Վերնախորհուրդը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին կողմնորոշվել 2026թ. խորհրդարանական ընտրություններից առաջ

  • 03.10.2025
  • 0
  • 501 Views

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք դիմում ենք յուրաքանչյուր հայի՝ անկախ նրա կրոնական պատկանելությունից, բնակության երկրից, քաղաքացիությունից և կացության իրավունքից։ Եկել է ժամանակը միավորել մեր ջանքերը Հայաստանի Հանրապետության ապագան ապահովելու և մեր օրինական իրավունքներն իրականացնելու համար։

Համահայկական Վերնախորհրդի՝ Սենատի ընտրողները, որոնք այս պահին կազմում են մոտ 100,000 ընտրողներ աշխարհի տարբեր կողմերից, արտահայտելու են իրենց աջակցությունը և տալու են իրենց ձայնը այն քաղաքական թիմերին, որոնք կմասնակցեն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և կընդունեն համազգային այս ծրագիրը։

Մեր աջակցությունը ոչ միայն քաղաքական ակտ է, այլև ողջ հայության կամքի արտահայտություն՝ վերականգնելու պատմական արդարությունը և իրականացնելու Համահայկական Վերնախորհրդի՝ Սենատի կողմից մշակված ծրագիրը։

Ծրագիրը հիմնված է երեք հիմնական իրավական փաստաթղթերի վրա, որոնք ունեն միջազգային անվերապահ ճանաչում.

• Միացյալ Հայաստանի Անկախության մասին 1919 թվականի մայիսի 28-ի հռչակագիրը։ Անկախության հռչակման այս ակտը պետք է ճանաչվի աշխարհի բոլոր հայերի կողմից՝ թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե՛ այլ երկրներում ապրող հայության կողմից, որպես իրավական տիտղոս, որը հաստատում է մեր համազգային սեփականության դե յուրե և դե ֆակտո իրավունքը։

• Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը։ ԱՄՆ-ի 28-րդ նախագահի կողմից կայացված և հաղթանակած տերությունների կողմից ընդունված այս Իրավական վճիռը հիմնաքար է Հայաստանի արևմտյան սահմանները որոշելու հարցում և անվիճելի իրավական տիտղոս է որոշակի տարածքների նկատմամբ։

• Ազգերի լիգայի 1920 թվականի դեկտեմբերի 10-ի Տիտղոսաթերթը։ Ազգերի լիգայի այս փաստաթուղթը ծառայում է որպես լրացուցիչ իրավական անվանում (իրավական տիտղոս), որն ամրապնդում է մեր պահանջների միջազգային իրավական հիմքը։ Ազգերի լիգայի 1920 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման հիմքում դրվել է ցարական Ռուսաստանի Գլխավոր շտաբի 1917 թվականի հայապատկան տարածքների քարտեզը, որի մակերեսը դե ֆակտո կազմում էր 70,551 քառ. կմ։ Համեմատության համար, մինչև 1927 թվականի հունվարը Խորհրդային Հայաստանի դե յուրե և դե ֆակտո տարածքները կազմում էին ընդամենը 30,948 քառ. կմ (համաձայն ԽՍՀՄ Ատլասի, ԽՍՀՄ Կենտգործկոմի հրատարակություն, Մոսկվա 1928 թ., էջ 93)։

Այն քաղաքական թիմերը, որոնք կընդունեն Համահայկական Վերնախորհրդի՝ Սենատի ծրագիրը և կմասնակցեն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, կստանան համահայկական աննախադեպ աջակցություն՝ իրականացնելու մեր օրինական և անքակտելի իրավունքները, որոնք ամրագրված են այս կարևորագույն փաստաթղթերում։

Ընդունեք Վերնախորհրդի՝ Սենատի ծրագիրը, և մենք միասնաբար կյանքի կկոչենք մեր հավաքական իրավունքները։

Արամ Մկրտչյան

Համահայկական Վերնախորհրդի՝ Սենատի համակարգող

01․10․2025 թվական

Գերմանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում