
«Եթե կարող եք հաջողություն ունենալ Պրահայում, կարող եք հաջողություն ունենալ Եվրոպայի ցանկացած վայրում»:
ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանում է Լոս Անջելեսի «Պետրոսյան պարի թատրոնի» հիմնադիր ղեկավար Նարինե Պետրոսյանը
-Հուլիսի 11-ին, 12-ին եւ 13-ին ծրագրված է ԱՄՆ «Պետրոսյան պարի թատրոնի» հյուրախաղերը Պրահայում՝ «Եվս մեկ անգամ՝ Շառլ Ազնավուր» պարային ներկայացումով։ Ինչպե՞ս ծնվեց այս ներկայացումը եւ ի՞նչ կարող են ակնկալել Ազնավուրի արվեստի սիրահարները։
-Շառլ Ազնավուրի մահը ընդունեցինք իբրեւ մեծ կորուստ, քանի որ նրա հզոր ձայնն ու արվեստը կարևոր էին մեր մշակութային գիտակցության համար: Թեև հայկական արվեստում բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ կան, քչերն են հասել Ազնավուրի միջազգային մակարդակին: Մեր պարտքն է հարգել նրա ժառանգությունը՝ ուսումնասիրելով նրա արվեստը և համոզվելով, որ աշխարհը հիշում է նրա ներդրումները: 2019 թվականին, երբ նրա ծննդյան օրը այցելեցի Ազնավուրի Հոլիվուդյան փառքի աստղը տեսնելու, այդ պահին մոտս մի տեսլական ծագեց՝ հարգանքի տուրք մատուցել ներկայացման միջոցով: Ես հասկացա, որ պետք է պատմեմ Ազնավուրի պատմությունը նրա բնօրինակ երգերի և պարողների շարժումների միջոցով, քանի որ ոչ ոք չի կարող կրկնել նրա եզակի ձայնը: Հետեւաբար, կարեւոր էր նրա երգացանկի ճշգրիտ ընտրությունը՝ նրա անցած կյանքի ուղղու մասին երկու գործողությամբ ներկայացում ստեղծելու համար, բայց ամենակարևորը՝ Ազնավուրի կյանքի փիլիսոփայությունը ներկայացնելն էր:
«Եվս Մեկ անգամ՝ Շառլ Ազնավուր» վերնագրով ներկայացումը արտացոլում է նրա կյանքի էությունը՝ լի կրքով, սիրով և կենսունակությամբ: Այն սկսվում և ավարտվում է «Two Guitars» երգով, որը Ազնավուրի «Էխ ռազ, յեշչո ռազ» ժողովրդական երգի վերարտադրությունն է։ Այս երգը ամփոփում է Ազնավուրի կյանքի փիլիսոփայությունը. եթե նա ապրեր նորից, ապա կապրեր նույն կերպ։
– Հետաքրքիր է, որ Ազնավուրի արվեստը պարի միջոցով ներկայացնում է ոչ թե եվրոպական, այլ ամերիկա-հայկական թատրոնը։ Որքանո՞վ է Ազնավուրը հայտնի Միացյալ Նահանգներում եւ ինչպե՞ս է այնտեղ ընդունվել այս ներկայացումը։
-Ինչպես բոլորս գիտենք, Լոս Անջելեսի հայկական համայնքը աշխույժ և բազմազան է, բաղկացած տարբեր մակարդակի մարդկանցից։ Հեռվից դիտելով, կարող է թվալ, որ Լոս Անջելեսի հայերը հիմնականում լսում են ռաբիս երաժշտություն, իսկ մշակութային սովորույթները վերաբերում են միայն հարսանիքներին և զվարճալի միջոցառումներին։ Հուրախություն մեզ, այս համայնքում կա նաեւ մտավորական խավ, որը դասական մակարդակով ներկայացնում է արվեստի ակնառու գործեր։ Այս իսկ պատճառով զարմանալի չէ, որ նման ստեղծագործությունը ծնվեց Լոս Անջելեսում։ «Պետրոսյան թատրոնն» այնքանով է օրհնված, որ ունի Գագիկ Թադեւոսյանի պես պարող, որը մարմնավորում է Ազնավուրի ոգին, մտադրությունը և զգացմունքային ուժը որպես իրական արվեստագետ։ Մեր համայնքն ամբողջությամբ ընկալում և աջակցում է այն փիլիսոփայությանը, որ Ազնավուրի երաժշտությունը տալիս է մեզ։
Այս նախագիծը՝ «Եվս մեկ անգամ ՝ Շառլ Ազնավուր», նորարարական է ոչ միայն իր ձևաչափով, այլև՝ իր բովանդակությամբ։ Չնայած որ աշխարհում գոյություն ունեն շատ թատերական պարային ներկայացումներ, մերը եզակի է, քանի որ այն հիմնված է մեկ արվեստագետի երգերի լայն հավաքածուի վրա, ինչը որ անհնարին կլիներ, եթե այդ արվեստագետը միայն մի քանի գործ ունենար։ Մինչդեռ Լոս Անջելեսը միջազգային արվեստի լսարան է, մեր օպերան, ֆիլհարմոնիան, և բազմաթիվ թատրոններ մեծ հնարավորություն են տալիս ուսումնասիրելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և նոր արվեստի ձևերին ծնունդ տալուն։

-Ե՞րբ է ստեղծվել Ձեր թատրոնը, ովքե՞ր են նրա անդամները եւ բացի վերոհիշյալ ծրագրից, որքանո՞վ է բազմազան ձեր խաղացանկը։
– «Պետրոսյան թատրոն» պարային ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին, և մենք սիրով ողջունել ենք տարբեր պրոֆեսիոնալ պարողների, ովքեր միացել են մեզ՝ ստեղծելու մեր առաջին աշխատանքը՝ «Once Again, Charles Aznavour»(«Եվս Մեկ անգամ՝ Շառլ Ազնավուր»ը): Սակայն, 2019 թվականին, մեր պրեմիերայից առաջ, սկսվեց Քովիդը, ինչը հանգեցրեց թատրոնների և նրանց գործունեության կասեցմանը, ինչը նշանակում էր նաեւ մեր մեծ պրեմիերայի չեղարկում: Մենք սկսեցինք ներկայացումներ բեմադրել մի փոքր, մութ թատրոնում, որը ինքներս ստեղծել էինք՝ թաքնվելով կառավարության վերահսկողությունից: Երբ աշխարհը սկսեց վերականգնվել Քովիդից հետո, 2022 թվականին մենք սկսեցինք ներկայացնել «Եվս Մեկ անգամ՝ Շառլ Ազնավուր»ը։ Այս տարի այն առաջին անգամ կներկայացնենք Եվրոպայում։ Ներկայացումը ներառում է տարբեր պարային ժանրերից կազմված խորեոգրաֆիա, ինչպիսիք են բալետը, պարահանդեսային պարերը, ավանդական պարերը, ջազը, քանի որ Ազնավուրի երաժշտությունը բազմաբնույթ է: Շոուի կատարողները նույնպես ունեն մեծ պատրաստվածություն իրենց ոլորտում, այնպես որ ներկայացումը սահմանափակված չէ մեկ պարային ժանրով:
Մեր այլ նախագծերը ներառում են “A Million Red Roses or A Woman Who Can Dance,” որը հայտնի ռուսական պոպ աստղ Ալլա Պուգաչևայի կյանքի և արվեստի մասին է:
Մենք ունենք նաև թատերական գործեր, ինչպիսիք են «Խաչատրյանի հեքիաթներ»ը չորս սյուիտից բաղկացած բալետային ներկայացումը՝ որի առաջին մասը՝ «Դիմակահանդեսը» արդեն պատրաստ է։ Մյուս երեքը՝ «Վալենսիայի այրին», «Լիր Արքան» եւ «Մակբեթը» դեռեւս նախապատրաստման փուլում են։ Այս պահին թատրոնը աշխատում է նաեւ “Stonehenge, Why? ‘Because» ներկայացման բեմադրության վրա , որը կազմված է Բիթլզի երգացանկի հիման վրա։ Զուգահեռաբար աշխատում ենք նաեւ մի այլ նախագծի վրա՝ “From New York to Las Vegas,” որը ներառում է Ֆրենկ Սինատրայի և Էլվիս Փրեսլիի երգերը, ուսումնասիրելով, թե ինչպես է նրանց գործունեությունը ազդում Ամերիկայի մշակութային գիտակցության վրա։

-Եվրոպայում ծրագրված են ելույթներ միայն Պրահայում եւ Փարիզում։ Եթե Փարիզի պարագան հասկանալի է, նկատի ունենալով ե՛ւ Ազնավուրի երգերի լեզուն, ե՛ւ Ֆրանսիայում իր ճանաչելիության մակարդակը, ապա Չեխիայի պարագայում թերեւս հետաքրքիր կլիներ իմանալ ձեր բացատրությունը։ Ինչո՞ւ Պրահան։
-Մեր ցանկությունն է, որ «Եվս մեկ անգամ՝ Շառլ Ազնավուր» ներկայացումը դառնա համաշխարհային հայտնի արտադրություն: Այդ նպատակի համար մենք պետք է սկսենք շարժում և հենց այդ նպատակով ենք ներկայացումը ամռանը բերում Եվրոպա։ Պրահան ընտրվել է մեր ներկայացումների առաջին քաղաքը, քանի որ այն պատմականորեն եղել է Եվրոպայի սիրտը: Իմ կարծիքով, դա միանշանակ ամենանշանակալից քաղաքներից մեկն է, մեծապես անծանոթ մնացած օտար ազդեցություններից, ինչի շնորհիվ գեղեցիկ արվեստը և երաժշտությունը կարող են զարգանալ իրենց ամենամաքուր ձևով: Արվեստի աշխարհում հայտնի է, որ եթե կարող եք հաջողություն ունենալ Պրահայում, կարող եք հաջողություն ունենալ Եվրոպայի ցանկացած վայրում: Հույս ունեմ, որ մեր ներկայացումը լավ կընդունվի և կսիրվի Չեխիայի Հանրապետության քաղաքացիների, այդ գեղեցիկ քաղաքը այցելող զբոսաշրջիկների և այնտեղ բնակվող հայերի կողմից:

–Ի՞նչով կոգեւորեք մեր ընթերցողներին, որպեսզի նրանք անպայման գան այս ներկայացմանը։
-Մինչեւ հիմա ներկայացումը դիտած հանդիսատեսը մեծ հիացմունք է հայտնել: Ազնավուրի երաժշտությունը կրթական, լուսավորող և բարձրացնող է շատ առումներով: Սակայն, այն տեսողական մակարդակով վերապրելը, ավելացնում է լրացուցիչ իմաստային շերտ: Պարարվեստի տարրեր ներառելով և նրա երգերում արտահայտվող հիմնական արժեքները հարգելով՝ ներկայացումը ստեղծում է իսկապես հարուստ ընկալում: Հանդիսատեսը, անշուշտ, ներկայացումը կլքի ուրախ, բարձր տրամադրությամբ, նոր ցանկությամբ՝ լսելու և հասկանալու Ազնավուրի երաժշտությունը: Նրանք այս ներկայացումից կվերցնեն ամենակարևոր պատգամը. որ մարդը պետք է ապրի սիրով լի կյանքով և ձգտի ստեղծել այնպիսի կյանք, որը կցանկանար կրկնել, եթե նորից ծնվելու հնարավորություն ունենար:
Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը





Տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով՝ Once Again: Aznavour | Facebook
Ամրագրում՝ Charles Aznavour Tickets – Once Again Charles Aznavour Tickets
orer.eu



