Ընդդեմ ստի եւ կեղծիքի. Տաթեւ Զորյան

  • 12.06.2026
  • 0
  • 16 Views

Իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել է. «Ոչ մի նախկին ղեկավար չի եղել, որ ճանաչել է Արցախը Հայաստանի կազմում, բոլորն էլ ճանաչել են Ադրբեջանի կազմում»։

Այս հայտարարությունը և դրա տարածումը իշխանական քարոզչամեքենայի կողմից ոչ միայն բացահայտ պատմաիրավական տգիտություն է, այլ նաև սեփական քաղաքական ձախողումներն ու Արցախի էթնիկ զտումը արդարացնելու նպատակով արվող դիտավորյալ կեղծիք։

Այնինչ իրականությունը սա է` հիմնված բացառապես իրավական փաստաթղթերի վրա։

#ՓԱՍՏ1. Ալմա-Աթայի հռչակագիրը և ՀՀ Գերագույն խորհրդի վերապահումները

Իշխող ուժը մանիպուլյացնում է 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, պնդելով, թե դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Սա բացահայտ սուտ է։ 1992 թվականի փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհուրդը Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացնելիս (ռատիֆիկացնելիս) կատարել է պաշտոնական իրավական վերապահումներ, որոնք մինչ օրս ունեն միջազգային իրավական ուժ։ Մասնավորապես, Հայաստանը հռչակագրի այն կետին, որը վերաբերում էր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանների ճանաչմանը, կցել է հստակ վերապահում. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները միայն այն տարածքների մասով, որոնք ընտրությունների օրվա դրությամբ ինքնորոշման միջոցով դուրս չեն եկել տվյալ հանրապետության կազմից»։

Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղը 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով արդեն իսկ իրավականորեն դուրս էր եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից, Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրով #ԵՐԲԵՔ չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։

#ՓԱՍՏ2. Ոչ մի նախկին ղեկավար Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում

Պնդումը, թե բոլոր նախկին ղեկավարները Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, ջախջախվում է միջազգային բանակցային փաստաթղթերի բովանդակությամբ.

Լևոն Տեր-Պետրոսյանի շրջան (1991-1998)

Բանակցային ողջ փուլում Հայաստանի դիրքորոշումն էր՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, որտեղ Արցախը նշված լիներ Ադրբեջանի կազմում։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջան (1998-2018)

Բոլոր հիմնարար փաստաթղթերը, ներառյալ՝ Մադրիդյան սկզբունքները, Կազանյան փաստաթուղթը, որոնք հանդիսանում էին միջազգային միջնորդների պաշտոնական առաջարկները, հստակ արձանագրում էին. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող հանրաքվեի/պլեբիսցիտի միջոցով, որն ունենալու է պարտադիր միջազգային իրավական ուժ»։

Եթե նախկինները Արցախը ճանաչած լինեին Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ էր Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) 30 տարի շարունակ Ադրբեջանին պարտադրում ընդունել Արցախի ինքնորոշման հանրաքվեի գաղափարը, և ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը դժգոհում, թե «փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

#ՓԱՍՏ3. Ո՞վ և ե՞րբ առաջին անգամ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում

Պատմական և իրավական բացարձակ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին և միակ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։

2022թ. հոկտեմբերի 6, Պրահա

Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց առանց ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. իրավական վերապահումների հիշատակման։

2023թ. մայիս, Բրյուսել

Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրով, որի մեջ ուղղակիորեն ներառեց նաև Լեռնային Ղարաբաղը։

Ալխաս Ղազարյանի և ՔՊ-ական այլ պատգամավորների շուրթերով հնչող այս թեզերը հանրային տգիտության վրա հաշվարկված էժանագին մանիպուլյացիա են։ Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, թե Արցախի կորուստն անխուսափելի էր, որովհետև նախկիններն արդեն հանձնել էին։ Սա պետական կապիտուլյացիան բարոյականացնելու և սեփական ընտրողին հիմարի տեղ դնելու լկտի քաղաքականություն է։

Փաստերն անշրջելի են, իսկ իրավական փաստաթղթերը` հստակ. Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է բացառապես գործող վարչակարգի կողմից, և հենց այս իրավական տգիտության ու ստի հետևանքով է, որ երկիրը հասցվել է այսօրվա աղետալի վիճակին։

Տաթեւ Զորյան

@Tatev Zoryan

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում