Երևանում կանցկացվի ժամանակակից թատրոնի և պերֆորմանսի միջազգային աշխատարան

  • 29.03.2026
  • 0
  • 62 Views

Ապրիլի 15-ից հունիսի 5-ը Երևանում կանցկացվի ժամանակակից թատրոնի և պերֆորմանսի ինտենսիվ աշխատարան՝ համադրված միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր Իլյա Մոշչիցկու կողմից։ Այն կրելու է «Առաջադրված հանգամանքներ» խորագիրը, որը Կոնստանտին Ստանիսլավսկու հայտնի արտահայտություններից մեկն է։

hosq մշակութային հիմնադրամի այս ծրագիրը կոլեկտիվ ստեղծագործ աշխատանքի վրա հիմնված հետազոտական հարթակ է։ Մասնակիցները կմասնակցեն փորձերի, ֆիզիկական թատրոնի պրակտիկաների և մասնագիտական բազմաթիվ քննարկումների՝ համագործակցելով ոլորտի առաջատար թատերագետների, ռեժիսորների և հետազոտողների հետ։ Աշխատարանի ավարտին մասնակիցները կներկայացնեն համատեղ ստեղծված ներկայացում, որը կընդգրկվի Chronofest 2026 փառատոնի ծրագրում։

Ծրագրի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն միջազգային փորձ ունեցող մասնագետներ՝ մրցանակակիր ռեժիսոր, Chronotope Theatre Company-ի հիմնադիր և Chronofest փառատոնի ստեղծող Իլյա Մոշչիցկին, Viewpoints մեթոդի, ֆիզիկական թատրոնի և տեղհատուկ պերֆորմանսների մասնագետ Եկատերինա Կրամարենկոն, թատրոնի պատմաբան և ժամանակակից ռեժիսուրայի հետազոտող, «Ոսկե դիմակ» մրցանակի փորձագետ Վլադա Կուպրինան, համադրող, խմբագիր և նոր բեմական ձևերի, դոկումենտալ և հիբրիդային թատրոնի փորձագետ Ալեքսեյ Կիսելյովը, գրող, ռեժիսոր Անահիտ Ղազարյանը և բազմաթիվ այլ հայաստանյան և արտասահմանյան մասնագետներ։ 

Աշխատարանը կանցկացվի Երևանում ապրիլի 15-ից մինչև հունիսի 5-ը։ Ծրագիրը ինտենսիվ է և նախատեսում է շաբաթական վեցօրյա աշխատանք՝ օրական մինչև չորս ժամ տևողությամբ։

Աշխատարանը բաց է տարբեր մասնագիտական և ստեղծագործական փորձ ունեցող անհատների համար։ Մասնակցել կարող են թատրոնի և փերֆորմանս արվեստի ոլորտի ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, պարողներ, ինչպես նաև միջդիսցիպլինար արվեստագետներ՝ վիզուալ արվեստի, երաժշտության, լուսանկարչության, դիզայնի, ճարտարապետության և մեդիայի ոլորտներից։ Ծրագիրը նախատեսված է նաև գրողների, դրամատուրգների, համադրողների, քննադատների, հետազոտողների, ինչպես նաև այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են ստեղծագործական փորձառությամբ և ցանկանում են արվեստը բացահայտել ներսից։ 

Ծրագրի ընթացքում մասնակիցները կզարգացնեն համատեղ ստեղծագործական աշխատանքի հմտություններ, կսովորեն կոլեկտիվ հեղինակության և համատեղ պատասխանատվության սկզբունքները, կծանոթանան ժամանակակից թատրոնի հիմնական ուղղություններին և մոտեցումներին, ինչպես նաև կաշխատեն մարմնի, ներկայության և ուշադրության հետ՝ որպես ստեղծագործական գործիքների։ Նրանք հնարավորություն կունենան վերաիմաստավորել տարածքը՝ որպես ակտիվ գործոն, ինչպես նաև ձևավորել, փորձարկել և զարգացնել պերֆորմատիվ գաղափարներ՝ դրանք հասցնելով մինչև կառուցվածքային լուծումներ։

Մասնակիցներին կտրամադրվի մասնակցության սերտիֆիկատ։ Մասնակցության համար առաջարկվող տարիքային սահմանը մինչև 38 տարեկանն է, իսկ առաջնահերթությունը տրվում է Հայաստանում բնակվող դիմորդներին։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում