Հայաստանի պետական կամերային նվագախմբի և մաեստրո Սիփան Օլահի համերգները Հայաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում

  • 13.10.2025
  • 0
  • 538 Views

Այս տարվա աշնանային գունապնակը փայլուն հագեցրեց հայկական դասական մեղեդիներով Հայաստանի պետական կամերային նվագախումբը իր աննախադեպ համերգներով։ Հյուրախաղերի հեղինակ, գեղարվեստական հեկավար-կազմակերպիչն էր լոնդոնաբնակ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝  համագործակցելով  Երևանի Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ԱՄՆ-ի HI-AM և 15 այլ միջազգային կազմակերպությունների հետ։

Յոթ համերգներից առաջինը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը։

Ծրագրում հնչեցին բացառապես Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Վաղարշակ Կոտոյան, Կոնստանտին Պետրոսյան, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյան և Շառլ Ազնավուր։ Համերգը նվիրված էլ լեգենդար գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի 145-ամյակին և նկարչի տուն-թանգարանից իր ընտանիքը համերգասրահում ներկայացրեց 18 հանրահայտ կտավների ռեպլիկաների ցուցահանդես։

Լեփ լեցուն սրահում ներկա էին Հայաստանում 7 երկրների դեսպաններ, ԿԳՄՍ նախարարության, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, մշակութային կազմակերպությունների, բուհերի և թանգարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։

Նվագախմբի հաջորդ համերգը տեղի ունեցավ սեպտեմբեր 25-ին Փարիզի սրտում՝ անկրկնելի Սբ․ Մադլենի տաճարում։

Սա առաջին հայկական մեծամասշտաբ միջոցառումն էր Փարիզի երրորդ ամենանշանավոր Մադլեն տաճարում, որտեղ ՀՊԿՆ-ն 13 տարվա բացակայությունից հետո իր ելույթով գրավեց տաճարում հավաքված ավելի քան 1100 հանդիսատեսի սրտերն ու հոգիները՝ մաեստրո Սիփան Օլահի գլխավորությամբ և 3 սոլիստների (Հայարփի Եղիկյան սոպրանո, Հակոբ Մուրադյան հոբոյ, Սոնա Բարսեղյան դաշնամուր) մասնակցությամբ, կատարելով՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։

Համերգը կազմակերպել էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը՝ Դեսպանատան բարեկամներ ասոցիացիայի և դեսպան Արման Խաչատրյանի հովանու ներքո, ՀԲԸՄ Ֆրանսիան՝ տնօրեն Նադիա Գործունյանի գլխավորությամբ։

Ներկա էին Ֆրանսիայում 11 երկրների դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Ֆրանսիայի կառավարության և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, Հայ Առաքելական, Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների առաջնորդներ, Ֆրանսիայի կաթոլիկ եղեղեցու բարձր հոգևորականներ, ֆրանսահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, Փարիզի երաժշտասեր հանրությունը։

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի Քրքլենդ համերգասրահում առաջին անգամ տեղի ունեցավ ՀՊԿՆի  համերգը՝ կազմակերպված Վաշինգտոնի Հայկական մշակութային ասոցիացիայի կողմից։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը առաջին հայկական նվագախումբն էր, որը ելույթով հանդես եկավ Սիեթլում մաեստրո Սիփան Օլահի և 3 մեներգիչների հետ։ Համերգի ծրագրում հնչեցին բացառապես հայկական կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատուրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Ավելի քան 500 հանդիսատեսի շարքերում ներկա էին Սիեթլի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, քոլեջների, հայկական դպրոցների, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ և ամերիկացի երաժշտասեր հանդիսատես, անգամ Կանադայի Վանկուվեր քաղաքից հատուկ ժամանած 22 հոգանոց պատվիրակություն։

Սեպտեմբերի 29-ին Նևադա նահանգի Լաս Վեգասի Քլարք Գրադարան Թատրոնի համերգասրահում առաջին անգամ տեղի ունեցավ ՀՊԿՆի համերգը` կազմակերպված Լաս Վեգասի Հայկական Ամերիկյան մշակութային միության կողմից։ Այստեղ նույնպես ՀՊԿՆ-ն առաջին հայկական նվագախումբն էր, որ ելույթով հադես եկավ Լաս Վեգասում մաեստրո Սիփան Օլահի և 3 սոլիստների` Հայարփի Եղիկյանի (սոպրանո), Աստղիկ Վարդանյանի (ջութակ) և Սոնա Բարսեղյանի (դաշնամուր) հետ։ Ծրագրում հնչեցին հայ կոմպոզիտորներ ստեղծագործություններ։ Համերգին ներկա էին 400-ից ավելի հանդիսատես, ներկայացուցիչներ Լաս Վեգասի Մշակութային և Շոուների կազմակերպություններից, Վրաստանի հյուպատոսը, Քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, եկեղեցականներ։

Հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիաի Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան Կատարողական Մշակութային Կենրոնի Համերգասրահում 12 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ ՀՊԿՆի  համերգը՝ կազմակերպված HI-AM հիմնադրամի կողմից՝ նախագահ Նշան Աճեմյանի գլխավորությամբ՝ համագործակցելով ՀԲԸՄ ԼԱ-ի հետ։

Ավելի քան 650 հանդիսատես ըմբոշխնեց Կոմիտասի, Մանսուրյանի, Ամիրխանյանի, Խաչատուրյանի և Ազնավուրի ստեղծագործությունները ՝ Մաեստրո Ս․Օլահի և 3 սոլիստների՝ Հ․Եղիկյանի (սոպրանո), Ա․Վարդանյանի (ջութակ), Ս․Բարսեղյանի (դաշնամուր) և ՀՊԿՆ-ի կատարմամբ։

Ներկա էին Գլենդելի, Փասադենայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները, Կալիֆորնիայում ՀՀ Գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Հայ Առաքելական, Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների նեկայացուցիչներ, Հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախագահներ, Հայկական դպրոցների տնօրեններ և սաներ, մեծանուն երաժիշտներ։ Գլենդելի Քաղաքապետ Արա Նաջարյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբին հանձնեց հատուկ շնորհակալագիր՝ ի նշան հայ երաժշտությունն ու արվեստը աշխարհում տարածելու։

Հոկտեմբերի 4-ին Նյու Յորքի կենտրոնում, Հայկական Սբ․ Վարդան տաճարում՝ Կաֆեդրալի Մշակութային Կոմիտեի կողմից՝ գլխավորությամբ Տեր Դավիթ Քարամյանի, 24 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ ՀՊԿՆ-ի  համերգը։ Համերգի առաջին բաժնում հնչեցին Կոմիտասի ջազային բացառիկ մշակումները ամերիկացի անվանի դաշնակահար Ջոել Մարտինի, Ջոհն Բերգերի (դրամ սեթ), Դեյվիդ Դանուվեյի (կոնտրաբաս) կողմից՝ համագործակցությամբ մաեստրո Սիփան Օլահի և ՀՊԿՆ-ի հետ։ Համերգի երկրորդ բաժնում դիրիժոր և տենոր Սիփան Օլահը և 3 սոլիստները՝ Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր) կատարեցին Շարլ Ազնավուր դասականներ սյուիտն ու շանսոնյեի ճանաչված երգերը` համերգային ծրագիրը եզրափակելով Էդգար Հովհաննիսյանի Երևան-Էրեբունի երգով։ Համերգին նաև մասնակցեց նկարչուհի Թամարա Հարությունյանը՝ հանդիսատեսի առջև նկարելով 2 բացառիկ կտավ միջոցառման ընթհացքում։ 500-ից ավելի հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով չէր հագենում համերգային այս բացառիկ ծրագրից։ Ներկա էին ՄԱԿ-ի ՀՀ Նորին Գերազանցություն դեսպան Պարույր Հովհաննիսյանը, հոգևորականներ, Հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախագահներ, Հայկական դպրոցների տնօրեններ և սաներ, մեծանուն երաժիշտներ։

Հոկտեմբերի 5ին Մասաչուսեց նահանգի Բոստոն քաղաքում Ուոթերթաունի Քոլեջի համերգասրահում առաջին անգամ տեղի ունեցավ ՀՊԿՆ-ի  համերգը՝ կազմակերպված ԱմարասՄշակութային Միության կողմից։

Մաեստրո Սիփան Օլահի և 3 սոլիստների՝ Հ․Եղիկյանի (սոպրանո), Ա․Վարդանյանի (ջութակ), Ս․Բարսեղյանի (դաշնամուր) և ՀՊԿՆ-ի  կատարումները վայելեց ավելի քան 500 հանդիսատես՝ ունկնդրելով Կոմիտասի, Ա․Խաչատուրյանի, Տ․Մանսուրյանի, Ռ․Ամիրխանյանի, Վ․Կոտոյանի, Կ․Պետրոսյանի, Է․Հովհաննիսյանի և Շ․Ազնավուրի ստեղծագործությունները։ Երեկոն եզրափակվեց Էդգար Հովհաննիսյանի “Երևան-Էրեբունի” երգով, որին ձայնակցելով հոտնկայս միացավ սրահում գտնվող ողջ հանդիսատեսը։

Ներկա էին քաղաքային խորհրդի նեկայացուցիչներ, հոգևորականներ, Հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախագահներ, հայկական դպրոցների տնօրեններ և սաներ, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը, ում հեղինակած «Հայաստան» երգը կատարեց տենոր Սիփան Օլահը և ՀՊԿՆ-ը` հուզիչ և անմոռանալի զգացողություններ ներշնչելով  հանդիսատեսին։

Այս յոթ համերգային հրավառությունը միավորեց արտերկրի և միջազգային հանդիսատեսին անզուգական հայկական դասական երաժշտության շուրջ՝ անմոռանալի պահեր պարգևելով բոլորին։

Յուրաքանչյուր միջոցառումը դարձավ յուրօրինակ երաժշտական և արվեստի տոնակատարություն՝ անցյալի և ներկայի, արևելքի և արևմուտքի միջև կամուրջ դառնալով։ Այս շրջագայությունը ոչ միայն համերգների շարք էր, այլև երաժշտական ​​ուխտագնացություն՝ վերահաստատելով Հայաստանի տեղը և դերը աշխարհի մշակութային քարտեզի վրա։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում