Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճիռը։ Այս մասին հայտնում է panorama.am-ը։
«Դատարանը վճռեց՝ Գևորգ (Միքայել) Աջապահյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում, որպես պատիժ նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով, պատժի սկիզբը հաշվելով արգելանքի վերցնելու պահից։
Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- դատավճիռը կարդաց Արմինե Մելիքսեթյանը։
«Ամոթ», «ամոթ», «սրբազան», սրբազան» վանկարկում են դատարանում հավաքված քաղաքացիները։
Հանրային մեղադրողը պահանջել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։
Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։
Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար։
orer.eu



