Հայ նկարիչների գեղանկարների ցուցահանդես-վաճառք եւ ֆիլմի ցուցադրություն Պրահայում

  • 14.10.2025
  • 0
  • 299 Views

Հոկտեմբերի 22-ին, ժ. 18:00-ին Պրահայի  Ազգային փոքրամասնությունների տանը ՝ Dům národnostních menšin-ում (հասցեն՝ Vocelova 602/3, 120 00 , Praha 2)  տեղի կունենեա Հայ նկարիչների գեղանկարների ցուցահանդեսի բացումը։ Ձեռնարկի կազմակերպիչներն են  Armenian Artists Project (armenianartistsproject.org) բարեգործական առցանց պատկերասրահը (ԱՄՆ), «Քոչար» մշակութային հիմնադրամը (Հայաստան) եւ  ՉԱՐՄ (ČARM) հասարակական կազմակերպությունը (Չեխիա)։

Միջոցառման ծրագրում նախատեսվում է  յոթ  հայ նկարչի մոտ 30 փոքր  աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Կցուցադրվեն Ռուբե Քոչարի, Անի Հովակի, Արմեն Թորոսի Բոյախչյանի, Լազար Ղազարյանի,  Գարրի Արզումանյանի, Մարիամ Համբարյանի, Անատոլի Պապանյանի աշխատանքները։

Այնուհետեւ Armenian Artists Project նախագիծը կներկայացնի առցանց պատկերասրահի տնօրեն, արթ մենեջեր Նարինե Քոչարը։   

 «Քոչար» մշակութային հիմնադրամի հիմնադիր, կինոբեմադրիչ, սցենարիստ, նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Քոչարը կներկայացնի իր «Քոչարի տարածական նկարչությունը» վավերագրական ֆիլմը (15 րոպե)։ Նշենք, որ Ռուբեն Քոչարը հայտնի քանդակագործ եւ գեղանկարիչ Երվանդ Քոչարի որդին է։

Ձեռնարկի  երկրորդ մասում Ռուբեն Քոչարը, Նարինե Քոչարը եւ նկարչուհի, երաժիշտ Անի Հովակը կպատասխանեն ներկաների հարցերին, որին կհետեւի հյուրասիրություն։

Բարեգործական ցուցահանդես-վաճառքը կգործի ինչպես այդ օրը, այնպես էլ հետագայում՝ առցանց տարբերակով։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց ՉԱՐՄ (ČARM) հասարակական կազմակերպության հիմնադիր Բելլա Կնյազչյանը, քանի որ իրենց կազմակերպությունը  խթանում է հայ մշակույթի տարածմանը Եվրոպայում, այս անգամ  կազմակերպել է հայ նկարիչների ցուցահանդես,  որպեսզի եվրոպացիները ծանոթանան հայ ժամանակակից նկարիչների գործերին, եւ հետագայում  էլ կարող են այցելել եւ  armenianartistsproject.org կայքէջից գնել գեղանկարչական աշխատանքներ՝  կատարելով բարեգործություն։

Նարինե Քոչարի ասելով, Armenian Artists Project-ը հիմնադրվել է 2018թ. ԱՄՆ ում, որպես ոչ շահութաբեր կազմակերպություն, որի նպատակն է աջակցել Հայաստանում ապրող և ստեղծագործող արվեստագետներին, լուսաբանել, տարածել և հանրահռչակել նրանց արվեստը աշխարհով մեկ, տրամադրել նրանց անվճար հարթակ ցուցադրելու և վաճառելու իրենց աշխատանքները  armenianartistsproject.org բարեգործական առցանց պատկերասրահի միջոցով, նպաստել արվեստագետների եկամտի աճին, իսկ պատկերասրահի ակնկալվող ողջ հասույթը նվիրաբերել Հայաստանում իրականացվող տարբեր բարեգործական նախագծերին:  armenianartistsproject.org կայքը գործում է 2020թ.-ից և այս հինգ տարիների ընթացքում իրականացրել է հիսունից ավել նկարիչների հարյուրավոր նկարների վաճառք, աջակցել տասնյակ կարևոր բարեգործական ծրագրերի:  Կայքում ներկայացված են 150-ից ավել հայ ժամանակակից արվեստագետների ավելի քան 2000 աշխատանքներ՝ գեղանկար, գծանկար, քանդակ, գոբելեն, ամենատարբեր ոճերի և տեխնիկաների կիրառմամբ:

«Քոչար» մշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2003թ. ԱՄՆ-ում, այնուհետև 2017թ.-ից գործունեությունը իրականացնում է Հայաստանում: Հիմնադրամի նպատակն է պահպանել, տարածել և լուսաբանել հայ մշակույթը, հայ մշակութային գործիչներին Հայաստանում և Սփյուռքում: Հիմնադրամն այս տարիների ընթացում իրականացրել է  բազմաթիվ խաղարկային և վավերագրական ֆիլմերի նկարահանումներ, թատերական և երաժշտական բեմադրություններ, ցուցահանդեսներ, ներկայացնելով հայ մեծանուն արվեստագետներին և հայ մշակույթը:

Ավելացնենք, որ միջոցառման մուտքն անվճար է։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում