Վաչե Շարաֆյանի և ճարտարապետ-դիզայներ Վազգեն Բրուտյանի «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի առաջին ներկայացումը հունիսի 26-ին «Էրեբունի»ում

  • 19.06.2025
  • 0
  • 676 Views

2025 թվականի հունիսի 26-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից կկայանա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի և ճարտարապետ-դիզայներ Վազգեն Բրուտյանի՝ ամիսներ տևած աշխատանքի ու համագործակցության արդյունք «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի առաջին ներկայացումը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Օրատորիա-միստերիան նախատեսում է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում երաժշտական նոր ստեղծագործության ներկայացում՝ վիզուալ ձևավորման հետ, որի միջոցով այն կկատարվի տվյալ տեղում գտնվող պատմական հուշարձաններին կից՝ նոր ժամանակների շունչ ու շարունակականություն հաղորդելով դրանց։ Յուրաքանչյուր վայրում տվյալ պատմական կոթողը դառնալու է միստերիայի մաս՝ իր վրա կրելով նաև վիզուալ անիմացիոն պրոյեկցիա-ձեւավորումը։ Երաժշտությանը կից կլինեն նաեւ հատուկ ստեղծված ձայնային էֆեկտներ, որոնք էլ ավելի ազդեցիկ կդարձնեն միստերիայի հմայքը՝ ստեղծելով ժամանակից դուրս, տիեզերական մթնոլորտ։

Բազմաշերտ և բազմադրվագ օրատորիայում հանդես կգան կատարողներ՝ սոպրանոներ Արփի Սինանյանը և Մերի Միսակյանը, Հայկական պնղձյա փողային կվինտետը՝ ընդլայնված կազմով (Ազատ Հարությունյան (շեփոր), Նարեկ Գրիգորյան (շեփոր), Արմեն Կարագյան (գալարափող), Արշավիր Իսահակյան (գալարափող), Վարդան Պապիկյան (տրումբոն ), Դավիթ Ասրյան (տուբա), Էդուարդ Պապոյան (հարվածային գործիքներ)):

Օրատորիայի երաժշտության հեղինակն է Վաչե Շարաֆյանը, իսկ վիզուալ ձեւավորումների հեղինակը՝ Վազգեն Բրուտյանը։

Այսօր հատկապես արդիական է դարձել Հայոց ճշմարիտ պատմությունը ճանաչելն ու նրան պաշտպան կանգնելը։ Եւ, ինչպես մարդկության պատմությունը ցույց է տալիս, դա ամենից ազդեցիկ կերպով արվել է բարձրարժեք արվեստի կողմից։ Եվ, ըստ հեղինակների, այս առումով ավելի ու ավելի է կարեւորվում օրատորիա-միստերիայի ստեղծումն ու իրականացումը։

Օրատորիայի ունկնդիրն են լինելու առաջին հերթին տեղաբնիկները՝ տվյալ բնակավայրի բնակիչները, Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, հասարակության լայն շրջանակներ, ապա նախագծի տեսագրված տարբերակը սփռվելու է ի տես համայն աշխարհի՝ զանգվածային լրատվության միջոցներով։

Ներկայացվող երաժշտական միստերիան, որը բազմալեզուն է ու ներառում է նաև ուրարտերենը,  և որն նպատակ ունի ակտիվացնել մշակութային կյանքը մայրաքաղաք Երեւանում եւ մարզերում, միջազգային մակարդակի վրա ուշադրություն կգրավի նաև Հայաստան աշխարհի պատմական անցյալի ու արդի հարցերի շուրջ։ Օրատորիա-միստերիան միտված է գեղարվեստական բարձր լեզվով ներկայացնել իրական պատմությունը, կասեցնել քաղաքական կեղծիքների միտումները, վերահաստատել պատմական ճշմարտության արդի շարունակականությունը ու կյանք տալ անցյալին՝ հանդիսանալով կամուրջ դեպի լավատեսական ապագա։

Նախագիծը լինելու է շարունակական՝ ներկայացնելով 4 համերգներ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում