հանդիսատեսի համար դարձրել էին այնքան բնական, որ երբեմն թվում էր ինքդ էլ  բեմադրության մասնակից ես։  

Դերասանները տասներկուսն էին՝ Վալինկա-  Լաուրա Հովսեփյան, Յասաման- Ռուզան Գասպարյան, Վասիլ –  Մարատ  Դավթյան, Անատոլիա –  Օֆելյա Մարտիրոսյան, Հովհաննես- Մարտին Ալոյան, Մուկուչ – Քաջիկ Հարությունյան, Նաստասիա-  Շողեր Սարգսյան, Մամիկոն-  Սամվել Եվիրյան, Տիգրան-  Էդվարդ Դավթյան, Սաթենիկ- Արմիդա Գաբրիելյան, հոգեւորական- Սամվել Մկրտչյան, լրագրող –  Լենա Մաթեւոսյան։ Իհարկե, բոլորն էլ նվիրումով էին խաղում, ձգտում էին դառնալ ներկայացման կարեւոր մասնիկը,  բայց դերասանական այս խմբից կցանկանայի առանձնացնել կանացի դերակատարներից Լաուրա Հովսեփյանի եւ Ռուզան Գասպարյանի փայլուն խաղը, տղամարդ դերասաններից՝ Մարտին Ալոյանի եւ Քաջիկ Հարությունյանի կերտած բնական կերպարները։ Իսկ գլխավոր հերոսները՝ Վասիլն ու Անատոլիան լիովին կարողացան հանդիսատեսին փոխանցել իրենց կերպարների ապրած ողբերգությունը։ Առանձնակի պետք է նշել նաեւ թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանին, ով ապահովում էր  ներկայացման տեխնիկական սպասարկումը։

Արցախյան շունչը, պայքարը, գոյատեւումն ու ապագայի նկատմամբ չմարող հույսն ու հավատը նրանք բերել են Եվրոպա, ցույց տալու, որ չնայած ծանր վիճակին, արցախցիները ուժեղ են ոչ միայն հերոսական անցյալով ու ներկայով , այլեւ՝ մշակույթով։

Ավելի հուզիչ էր, երբ ներկայացման ավարտին բեմադրիչը ներկայացնում էր  դերասաններին, պատմելով, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպիսի կորուստներ է ունեցել Արցախյան պատերազմների ժամանակ, ինչպես են կռվել ու ապրել պատերազմից պատերազմ,  եւ ինչպես են իրենց անձնական ցավը վերապրելով, բարձրացել բեմ՝ ցույց տալու համար, որ ոչինչ կորած չէ, որ կյանքը շարունակվում է եւ Արցախը ապրում է։

Այդ մասին էր նաեւ ներկայացման սյուժեն, որը պատմություն է պատերազմից ու սովից հետո դատարկված լեռնային գյուղի մասին, որտեղ անհուսալի վիճակից նույնիսկ մարդիկ դուրս են գալիս, քանի որ հրաշք է տեղի ունենում եւ 58- ամյա Անատոլիան երեխա է ունենում։ Նարինե Աբգարյանն իր գիրքը բաժանել էր երեք մասի՝ «Նրան , ով տեսել է», «Նրան, ով պատմել է» եւ «Նրան, ով լսել է»  ենթավերնագրերի։ Ներկայացման մեջ այս երեքը միահյուսվում են եւ դառնում մեկ պատմություն։

Բեմադրության ավարտին նաեւ կարճ զրույցի հրավիրեցինք բեմադրիչ Կարինե Քոչարյանին։

Ինչո՞ւ Արցախի բեմադրության համար ընտրեցիք Նարինե Աբգարյանի գործը։

-Պատերազմից հետո տեղս չէի գտնում, խենթանում էի եւ որոշեցի գնալ Արցախ։ Այնպիսի զգացողություն ունեի, որ հարազատս հիվանդանոցում մեռնում է եւ պետք է գնամ, հասնեմ։ Մինչ գնալս, դեռ ոչ մի ծանոթ չունեի Արցախում։ Այդպես կապ հաստատեցի մարդկանց հետ, եւ որոշեցի ներկայացում բեմադրել։ Հաջորդը հարցը ծագեց՝ թե ի՞նչ  պիես կարող ենք բեմադրել։ Չէի կարող պատերազմի մասին խոսել, քանի որ այն նոր էր վերջացել , վերքը թարմ էր, եւ ինչ որ տեղ շահարկում կլիներ, եթե պատերազմի թեման բեմ բարձրացնեինք։ Ինչքան կարելի է մարդկանց վերքի վրա նոր վերք ավելացնել կամ էլ մի այլ սովորական պիես բեմադրել, կարծես թե ոչինչ չի եղել։ Եվ Նարինե Աբգարյանի այս գործը՝ «Երեք խնձոր ընկավ երկնքից» , որ նոր էի կարդացել , ( իրեն շատ եմ սիրում, քանի որ իսկապես բացառիկ գրող է), եկավ ու կարծես ընկավ իր տեղը։ Այս գործում ամեն ինչ կա. ե՛ւ Արցախյան առաջին պատերազմը, եւ՛ երկրաշարժը, սովը, մի խոսքով ամեն բան, եւ ամենակարեւորը՝ հույսն ու ծնունդը։ Դա խորհրդանշում էր, որ ինչի միջով էլ մենք անցնենք, մենք այն ազգն ենք, որ պետք է նորից վերածնվենք, ինչպես հազարամյակներ շարունակ եղել է մեր պատմության մեջ։ Ես կարծում եմ , որ դա ամենաճիշտ գործն էր՝ տրագիկոմեդիայի ընտրությունը։ Ինչքան էլ ծանր է թեման, նրանց պատմությունների մեջ նաեւ հումորը կա։

Արցախյան բարբառը մտածված էիք ներմուծել, քանի որ գրքի արեւելահայերեն տարբերակում բարբառներ չկան։

– Նախ դա Արցախյան չէր լիովին, այլ  ավելի Սյունիքի, Տավուշի , լեռնային գյուղերի բարբառն էր։ Մաքուր արցախյան բարբառը հանդիսատեսին անհասկանալի կլիներ։ Իհարկե, սկզբում սցենարը գրական լեզվով էի պատրաստել, բայց երբ մեկնեցի Արցախ եւ սկսեցինք աշխատել, հասկացա, որ այս ներկայացումը գրական լեզվով ընկալելի չէր լինի, նաեւ արհեստական կհնչեր։ Եւ այդ պատճառով ներմուծեցինք արցախյան եւ Հայաստանի տարբեր լեռնային գյուղերի բարբառը։ Ի դեպ, երբ Նարինե Աբգարյանին հարցնում են, թե որ գյուղի մասին է գրել, նա ասում է, որ սարերի մեջ կորած ցանկացած գյուղ կարող է դրա նախատիպը լինել։ Ես ուզում եմ ավելացնել, որ դա այն գյուղն է, որի մասին Փաշինյանն ասաց, թե սարերի մեջ, ձյան մեջ  կորած մի գյուղ էր, կարեւոր չէ, որ մերը մնա։ Դա հենց այդ գյուղի մասին է։

Եթե ամփոփեք ձեր եվրոպական հյուրախաղերը, ի՞նչ տպավորություններով  կկիսվեիք։

– Ընդհանուր առմամբ հրաշալի տպավորություններով ենք մեկնում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքների մեր կազմակերպիչներին, որ կարողացան լավագույնս հյուրկնկալել արցախցիներին։ Շնորհակալ եմ մեր դերասաններին, որ քաղաքից քաղաք երկար ճանապարհներ կտրելով, անսալով հոգնածությանը, կարողացան հրաշալի ներկայացումներ մատուցել։ Շնորհակալ եմ նաեւ հանդիսատեսին ջերմ ընդունելության, իրենց հուզված հայացքների, բուռն եւ հոտնկայս ծափերի համար։ Իրենց ներկայությամբ նրանք ցույց տվեցին, որ արցախցիները մենակ չեն։

Չնայած բեմադրիչի հուզված ու զգացական արձագանքին, պետք է նշել, որ նրա վեց ամիսների տանջալից աշխատանքն ու եվրոպական շրջագայությունը կունենան իրենց դրական լիցքերը թե՛ Արցախում, եւ թե՛ Եվրոպայում։ Երբեք էլ հայերը չեն փայլել դասական երաժշտության կամ թատրոնի ու կինոյի սիրով, ռաբիսը միշտ հաղթել է ամեն ինչին ու ամենուր։ Սակայն այն քիչը, որ հիմնված է եղել ազգային արժեքների վրա, նվիրյալ մարդիկ կարողացել են պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին։ Այդ նվիրյալներից են Կարինե Քոչարյանն ու Արցախի դերասանական խումբը, որ համարձակությունն ունեցան հասնել Եվրոպա եւ ասել՝ Մենք կանք։

 Ապագայում Կարինե Քոչարյանը ցանկանում է թատրոնի հյուրախաղերը կազմակերպել նաեւ ԱՄՆ-ում ու Կանադայում։ Մաղթում ենք հաջող ընթացք, իսկ մեր հայերնակիցներին՝ բարի վայելում։

Բացեք Ձեր դռները, Արցախն է գալիս։

Հակոբ Ասատրյան

Վիեննա-Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում