Կինոռեժիսոր Մելանյա Համասյանն արժանացավ Պրահայի կինոփառատոնի Լավագույն կարճամետրաժ փորձարարական ֆիլմ մրցանակին

  • 02.05.2026
  • 0
  • 144 Views

Ապրիլի 14-19-ը Պրահայում անցկացվել է Prague Film Festival կինոփառատոնը, որտեղ Լավագույն կարճամետրաժ փորձարարական ֆիլմ մրցանակին է արժանացել նաեւ մեր հայրենակցուհի, երիտասարդ կինոռեժիսոր Մելանյա Համասյանը։

Այս տարվա Պրահայի կինոփառատոնում ընդհանուր առմամբ 17 ֆիլմային նախագիծ արժանացել է մրցանակների՝ տարբեր անվանակարգերում՝ խաղարկային ֆիլմերից մինչև կարճ փորձարարական աշխատանքներ, սցենարներ և երաժշտական տեսահոլովակներ։ Արդյունքները ցույց են տալիս նկատելի միտում դեպի ավելի անձնական, ինտիմ պատմվածքներ, ինչպես նաև ժանրային մոտեցումների նկատմամբ աճող վստահություն։

Հաղթող աշխատանքների մեջ հաճախ հանդիպող թեմաներն էին ինքնությունը, հասունացումը և ներքին հակասությունները։

Լավագույն խաղարկային ֆիլմի գլխավոր մրցանակը շնորհվել է Under the Grey Sky ֆիլմին (ռեժիսոր՝ Մերի Թամկովիչ)։ Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում առանձնացել է Լուկաշ Վացուլայի Death Lives ֆիլմը, որը նաև ստացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորի մրցանակը։ Չեխական անվանակարգում առանձնահատուկ ուշադրության է արժանացել Տերեզիա Հալամովայի Dog and Wolf  ֆիլմը, որը արդեն իսկ մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցների հրապարակումներում։

Մրցանակներ են շնորհվել խաղարկային, անիմացիոն, վավերագրական և փորձարարական նախագծերին՝ հաստատելով, որ ժամանակակից կինոն շարունակում է ջնջել ավանդական ձևաչափերի միջև սահմանները։

Նշենք, որ մեր հայրենակցուհի, չեխական ՖԱՄՈՒ-ի շրջանավարտ Մելանյա Համասյանի «Զրույցներ եւ երազներ» ֆիլմը հաղթող է ճանաչվել Լավագույն կարճամետրաժ փորձարարական ֆիլմ անվանակարգում։ Մելանյան ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանն ու դրան հետեւած հանդիպմանը, սակայն մրցանակի հանձնման արարողությանը ավաղ այլեւս Պրահայում չէր՝  խիստ զբաղվածության պատճառով։

Մեզ հետ զրույցում, Մելանյան անդրադառնալով մրցանակին, նշեց. «Շնորհակալ եմ, որ կինոփառատոնը գնահատեց ֆիլմը, հատկապես Չեխիայում, քանի որ ֆիլմում երկխոսությունը հայերեն է։ Իրոք, անսպասելի էր»։  Նրա ասելով, ֆիլմը շարունակում է մասնակցել տարբեր փառատոների, այդ թվում ցուցադրվելու է Doclisboa-ում, DocAlliance awards-ում , Kingston International Film Festival-ում, IAWRT Asian Woman’s Film Festival-ում , Ոսկե Ծիրանում եւ այլուր։

Ֆիլմում գլխավոր դերում նկարահանվել է ռեժիսորն ինքը՝ Մելանյան, հոր դերում իր հայրն է՝ Կարապետ Համասյանը, այլ դերերում հանդես են եկել  Սավա Դոլոմանովը եւ  Յան Սլովակը։ Ֆիլմը նկարահանվել է ՖԱՄՈՒ-ում։ Ռեժիսոր Մելանյան ֆիլմում փորձել է պահպանել հայրենի Գյումրիի բարբառը, փոխանցել հոր եւ դստեր միջեւ անմիջական կապը, որն ունի երկուստեք վստահության մեծ լիցք։

Պատասխանելով մեր հարցին, Մելանյան նշում է. «Ֆիլմում ներկայացրել եմ հորս հետ զրույցները, որոնք թեեւ ամբողջությամբ վավերագրական չէ, բայց կառուցված են պատմվածքի շուրջ»։ Դրա հետ է կապված նաեւ ֆիլմի իմաստը։ Նրա ասելով՝ «Ֆիլմը պատանեկան տարիներին առաջացող վախի մասին է, որ ամեն ինչ կյանքում ընդմիշտ չէ, եւ շատ բաներ ավարտվում են։ Աղջկա երազն այդ վախի շուրջ է, նաեւ հոր երազը, որի մասին հայրը պատմում է աղջկան, այդպիսով ներկայացնում եմ սերունդների միջեւ ընթացող զրույցները»։

Ֆիլմի սյուժեն այն մասին է, որ հոր մահվան մասին երազ տեսնելուց հետո երիտասարդ կինը սկսում է ապրել նրա երազների ու հուշերի անհանգիստ լանդշաֆտներում՝ բացահայտելով վախեր, որ արտացոլում են սեփական վախերը։  Մելանյան ավարտել է FAMU–ի՝ Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը՝ ստանալով կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճան։ Նախքան կինոյով զբաղվելը լուսանկարչություն և հանրային արվեստ է ուսանել Կալիֆորնիայի Սանտա Կրուս համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Նրա վավերագրական և խաղարկային ​​​​աշխատանքները հաճախ տարասեռ ոճի ու ժանրի են՝ սահմանները դարձնելով ավելի ու ավելի աննշմարելի։

Մելանյա Համասյանը հեղինակ է հետեւեյալ ֆիլմերի՝ «Ապապատմականացված» (կ/մ, 2015), «Վարագույրի հետևում» (կ/մ, 2018), «Գիշերային ոդիսական» (կ/մ, 2022), «Ուշ ամառ» (կ/մ, 2023), «Զրույցներ և երազներ» (կ/մ, 2024): Ի դեպ, նախավերջին ֆիլմը՝ «Ուշ ամառը», մրցանակի էր արժանացել Քենսինգտոնի կինոփառատոնում, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակը նրա եղբայրն է՝ հանրահայտ երաժիշտ Տիգրան Համասյանը։ Մելանյայի հետ մեր առաջին հարցազրույցին կարող եք ծանոթանալ ՕՐԵՐ ամսագրի 9-12/2023 թվականի համարում։

Շնորհավորում ենք եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթում Մելանյա Համասյանին։

Հ.Ա., ՕՐԵՐ

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում