Իսահակյանի պոեզիան Սվիրիդովի երաժշտական կտավում․ «Երկիր հայրական» վոկալ պոեմի պրեմիերան՝ Վարպետի տանը

  • 20.05.2026
  • 0
  • 73 Views

Մշակույթների երկխոսությունն ու գրականության ուժը հաճախ ծնում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք դուրս են գալիս ժամանակի ու տարածության սահմաններից՝ դառնալով համամարդկային արժեքներ։ Այդպիսի բացառիկ ստեղծագործություն է ռուս մեծանուն կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական վոկալ պոեմը՝ գրված հայ պոեզիայի Մեծն Վարպետ՝ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։

1949 թվականին, երբ Սվիրիդովն առաջին անգամ հաղորդակից դարձավ Իսահակյանի պոետիկ աշխարհին, նա հիացած էր, և ինչպես ինքն էր խոստովանում, հենց այստեղ գտավ իր «երաժշտական խարիսխը»։ Իսահակյանական տողերի հոգևոր մաքրությունն ու անկեղծությունը կոմպոզիտորին օգնեցին վերաիմաստավորել հայրենիքի թեման՝ այն դարձնելով «Երկիր Հայրական» վոկալ պոեմի  ստեղծագործության առանցքը։ Ծնվեց 11 մասից բաղկացած մի մոնումենտալ կտավ, որտեղ հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, տոկունությունն ու ոգու վեհությունը ներկայացված են Բանաստեղծի խորաթափանց հայացքով։  Ստեղծագործության առանցքում հայրենիքի նկարագրման տեսարաններով իսահակյանական  ոգով փառաբանվում է Հայրենիքի գաղափարը, որը ֆիզիկական տարածք չէ, այլ հոգևոր տարածություն․ այն հայկական բնաշխարհն է, բայց նաև յուրաքանչյուր մարդու մանկության և նախնիների հիշողությունը, նրանց անցյալն ու ներկան։

Մայիսի 26-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայանալիք բացառիկ թատերականացված պրեմիերայի նախաշեմին, մեր ամսագիրը բացահայտում է այս հանճարեղ գործի կատարողական նրբությունները։ Թե ինչպես է կառուցվում էպիկականի և քնարականի երկխոսությունը, ինչպես են համադրվում ռուսական երաժշտական ավանդույթներն ու հայկական հոգին, և ինչպիսի պատասխանատվություն է երգել Վարպետի հարկի տակ, մեզ հետ զրույցում պատմում են նախագծի մենակատարները՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ՝ Հայկ Տիգրանյանը (բաս) և Հովհաննես Անդրեասյանը (տենոր)։

Օրեր. Հովհաննե՛ս, եթե բասի պարտիան այս պոեմում կրում է ավելի էպիկական, և երբեմն խստաշունչ բնույթ, ապա տենորի վրա է դրված հուզական հիմնական ծանրությունը: Ինչպե՞ս է Ձեր հերոսն արձագանքում Իսահակյանի պոեզիայի ցավին ու կարոտին:

Հովհաննես Անդրեասյան. — Տենորի պարտիան այս շարքում իսկապես առանձնահատուկ է. այն ասես հենց Բանաստեղծի ներքին ձայնն է: Եթե բասը մարմնավորում է ժողովրդի հավաքական հիշողությունն ու հողի ուժը, ապա տենորը ներկայացնում է անհատի հոգեբանական դրաման: Օրինակ՝ «Քույրիկին», «Սև Արծիվ» , «Հայրենի ծուխ» երգերում Սվիրիդովը պահանջում է անկեղծության բարձրագույն աստիճան: Չի կարելի պարզապես «գեղեցիկ երգել». պետք է ձայնիդ մեջ դնես այն հոգևոր մաքրությունն ու կարոտը, որով ցնցված էր կոմպոզիտորը, երբ առաջին անգամ կարդում էր Իսահակյանի տողերը:

Հովհաննաս Անդրեասյան

Օրեր. Դուք և բասը (Հայկ Տիգրանյանը) բեմում անընդհատ երկխոսում եք միմյանց հետ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում պահել պոեմի ներքին միասնականությունը, երբ ստիպված եք կտրուկ անցումներ կատարել, օրինակ՝ «Հացի երգի» էպիկական լայնությունից դեպի անձնական ողբերգություն:

Հովհաննես Անդրեասյան. — Մեր երկխոսությունը բեմում կառուցված է հակադրությունների, բայց միևնույն ժամանակ՝ կատարյալ լրացման վրա: Հենց դրանում է թատերականացված բեմադրության ուժը: Երբ Հայկը «Հացի երգով» կամ «Մայրիկիս» ստեղծագործությամբ ստեղծում է այդ հզոր պատկերները, իմ կերպարն ասես դառնում է այդ ամենի հուզական արձագանքը: Մենք հանդիսատեսին տանում ենք մի ճամփորդության, որտեղ իմ ձայնը ներկայացնում է հոգու տառապանքն ու սերը, իսկ բասը՝ այդ տառապանքից ծնվող վեհությունն ու տոկունությունը:

Օրեր. Քանի որ ականատես ենք լինելու ոչ թե սովորական համերգային կատարման, այլ թատերականացված բեմադրության, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է ռեժիսորական հայեցակարգը և ինչպե՞ս է ընթանում աշխատանքը բեմադրող ռեժիսորի հետ:

Հովհաննես Անդրեասյան. — Այս նախագծի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Արսեն Ղազարյանն է, և պետք է ասեմ, որ նրա յուրաքանչյուր ռեժիսորական լուծում միտված է երաժշտության մեջ թաքնված խորհրդանիշներն ու հերոսների ներքին դրաման ավելի ակնառու դարձնելուն: Հանդիսատեսին շատ խորը, մտածված ու հուզական բեմադրություն է սպասվում: Բեմում յուրաքանչյուր միզանսցեն, յուրաքանչյուր հայացք ու շարժում ունի իր հստակ իմաստը, ինչը մեզ՝ երգիչներիս, օգնում է ոչ միայն հյուրընկալվել Վարպետի տանը, այլև բառացիորեն շնչել այդ տարածության մեջ:

Օրեր.Ի՞նչ սպասելիքներ ունեք Վարպետի տանը կայանալիք այս պրեմիերայից:

Հովհաննես Անդրեասյան. — Իսահակյանի տուն-թանգարանում երգելը մի տեսակ սրբազան զգացողություն է: Այստեղ պատերը հիշում են Վարպետին, ու պատասխանատվությունը կրկնապատկվում է: Մենք մեծ բեմի պես հեռու չենք լինելու հանդիսատեսից. ամեն մի շնչառություն, ամեն մի հնչերանգ լսվելու է անմիջապես: Սա թույլ կտա ստեղծել այն բացարձակ անկեղծության մթնոլորտը, որի մասին երազում էր ինքը՝ Սվիրիդովը: Սիրով սպասում ենք բոլորին մայիսի 26-ին:

Հայկ Տիգրանյան

Օրեր.. Հա՛յկ, Սվիրիդովի երաժշտական լեզուն հաճախ անվանում են խիստ, այն զերծ է ավելորդ զարդարանքներից: Որպես երգիչ՝ դժվար չէ՞ կատարել մի գործ, որը թեև նման, բայց խիստ տարբեր է օպերային ավանդական երգչական լուծումներից։

Հայկ Տիգրանյան. — Գիտեք, դա երգչից լիովին այլ որակի կենտրոնացում է պահանջում: Այստեղ յուրաքանչյուր առանձին հնչյուն, յուրաքանչյուր բառ ձեռք է բերում կշիռ ու դառնում է խորհրդանիշ: Բասի համար սա հոգեբանական մեծ աշխատանք է. դու ոչ թե պարզապես ցուցադրում ես ձայնդ, այլ ներսից, շատ զուսպ, կերտում ես ժողովրդի պատմական ճակատագիրը: Ամեն մի նոտա պետք է «հողից ծնված» լինի, ինչպես ինքը՝ Սվիրիդովն էր ասում:

Panorama.am.Պոեմը գրված է տենորի և բասի համար: Ինչպե՞ս է կառուցվում Ձեր և տենորի (Հովհաննես Անդրեասյանի) կերպարային երկխոսությունը: Նրանք տարբե՞ր հերոսներ են, թե՞ նույն Բանաստեղծի երկու հոգեվիճակները:

Հայկ Տիգրանյան. — Շատ լավ հարց է: Իրականում առանցքային հերոսը հենց Բանաստեղծն է՝ իր ընկալումներով, բայց մենք բեմում բացահայտում ենք նրա տարբեր կողմերը: Տենորի և բասի տեմբրային հակադրությունն արդեն իսկ դրամատուրգիա է ստեղծում: Օրինակ՝ երբ ես երգում եմ «Հացի երգը», այստեղ հառնում է հողագործի կերպարը, իսկ «Մայրիկիս» համարում առաջ է գալիս պանդխտության, կարոտի ու հոգեկան ցավի դրաման: Մենք ասես լրացնում ենք միմյանց՝ ստեղծելով հայ մարդու ամբողջական դիմանկարը՝ խաղաղ աշխատանքից մինչև ռազմի դաշտ:

Panorama.am.Եվ վերջում՝ ի՞նչ է զգում օպերային երգիչը, երբ այս հզոր գործը կատարում է ոչ թե մեծ թատրոնի բեմից, այլ հենց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ Վարպետի հարկի տակ:

Հայկ Տիգրանյան. — Դա բացառիկ, անկրկնելի զգացողություն է և հսկայական պատասխանատվություն: Թանգարանի կամերային միջավայրը ջնջում է բոլոր սահմանները հանդիսատեսի և մեր միջև: Սվիրիդովն իր հուշերում գրում էր, որ Իսահակյանի տողերում գտել է անկեղծության բարձրագույն աստիճանն ու հոգևոր մաքրությունը: Եվ հիմա, երբ այդ երաժշտությունն ու խոսքը հնչելու են հենց այն տանը, որտեղ ապրել ու արարել է Վարպետը, էներգետիկան լինելու է մաքսիմալ հզոր: Մենք պարզապես հրավիրում ենք բոլորին՝ գալու և մեզ հետ միասին վերապրելու այս հոգևոր խորը կապը:

Հիշեցնենք, որ «Երկիր Հայրական» էպիկական վոկալ պոեմի առաջնախաղը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը՝ 19:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում:

Նախագծի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ ԵՊԿ պրոֆեսոր Արսեն Ղազարյան:

Մենակատար՝ Հայկ Տիգրանյան (բաս):

Մենակատար՝ Հովհաննես Անդրեասյան (տենոր):

Դաշնակահար՝ Լյուսյա Շահնազարյան:

Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները հնչում են պոեմի բեմադրիչ Արսեն Ղազարյանի կատարմամբ:

Տոմսերը կարող եք ձեռք բերել  առցանց՝ https://tinyurl.com/342rv5k4
Մանրամասների կամ տոմս ամրագրելու համար զանգահարել (+37410) 58 73 80

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում