Չեխահայ կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը 90 տարեկան է. նրան շնորհավորել է Պրահա 5-ի փոխքաղաքապետը

  • 28.04.2026
  • 0
  • 273 Views

Այսօր 90-ամյա հոբելյանն է նշում չեխահայ համայնքի նահապետը՝ կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը։ Նա ծնվել է 1936 թվականին Պրահայում, հայտնի արեւելագետ Նշան Մարտիրոսյանի ընտանիքում, որը ժամանակին Կարլի համալսարանում հիմնադրել էր հայագիտության բաժինը։

Հայկ Մարտիրոսյանը կրթությունը ստացել է Երաժշտական արվեստների ակադեմիայի կինոհեռուստատեսային ֆակուլտետում՝ ՖԱՄՈՒ-ում, ուր նրա դասախոսներն են եղել հայտնի գրող Միլան Կունդերան և կինոռեժիսոր, կինոսեցնարիստ, դասախոս Օտակար Վավրան։ Նա արվեստի մասին վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի, ինչպես նաեւ մեկ գեղարվեստական ֆիլմի սցենարի հեղինակ է։ Նրա «Ֆուգա սև բանալիների վրա» ֆիլմը հաջողություն է ունեցել միջազգային փառատոներում, այդ թվում՝ առաջին մրցանակի է արժանացել Մարսելի կինոփառատոնում։ Նա նաեւ աշխատել է իբրեւ լրագրող։

Այսօր հոբելյարին իր տանը այցելել է եւ շնորհավորել Պրահա 5-ի փոխքաղաքապետ Պետր Լաչինտը՝ մաղթելով առողջություն եւ հանձնելով նվերների փաթեթ։ Հայկ Մարտիրոսյանն ասել է, որ իրեն լավ է զգում, չի բողոքում։ «Ես ապրում եմ համեմատաբար համեստ և առողջ կյանքով», ասել է Հայկ Մարտիրոսյանը՝ պարզաբանելով իր երկարակեցության գաղտնիքը։

ՕՐԵՐ ամսագրի եւ չեխահայ համայնքի անունից շնորհավորում ենք սիրելի պարոն Մարտիրոսյանին եւ մաղթում առողջ, երկար տարիների խաղաղ կյանք։

orer.eu

Լուսանկարում՝ Հայկ Մարտիրոսյանը եւ Պրահա 5-ի փոխքաղաքապետի նվերը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում