«Գյուրջիև» անսամբլը Կոմիտասի երաժշտությունը կներկայացնի Գերմանիայի համաշխարհային խոշոր դաշնամուրային փառատոնում

  • 03.06.2025
  • 0
  • 2816 Views

Հունիսի 4-ին Գերմանիայի Էսեն քաղաքում՝ աշխարհի ամենահեղինակավոր դաշնամուրային «Ruhr Klavier Festival» փառատոնում, որտեղ ելույթ են ունենալու այնպիսի համաշխարհային մեծություններ,ինչպիսիք են Յուջա Վանգը, Մարթա Արգելիխը, Անդրեաս Շիֆը,Եվգենի Կիսինը և այլոք ,ելույթ կունենա նաև «Գյուրջիև» անսամբլը Կիրիլ Գերշտեյնի հետ համատեղ։ Այս փառատոնի շրջանակում Կիրիլ Գերշտեյնը կկատարի Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի դաշնամուրային «7 պարերը»։

«Գյուրջիև» անսամբլը նույն համերգին կներկայացնի Կոմիտասի «7 պարերը», «Մշո շորոր» ստեղծագործությունները ժողովրդական գործիքներով, անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի փոխադրմամբ։ Այս համատեղ կատարումը դառնալու է յուրահատուկ երաժշտական իրադարձություն՝ միավորելով հայ ազգային մշակույթի բարձր արժեքները և համաշխարհային դաշնամուրային արվեստի լավագույն ավանդույթները, որում Կոմիտասը բարձրաձայնվում է նոր ուժով և ընդգծում իր կարևորությունը համաշխարհային մշակութային տարածքում։

2025 թվականը «Գյուրջիև» անսամբլի համար առանձնահատուկ տարի է՝ հագեցած ստեղծագործական ձեռքբերումներով և ոգեշնչող երաժշտական ճանապարհներով։Գերմանական հանրահայտ ECM Records-ի թողարկած երրորդ` «Զարթիր» ալբոմի ծրագրով, որն ընդգրկում է Սայաթ-Նովայի, Բաղդասար Դպիրի, Աշուղ Ջիվանու և Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունները, անսամբլը հանդես է եկել մի շարք հեղինակավոր բեմերում՝ Գերմանիայի Բուլեզ սրահում, Ֆրանսիայում, Բելգիայիում, Լեհաստանում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Անգլիայում, Հունաստանում։

Գերմանիայից հետո անսամբլը հունիսի 28–29 – ին ելույթ կունենա Չինաստանում և այս համերգաշրջանը կեզրափակի Հայաստանում՝ Գյումրիում՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք ելույթով։

Ալբոմը և համերգաշարերը շարունակում են արժանանալ միջազգային մամուլի բարձր գնահատանքին։ “Songlines Magazine”-ը գրում է․ «Անսամբլը նոր շունչ է հաղորդում հայկական երաժշտությանը, որն հավաքագրվել է 20-րդ դարի սկզբին։ Սա երաժշտական հնագիտական և վերականգնման բացառիկ աշխատանք է»։

The Guardian, BBC, Songlines, The Independent և այլ հեղինակավոր պարբերականներ շեշտում են անսամբլի կատարողական բարձր որակը , հայկական ավանդական գործիքների ազնիվ ու խորհրդավոր հնչողությունը և անսամբլի մշակութային առաքելության խորությունը։

«Գյուրջիև Անսամբլը» հանդես է եկել աշխարհի 30-ից ավելի երկրներում, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում