«Հայ եկեղեցին ժամանակի մարտահրաւէրների դիմաց». Գայիանէ Թէրզեանի գրախօսականը

  • 14.07.2026
  • 0
  • 10 Views

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

Աստուածաբանութեան եւ քրիստոնէա­կան փիլիսոփայութեան դոկտոր Աբէլ քհնյ. Մանուկեանն ընթերցողների դա­տին է յանձնել իր նոր՝ «Հայ եկեղեցին ժամանակի մարտահրաւէրների դիմաց» աշխատութիւնը: Աշխատութիւնն ընդ­գրկում է նաեւ տարբեր տարիներին այս թեմայով հեղինակի հրատարակած մի քանի յօդուածներ:

Աբէլ քհնյ. Մանուկեանի սոյն գիրքն ունի խորը գիտական հէնք: Այն արժեւորւում է բազմաթիւ սկզբնաղբիւրներից արուած մէջբերումներով, յղումներով եւ կարեւոր վերլուծութիւններով, որ շարադրուած են պարզ եւ ընկալելի լեզուով:

21-րդ դարում Հայ եկեղեցու բարեկար­գումը կենսական անհրաժեշտութիւն է: «Եկեղեցին ունի սկիզբ, ապրում է զար­գացում եւ ունենալու է վախճան կամ կատարում՝ Քրիստոսի երկրորդ գալուստով: Քա­նի դեռ Եկեղեցին ժամանակի մէջ ապրող ու պատմութեան հետ զարգացող հասարա­կական միաւոր է, չի կարող լինել քարացած, անփոփոխ մի կառոյց՝ զուրկ զարգացումից եւ բարեկարգումներից» (էջ 66): Եկեղեցին կենդանի օրկանիզմ է. ժամանակի մարտա­հրաւէրներին ու աշխարհաքաղաքական իրադարձութիւններին զուգընթաց՝ այն մշտա­պէս ենթարկուել է փոփոխութիւնների: Հետեւաբար՝ բարեկարգման պահանջն առաւել քան արդիական է այսօր:

Արդի ժամանակներում Հայ եկեղեցու առջեւ ծառացած հիմնական մարտահրաւէրներն արագ փոփոխուող հասարակութեան պահանջներին արձագանգելն է՝ միեւնոյն ժա­մանակ հաւատարիմ մնալով Հայ առաքելական եկեղեցու աւանդութեանը:

Հէնց այս հրատապ հարցերին ու մարտահրաւէրներին է անդրադառնում Աբէլ քհնյ. Մանուկեանը՝ փորձելով բացատրել, թէ ինչո՞ւ է անհրաժեշտ բարեկարգել Հայ եկեղեցին, ինչպէ՞ս եւ ո՞ւմ կողմից պէտք է այն իրականացուի: Ոլորտում հեղինակի բազմամեայ փորձառութիւնը նպաստում է առկայ խնդիրների խորքային ընկալմանը, ինչն էլ հնա­րաւորութիւն է ընձեռում յստակօրէն նախանշել բարեկարգման ենթակայ ուղղութիւն­ները եւ առաջարկել բարեփոխումների սեփական հայեցակարգային մօտեցումները։

Ըստ հեղինակի՝ Եկեղեցու բարեկարգման խնդիրը ծագում է ոչ թէ ամայացած եկեղե­ցիները բազմամարդ դարձնելու կամ արարողութիւնների առթիւ հաւատացեալների թիւը բազմապատկելու, այլ՝ հաւատացեալներին համախմբելու, Քրիստոսի սիրոյ եւ հա­ւատի մէջ միացած պահելու եւ ժամանակի մարտահրաւէրների պայմաններում նրանց ճիշդ ուղով առաջնորդելու անհրաժեշտութիւնից: Հեղինակը, խօսելով Հայ եկեղեցու ծի­սակարգին առնչուող մի շարք բարեփոխումների մասին, անդրադառնում է մերօրեայ չափազանց կարեւոր՝ Հայ եկեղեցու նուիրապետական աստիճանների՝ սարկաւագի, կուսակրօն եւ ամուսնացեալ քահանաների եւ եպիսկոպոսների միջեւ իշխանութեան արդարացի բաշխմանը՝ աւելացնելով. «Թերեւս առաջին դարերի եկեղեցական դրուած­քից չկայ աւելի մեծ շեղում, քան առկայ խնդիրը» (էջ 36): Ցաւօք, այժմ մեր Եկեղեցում ամուսնացեալ քահանան ընկալւում է զուտ որպէս ծիսակատար, Եկեղեցում նա զուրկ է առաջնորդական եւ վարչական իշխանութիւններից, այսինքն՝ ստորադաս քահանայ է: Մինչդեռ Սուրբ Պատարագի ընթացքում նրա ձեռքով է իրագործւում մեծագոյն խոր­հուրդը՝ հացի ու գինու փոխակերպումը Քրիստոսի իրական, մեղսաքաւիչ մարմնի ու արեան: Այս թեմայով հեղինակը արժէքաւոր մէջբերումներ է անում Մաղաքիա արք. Օրմանեանի «Հայոց եկեղեցին» աշխատութիւնից, որտեղ վերջինս առաջարկում է ամուսնացեալ քահանաների առջեւ բացել եկեղեցական բարձր աստիճանները, ազատել նրանց ստորադաս վիճակից, նորից կիրառել Եկեղեցու հնաւանդ եւ կանոնական օրէնք­ները եւ ընդարձակել քահանայական դասի առաջադիմելու ասպարէզը:

Աբէլ քհնյ. Մանուկեանն անդրադառնում է նաեւ սարկաւագներին՝ ցաւով նշելով, որ վերջիններիս դերակատարութիւնը սահմանափակւում է միայն Սուրբ Պատարագի եւ ժամերգութիւնների ընթացքում երգեցողութեամբ: Այնինչ նրանց ծառայութեան դաշտը շատ աւելի ընդարձակ է: Մեր եկեղեցական կեանքում հեղինակը կարեւորում է եւս մէկ «հոյակապ»՝ սարկաւագուհիների աւանդոյթը, որ «մեր կրօնաւորական կամ վանական կեանքի փայլուն արտայայտութիւններից մէկն է եղել» (էջ 66), եւ ոչ պակաս կարեւոր եւ արդիական նշանակութիւն ունի Հայ եկեղեցու կենսունակութեան համար: «Թէկուզ մասնակիօրէն, հայուհուն կարելի է վերաշնորհել կրօնական այն կոչումը, որ ստեղծել է հանդուրժողականութեան փայլուն ոգի ունեցող Հայ առաքելական եկեղեցին»,– նշում է հեղինակը:

Գրքում արծարծուող յաջորդ հարցն այն է, թէ ինչպէ՞ս եւ ո՞վ պէտք է բարեկարգի Հայ եկեղեցին: Այս խնդրի լուծումը հեղինակը տեսնում է ոչ թէ մէկ անձի մէջ, քանի որ «բարե­կարգումը չի կարող իրականանալ անհատի՝ անգամ Եկեղեցու բարձրագոյն հեղինակու­թեան ծրագրմամբ եւ ցանկութեամբ, այլ՝ հասարակութեան պահանջով: Պահանջները պէտք է առաջնահերթ լինեն պայմաններից, քանզի վերջինները պիտի ծառայեն իբրեւ միջոց միակ նպատակի՝ Հայ եկեղեցու ներքին բարեկարգման եւ վերազարթօնքի իրա­կանացման համար» (էջ 42):

Գիտութեան եւ արդիւնաբերութեան զարգացմանը զուգահեռ՝ հասարակական կեան­քում եւ մարդկային յարաբերութիւններում առաջանում են բազմաթիւ հակասութիւններ եւ բարդոյթներ: «Քաղաքակրթութիւնները, մշակոյթները, հասարակութիւնները, ազ­գերն ու ժողովուրդները շարժման մէջ են. հինը փոխարինուել է նորով… Ժամանակի այս մարտահրաւէրների դիմաց է գտնւում նաեւ մեր Եկեղեցին» (էջ 55):

Հեղինակը կարծում է, որ իրար են հպւում հակոտնեայ երկու աշխարհ՝ մարդն ու եկեղեցին, չկարողանալով ստեղծել իրական մերձեցում, ինչի պատճառով եկեղեցին անհաղորդ է մնում արդի մար­դուն: Հաղորդակցութեան այս պակասն ակնյայտ է երիտասարդութեան եւ Եկեղեցու փոխյարաբերութիւններում: Արդի երիտասարդութեան համար խորթ են կրօնական մի շարք եզրոյթներ: «Արեւմտեան քաղաքակրթութիւնը վաղուց արդէն եկեղեցուց խլել է հասարակութեան մէջ բարոյական սկզբունքներ եւ կրօնաբոյր զգացումներ թելադրելու իրաւունքը: Անհատն այսուհետեւ ինքն է որոշում կրօնական ու դաւանական իր պատ­կանելութիւնը. պետական ու քաղաքացիական օրէնքը նրան իրաւունք է տալիս լինելու անաստուած, անկրօն կամ ընդունելու բոլորովին այլ սկզբունքներ» (էջ 57): Հեղինակը այս հարցի լուծումը տեսնում է կրօնական գիտելիքներ դասաւանդելու մէջ՝ կա՛մ պետա­կան կրթական ծրագրով, կա՛մ Եկեղեցու հոգածութեամբ: Դա կ’իրագործուի, եթէ մեր երկրում ընդունուի կրթութեանն առնչուող օրէնք՝ ի նպաստ Եկեղեցու եւ կրօնի դասա­ւանդման:

«Եկեղեցու բարեկարգումն՝ էական պահանջ» խորագրի ներքոյ հեղինակը գրում է. «Ստոյգ է, որ առաքելական շրջանի եւ այսօրուայ Եկեղեցին նոյնը չէ, եւ չէր էլ կարող լինել» (էջ 58): Որպէս հիմնաւորում՝ նշւում է, որ ներքին զարգացում չապրող իւրաքան­չիւր հաստատութիւն աստիճանաբար մեկուսանում եւ կազմալուծւում է: Այս վիճակն ընդարմացնում է եկեղեցու կենսունակ ընթացքը՝ այն զրկելով իր հիմնական առաքելու­թիւնից, այն է՝ Տիրոջ ներկայութեամբ մարդկային կեանքի իմաստաւորումից եւ Քրիս­տոսի փրկարար խորհրդի վկայութիւնից: Աղանդաւորական շարժումների տարածման հիմնական պատճառը հեղինակը տեսնում է հոգեւոր դասի փասիւութեան եւ եկեղե­ցական գործունէութեան պակասի մէջ: Այս խնդրի յաղթահարումը Եկեղեցու հոգեւոր եւ աշխարհիկ դասերի կարեկցող, օգնող եւ բարեգործ դերի մէջ է, ինչը պէտք է շօշափելի դառնայ հասարակական կեանքի բոլոր բնագաւառներում. «Արդի կրօնը միայն ներհայե­ցողական չէ, այլեւ գերազանցապէս՝ գործնական-հովուական: Հովուական՝ չի նշանա­կում ծխի միայն ծիսական-արարողական պահանջները բաւարարել: Բառն ինքնին յու­շում է, որ խօսքը հօտը պահելու, պահպանելու, խնամելու, զարգացնելու եւ, ի վերջոյ, առաջնորդելու մասին է» (էջ 59): Եկեղեցին պէտք է բացուի հասարակութեան բոլոր շերտերի առաջ: Եկեղեցու նուիրապետական հեղինակութիւնը հասարակութեան մէջ կարող է արդիւնաւորուել միայն ծառայութեան ճանապարհով, որը պէտք է ընդգրկի հասարակական կեանքի նիւթական, հոգեկան, բարոյական բոլոր ոլորտները:

Հեղինակը Հայ եկեղեցու բարեկարգման մէջ խիստ կարեւորում է Ազգային-եկեղեցական ժողովի դերը: Եկեղեցու պատգամին ու առաքելութեանը ժամանակակից մարդուն հաղորդակից դարձնելու իմաստով՝ Հայ եկեղեցու բարեկարգումը անյետաձգելի անհրա­ժեշտութիւն է: Նա առաջարկում է ստեղծել եկեղեցական եւ աշխարհիկ դասերի ներկա­յացուցիչներից կազմուած մի յանձնախումբ, որը կը մշակի Հայ եկեղեցու բարեկարգման լրջօրէն ուսումնասիրուած ծրագիրը: Ազգային-եկեղեցական ժողովի կարեւորութիւնը փաստում է, որ «Հայ եկեղեցին իր իշխանութիւնը չի կենտրոնացնում սարկաւագի, քահանայի, եպիսկոպոսի կամ կաթողիկոսի հոգեւոր պաշտօններում, այլ՝ ընդհանուր Եկեղեցու անդամների ամբողջութեան մէջ… Հայ եկեղեցու ներսում բոլորը ենթակայ են գերագոյն՝ ազգային-եկեղեցական իշխանութեանը. Ամենայն հայոց կաթողիկոսը նոյն­պէս ընտրւում եւ անհրաժեշտութեան դէպքում պաշտօնազրկւում է այս գերագոյն իշ­խանութեան կողմից» (էջ 112): Հեղինակը շեշտում է յատկապէս այն հանգամանքը, որ Հայոց կաթողիկոսը նոյնպէս գործում է ազգային-եկեղեցական ժողովների կայացրած որոշումների սահմաններում: «Այսպիսով կանխւում է Եկեղեցու միանձնեայ ղեկավար­ման վտանգը: Ընտրական սկզբունքով է պայմանաւորուած Հայ եկեղեցու ժողովրդա­վարական բնոյթն ու եզակի արժէքը» (էջ 114):

Ըստ Եկեղեցու հնագոյն աւանդութեան՝ թեմակալ առաջնորդները նոյնպէս ընտրուել են ժողովրդի կողմից: Իր թեզը հիմնաւորելու նպատակով՝ հեղինակը վկայակոչում է այն պատմական իրողութիւնը, երբ 1836 թ. Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինը հաստա­տեց Հայ եկեղեցու համար պատրաստուած կանոնադրութիւնը՝ «Պոլոժենիէ»-ն: Այս կանոնադրութեան համաձայն՝ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ թեմակալ առաջնորդ­ները նշանակւում էին ռուսական կայսրի կողմից. «Այս կանոնադրութիւնը հակադրւում էր Հայ եկեղեցու կառավարման ժողովրդավարական սկզբունքին եւ հնաւանդ կանոն­ներին: Եւ ահա, Խրիմեան Հայրիկը… 1906 թ. մայիսի 10-ին հայրապետական սրբատառ կոնդակ հրապարակեց՝ թեմակալ առաջնորդ ընտրելու իրաւունքը ժողովրդին վերա­դարձնելու նպատակով» (էջ 117):

Յաջորդ կարեւոր խնդիրը, որին անդրադարձել է հեղինակը, նոր Կանոնագրքի մշակման անհրաժեշտութիւնն է: «Կանոնագիրք»-ը Հայ առաքելական եկեղեցու օրէնսգիրքն է: «Կանոնագիրքը սահմանում է Եկեղեցու բոլոր անդամների՝ թէ՛ հոգեւորականների եւ թէ՛ աշխարհիկ հաւատացեալների պարտականութիւններն ու ապահովում իրաւունք­ների իրացումն ու պաշտպանութիւնը» (էջ 139): Հայ առաքելական եկեղեցին թէեւ պատմականօրէն ունեցել է կանոնագիրք, սակայն դրանում առկայ կանոնները ձեւա­ւորուել են Է.–ԺԷ. դարերի ընթացքում: «Կանոնագիրք հայոց»-ը միջնադարեան Հայ եկեղեցու իրաւունքի ժողովածու է՝ բաղկացած հոգեւոր-եկեղեցական, ծիսադաւանա­կան, բարոյախրատական եւ համայնքային զանազան խնդիրներ ընդգրկող կանոննե­րից, որոնք ամփոփուած են առանձին կանոնախմբերում»: Ըստ հեղինակի՝ «Կանոնա­գիրք հայոց»-ը, մշակուած լինելով մինչեւ ԺԷ. դար, այսօրուայ ընկալումներին եւ իրա­ւական չափանիշներին համապատասխան ամբողջական օրէնսգիրք չէ, այլ՝ առանձին կանոնների՝ պատմական տարբեր ժամանակներում մշակուած ժողովածու: Հեղինակը իրաւացիօրէն նկատում է, որ «Կանոնագիրք հայոց»-ում տեղ գտած մի շարք կանոններ ներկայումս կիրառելի չեն: Դրանք հիմնականում վերաբերում են այնպիսի հարցերի կամ այն աղանդաւորական շարժումներին ու հերձուածներին, որոնք կիրառելի չեն կամ գո­յութիւն չունեն արդի հասարակական կեանքում: Ուստի նա առաջարկում է վերակազ­մել, բարեկարգել եւ արդի հայերէնի վերածել Հայ առաքելական եկեղեցու կանոնա­գիրքը: «Սակայն սա չպէտք է դիտարկել լոկ իբրեւ տեխնիկական կամ գիտական աշխա­տանք, այլ՝ հոգեւոր-եկեղեցական պատասխանատու գործընթաց, որ պէտք է ծառայի Հայ եկեղեցու միաբանութեան, ինքնութեան եւ կենսունակութեան պահպան­ման նպա­տակին» (էջ 143):

Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգում առաջնահերթ խնդիր պէտք է լինի ստեղծել մի յանձնաժողով, որը բաղկացած կը լինի աստուածաբաններից, եկեղեցական իրա­ւունքի մասնագէտներից, պատմաբաններից, բանիմաց հոգեւորականներից: Այս յանձ­նաժողովի գերխնդիրը պէտք է լինի մշակել «Կանոնագիրք հայոց»-ը, որը հիմնուած կը լինի Հայ եկեղեցու աստուածաբանական եւ հոգեւոր աւանդութիւնների վրայ:

Հեղինակն առանձնայատուկ նշանակութիւն է վերագրում նաեւ Հայ առաքելական եկե­ղեցու Եպիսկոպոսաց ժողովին՝ այն դիտարկելով ոչ թէ որպէս կաթողիկոսին առընթեր զուտ խորհրդակցական մարմին, այլ՝ Եկեղեցու սինոդական (ժողովական) կառավար­ման սկզբունքի արտայայտութիւն եւ կանոնական իրաւասութեամբ օժտուած հաստա­տութիւն։ Հեղինակի պատկերացմամբ՝ Եպիսկոպոսաց ժողովը, որպէս եպիսկոպոսու­թեան հաւաքական արտայայտութիւն, կոչուած է մասնակցելու Եկեղեցու կեան­քին առնչուող կարեւորագոյն հարցերի քննութեանը եւ դրանց վերաբերեալ որոշումների կայացմանը։

Այս հայեցակէտից մեկնելով՝ եկեղեցական իշխանութեան իրականացումը պէտք է հիմնուած լինի ոչ թէ բացառապէս կաթողիկոսի միանձնեայ տնօրինութիւնների («հայ­րապետական տնօրինումների»), այլ՝ եպիսկոպոսական քոլեգիալութեան եւ սինոդա­կանութեան սկզբունքների վրայ, որոնց համաձայն՝ Եկեղեցու ընդհանուր բարօրու­թեանը վերաբերող որոշումները ծնունդ են առնում հաւաքական խորհրդակցութիւնից, համընդհանուր պատասխանատւութիւնից եւ կանոնական համաձայնութիւնից: Այս­պիսով՝ կաթողիկոսի ծառայութիւնը դրսեւորւում է ոչ թէ որպէս մեկուսի իշխանութեան իրականացում, այլ՝ Եպիսկոպոսաց ժողովի հետ ներդաշնակ համագործակցութեամբ իրագործուող նախագահութիւն (հաւասարների մէջ առաջինը), որ լաւագոյնս արտա­յայտում է Եկեղեցու կանոնական եւ եկեղեցաբանական աւանդոյթը։

Գրքի վերջին գլխում հեղինակը խօսում է քահանայական կարգի նուիրականութեան եւ չարաշահման մասին՝ ապօրինի կարգալուծումներով: Վկայակոչելով Յովհան Ոսկեբե­րանի խօսքերը, թէ. «Երկրի վրայ կանգնած քահանան երկնային գործերի կատարողն է» (էջ 149), նա խորհրդակատարութիւնը բնորոշում է իբրեւ երկնքի եւ երկրի միութեան վայր: «Քահանան Աստծոյ գործակիցն է եւ միաժամանակ՝ ծառան» (էջ 149): Քահանան կոչուած է առաջնորդելու իր համայնքը որպէս հովիւ, սնելու նրան Սուրբ Հաղորդու­թեամբ, կատարելու Եկեղեցու ծիսակարգը՝ ընկալելով իր անձն իբրեւ յատուկ միջնորդ՝ համայնքի անդամների եւ Աստծոյ միջեւ: Քահանայութիւնը ինքնութիւն է, հոգեւոր կոչում: Քահանայութեան այդ կոչումը Աստծոյ եւ քահանայի միջեւ սուրբ օծումով հաս­տատուած սիրոյ խորհուրդն է, որ շատ աւելին է, քան արտաքուստ թուացեալ տուչու­թիւնը: Ձեռնադրութիւնն ու օծումը, որ Եկեղեցու եօթ խորհուրդներից է, ունի անկրկնելի եւ անջնջելի նկարագիր, ինչպէս մկրտութիւնն ու դրոշմը: Հետեւաբար՝ «Ինչպէս վաւե­րականօրէն մկրտուած եւ դրոշմուած քրիստոնեային հնարաւոր չէ «մկրտալոյծ» կամ «դրոշմալոյծ» հռչակել, այնպէս էլ օրինապէս ձեռնադրուած եւ սուրբ միւռոնով օծուած քահանային հնարաւոր չէ կարգալոյծ անել» (էջ 151), որովհետեւ նրան սրբագործողը Սուրբ Հոգի Աստուածն է: Ուստի Սուրբ Հոգու ներգործութեամբ սրբագործուած քա­հանայի ձեռնադրութիւնն ու օծումը անլուծելի ու անկրկնելի են: «Գոյութիւն չունի որեւէ ուժ, որ կարողանայ խախտել այս կարգը, որովհետեւ այն հիմնուած է «աստուածային իրաւունք»-ի եւ ոչ թէ եկեղեցական ժողովների սահմանած «մարդկային իրաւունք»-ի վրայ» (էջ 152): Ըստ այդմ էլ՝ քահանայութիւնը տիտղոս չէ, որ շնորհում են, ապա շնորհազրկում նրանից: Քահանայական ձեռնադրութիւնը աստուածային խորհուրդ է, որը որեւէ եկեղեցական կամ քաղաքական իշխանութիւն չի կարող լուծարել: Հեղինակն աւելացնում է. «Վերոգրեալ խօսքերի պերճախօս ապացոյցներից մէկն էլ այն է, որ երբ, այսպէս կոչուած, «կարգալոյծ» հոգեւորականի կարգը վերականգնւում է, նրան վերստին չեն ձեռնադրում կամ օծում, այլ ընդամէնը «Պահպանիչ» օրհնութեան աղօթքը կարդա­լով՝ վերահաստատում են իր ծառայութեան մէջ» (էջ 154):

Հեղինակը սրբապղծութիւն է որակում կարգապահական խախտումների հիմքով քահա­նաների նկատմամբ կիրառուող կարգալուծումները, որ որեւէ կապ չունեն քրիստոնէա­կան ներողամտութեան եւ սիրոյ վարդապետութեան հետ: Ըստ նրա՝ կանոնական այս պատժամիջոցի կիրառումը իրաւաչափ է միայն ծանր հերետիկոսութեան պարագայում, երբ հոգեւորականը մերժում է սեփական դաւանաբանական մոլորութիւնից հրաժար­ուելու եկեղեցական կոչերը. «Զորօրինակ՝ եթէ եկեղեցականը ուրանայ Քրիստոսի անձի մէջ աստուածային եւ մարդկային միացեալ բնութիւնը, եթէ ուսուցանի, թէ Քրիստոս կատարեալ Աստուած եւ միաժամանակ կատարեալ մարդ չէ… կամ պաշտօնապէս մերժի Նիկիական հանգանակի դաւանական սկզբունքները եւ այլն… Արդարեւ, հերետիկո­սութեան այս եւ այլ դէպքերում եկեղեցականը, Սուրբ Հոգու պարգեւած շնորհներից ինքնաբերաբար շնորհազրկուելով, դառնում է կարգալոյծ, իսկ Եկեղեցին պարզապէս փաստն է հաստատում» (էջ 155–156): Նրա կարծիքով, երբ այս կամ այն հոգեւորականը կարգալոյծ է հռչակւում, կարգալուծուողից աւելի կարգալուծողն է նսեմանում աստուա­ծային խորհրդի սրբութեան կամ հոգեւոր վսեմ կոչման իրեն վստահուած հեղինակու­թիւնը չարաշահելու համար:

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ սոյն աշխատութիւնը արժէքաւոր եւ ժամա­նակին արուած ներդրում է Հայ եկեղեցու արդի հիմնախնդիրների արծարծման գործում: Հեղինակի կողմից առաջադրուած հայեցակարգային մօտեցումները ոչ միայն վերհա­նում են ներկայ մարտահրաւէրները, այլեւ տալիս են դրանց յաղթահարման կանոնական ուղիները: Աշխատութեան արժէքն է՛լ աւելի է մեծանում Եկեղեցու հայրերի թողած ժա­ռանգութիւնից եւ հայ ժողովրդի պատմութեանն առնչուող երկերից արուած տեղին ու հիմնաւոր մէջբերումներով: Գիրքն անհրաժեշտ ընթերցանութեան նիւթ է ինչպէս հո­գեւոր դասի, այնպէս էլ՝ եկեղեցական կեանքի առօրեայ խնդիրներով մտահոգ լայն հա­սարակութեան համար:

Գայիանէ Թէրզեան

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի գիտաշխատող

Երեւան, 13 յուլիսի 2026

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում